Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խորհրդարանական մակարդակով

Մայիս 20,2004 00:00

Խորհրդարանական մակարդակով Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների նախագահների անդրանիկ հանդիպումը Երեկ ԵԽ ԽՎ-ում ԵԽ անդամ երկրների խորհրդարանների նախագահների կոնֆերանսն ավարտեց իր աշխատանքները: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց հայաստանցի լրագրողների հարցերին: Մենք հետաքրքրվեցինք, թե ե՞րբ է ստորագրվելու կովկասյան կայունության պակտը, եւ դա ի՞նչ կտա Հայաստանին: Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Կարեւոր եմ համարում կովկասյան կայունության պակտի ստորագրումը: Հարավ-կովկասյան երկրների խորհրդարանական ասամբլեայի ստեղծման ուղղությամբ ձեռք բերած նախնական համաձայնությունները, նաեւ այն, որ մեր առաջարկությամբ ընդունվեց եւ առաջիկայում հասարակական կազմակերպությունների, լրագրողների, խորհրդարանականների, նաեւ գործադիր իշխանության շրջանակներում քառակողմ հանդիպումները կշարունակվեն եւ այդ կապակցությամբ կստեղծվի ծրագիր՝ տարածաշրջանային երկրների միջեւ երկխոսությունը զարգացնելու համար: Հայաստանը եւ ԵԱՀԿ-ն կմշակեն համագործակցության հատուկ ծրագիր, որը հուլիսի 6-8-ը կհաստատվի Էդինբուրգում: Դա մեզ հնարավորություն կտա Հայաստանին հուզող բազմաթիվ խնդիրները ԵԱՀԿ-ի պես կառույցում առաջ տանելու»: Անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բյուլենդ Առինջի հետ հանդիպմանը, որն առաջինն էր երկու երկրների պատմության մեջ, պրն Բաղդասարյանը նշեց. «Հանդիպման ժամանակ քննարկվեցին 5 հիմնական խնդիրներ՝ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը, դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը, ԼՂ հարցում Թուրքիայի դիրքորոշումը, Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրականացվող քայլերը, հայ-թուրքական երկխոսությունը զարգացնելու անհրաժեշտությունը: Հայ-թուրքական հանդիպումը տեւեց 1,5 ժամ: Ղարաբաղի հարցում ՀՀ-ն ակնկալում է, որ Թուրքիան չի ցուցաբերի կողմնակալ մոտեցում: Թուրքիայի խորհրդարանի նախագահի կողմից նման պատրաստակամություն արտահայտվեց, ինչը շատ կարեւոր է: Իհարկե նրանք շարունակեցին պնդել Ցեղասպանությունը չընդունող իրենց մոտեցումը, բայց մեր դիրքորոշումը այս հարցում հաստատակամ է: 1,5 մլն մարդկանց հիշատակը պետք է հարգվի եւ պետք է կատարվի փոխհատուցում: Ի պաստասխան մեր այս հարցադրմանը, Թուրքիայի խորհրդարանի նախագահն ասաց, որ կողմնակից են հարցի քննարկմանը, բայց չեն ընդունում տերմինը: Այդ մոտեցումը մեզ համար ընդունելի չէ, բայց կարեւոր է, որ կա քննարկումների պատրաստակամություն: Իսկ եթե խոսքը գնում է հարաբերությունները բարելավելու մասին, ապա պետք է խոսքից անցնել գործի, եւ այս դեպքում կկարողանանք ե՛ւ Ցեղասպանության, ե՛ւ սահմանների բացման, ե՛ւ դիվանագիտական հարաբերությունների հարցերը կետ առ կետ քննարկել: Ես դրական եմ գնահատում այս հանդիպումը եւ կարծում եմ, որ այն պետք է շարունակություն ստանա»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ, Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել