Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՎԵԼ

Մայիս 20,2004 00:00

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՎԵԼ Զրույց Հրանտ Բագրատյանի հետ Սկիզբը՝ նախորդ համարում: – Ի՞նչ ուղղությամբ, Ձեր կարծիքով, պետք է զարգանա քաղաքականությունը: – Մենք գյուղացիական տնտեսությունների համար սահմանեցինք միայն հողի հարկը, այլ հարկեր գոյություն չունեն: Գյուղատնտեսության այս բաժինը, որ, այսպես կոչված, հողի հարկն է, մաքուր արտադրութունից եկած հարկերի ընդամենը 0.7-1.5 տոկոսն է կազմում: Սակայն խոշոր գյուղացիական տնտեսությունները (1000-2000 հա), որոնք այսօր ստեղծվում են եկամուտներ ստանալու համար, իրավունք չունեն թաքնվելու այս օրենքի տակ, նրանք պետք է հարկվեն սովորական ռեժիմով: Իսկ դա նշանակում է՝ 7-10 անգամ ավելացնել նրանց հարկային ծանրաբեռնվածությունը: Ես չեմ պնդում, որ հենց վաղը դա կատարվի, բայց եթե ուզում ենք, որ գյուղատնտեսությունը զարգանա օպտիմալ կերպով, ապա վաղուց ի վեր պետությունը գյուղատնտեսության համար պետք է կիրարկած լիներ որոշակի սանդղակ: Շատ խոշորները, որոնք ամբողջովին հիմնված են վարձու աշխատանքի վրա, պետք է սովորական ձեւով բերվեն հարկման մեխանիզմի։ Այս դեպքում վերանում է նաեւ հարկման անհնարինության հարցը, ինչն առկա է փոքր տնտեսություններում, որտեղ նույնանում են աշխատավարձ, շահույթ եւ եկամուտ հասկացությունները (այս պատճառով փոքր տնտեսությունները սովորական մեխանիզմով հարկել, կնշանակի՝ կազմալուծել դրանք): Այսօրվա վիճակով նույնիսկ այդ կրճատված վճարումները սիստեմատիկաբար հաջողվում է ստանալ տնտեսությունների 45 տոկոսից: Մոտ 30 տոկոսը մասամբ է վճարում, եւ ունենք եւս 25 տոկոս, որն ընդհանրապես հողի հարկը չի վճարում: Սա խոսում է այն մասին, որ պետությունն ինքը գնում է խոշոր հողատիրության, որպեսզի գոնե հողի հարկը ստանա, չնայած այս դեպքում արդեն պետությունը ոչ միայն հողի հարկը պիտի ստանա, այլ նաեւ՝ եկամտի: Եթե 1995 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքի 96 տոկոսը արտադրվել է մանր գյուղացիական տնտեսությունների կողմից, այսօր այն իջել է 75-ի: Այսինքն, հակառակ իշխանությունների այն հայտարարություններին, թե կրճատում են տարբերությունը հարուստների եւ աղքատների միջեւ, ինչպես տեսնում եք՝ այստեղ եւս այդ տարբերությունը մեծանում է: – Դա տարվող ագրարային քաղաքականության հետեւա՞նքն է։ – Ագրարային քաղաքականությունը որպես այդպիսին մեզ մոտ դեռեւս ձեւակերպված չէ: Դրա պատասխանատուները հիմնականում գյուղնախարարությունը եւ մարզպետարանների գյուղբաժիններն են: Իրենց աշխատանքը նրանք հաճույքով դարձնում են քաղաքական շահարկման առարկա: Ասենք, մի քանի տոննա սերմացու են բերել բաժանել, ամբողջ օրը գովազդում են հեռուստացույցով՝ որպես սխրանքի վկայություն (ի դեպ, եթե ստացել է, ապա բաժանելը դա նրա պաշտոնեական պարտականությունն է): Իսկ վերջին շրջանում տեսնում ենք, որ կոալիցիոն սկզբունքներով կառավարություն ձեւավորելիս ոլորտը նույնիսկ դառնում է այս կամ այն կուսակցության առանձնաշնորհը: Անշուշտ, օգնությունն արժանի է գնահատանքի, բայց, ինչպես ասում են՝ օգնությունը օգնությանը հակառակ է: Պետության, չինովնիկների կողմից սերմացուի, պարարտանյութերի, ագրոմեքենաների, թունաքիմիկատների մշտական վերահսկողությունը հանգեցրել է նրան, որ ըստ էության պետությունը թույլ չի տալիս, որ այստեղ շուկան ձեւավորվի: Մի կողմից իբր թե պետությունը կարողանում է դրանով վերահսկել գները, մյուս կողմից՝ վերջիններս կայուն ձեւով միայն բարձրանում են: Լավ չէ, երբ նախ մերկացնում ենք գյուղացուն ու հետո ստիպում ենք, որ մեզ շնորհակալություն հայտնի մի երկու քուրջուփալասի համար՝ նվազագույն մերկությունը ծածկելու: Օրինակ, մի կողմից ակցիզային հարկ դրվեց դիզվառելիքի վրա, բյուջեում լրացուցիչ ստանալով 5-6 միլիարդ, հետո եթե մի 50 մլն դրամի սերմացու ենք տալիս գյուղացիներին՝ պրոպագանդում ենք աշխարհով մեկ: Բայց չէ որ այդ լրացուցիչ միլիարդները այսպես թե այնպես գյուղացին է վճարում, որի տարբերությունը մնում է պետությանը: 172 Եվ մենք հետեւողական աճի տեմպեր ենք արձանագրում… 172 Այսօր գյուղատնտեսության պատասխանատուները մրցակցում են՝ ով ավելի մեծ աճ ցույց կտա: Բանը հասնում է նրան, որ մենք լուրջ աճ ենք գրանցում, երբ մշակովի բուսաբուծության 70 տոկոսը ցրտահարվել էր: Ակամա տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի գյուղատնտեսության հետագա աճը ապահովելու համար պետք է, որ մեզ մոտ եւս մի ցրտահարություն լինի: Առանձին գյուղեր մինչեւ հինգից տասն անգամ ավելի թվեր են ներկայացնում: Ներկայացված աճերը երբ պարզ գումարում ենք, այսօր մեր գյուղատնտեսության թվական տվյալները սովետական շրջանը գերազանցում են մեկուկես անգամ։ Եթե նկատի ունենանք, որ բնակչությունն էլ, միայն ըստ պաշտոնական տվյալների, նվազել է 33 տոկոսով, ստացվում է, որ մեկ շնչին ընկնող գյուղատնտեսական մթերքների արտադրությունը այսօրվա Հայաստանում երկու անգամ գերազանցում է 1990 թվականինը: Այսինքն, ընդհուպ մոտենում է եվրոպական մակարդակին, ասենք՝ Պորտուգալիային: Եվ պատահական չէ, որ չորս-հինգ տարին մեկ վիճվարչությունը ստիպված է լինում գյուղատնտեսական համախառն արտադրանքի վերագնահատում կատարել, որպեսզի մի կերպ տակից դուրս գան: 172 Իսկ դրական զարգացում չկա՞։ 172 Լ ուրջ աշխատանք է տարվել ոռոգման մոդուլ գտնելու համար։ Ընդունված է ջրային օրենսգիրք, հիմնականում ոչ վատ, մի շարք այլ օրենքներ։ Սա շատ բարդ ոլորտ է, եւ, անշուշտ, պետությունը վերջին երեք172չորս տարիների ընթացքում գտնվում է պրպտումների մեջ։ Պետք է այնպես անել, որ գյուղացին ինքը կազմակերպի եւ իրականացնի իր ջրօգտագործման գործառույթները, այսինքն, ջրօգտագործողների միությունների հիմնադիրները պետք է լինեն եւ այն ղեկավարեն բացառապես այդ ոռոգումից օգտվող գյուղացիները։ Այս դեպքում գյուղացին ստիպված պետք է լինի բողոքել ինքն իրենից։ Թե չէ բերում ենք Երեւանից մի բարեկամի դնում ջրօգտագործողների միության նախագահ, նա էլ մտածում է, որ վաղ թե ուշ գնալու է, սկսում է իր հարցերը լուծել… Մյուս սխալն այն է, որ պետությունը համառորեն փորձում է կարգավորել ջրի տարիֆը։ Լավագույն դեպքում պետությունը պետք է որոշի միայն, այսպես կոչված, առաջնային ցանցերում ջրի տեղափոխման ծախսը, որտեղ մենաշնորհ է։ Վերջնական գինը պետք է ձեւավորվի շուկայականորեն։ Իսկ ամենահուսադրողն այն է, որ գյուղացին աստիճանաբար յուրացնում է սեփականատիրոջ զգացումը։ Դա նրան անպայման բարեկեցության է բերելու, դրա հետ եւ պետությանը։ Պետք է շատ զգուշանալ, որ բուծվող բյուրոկրատիան այստեղ պրոկրուստյան մահիճի իրավիճակներ չստեղծի։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել