Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌԴ-Ի ՀԱՄԱՐ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԹԵ ՈՎ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

Մայիս 20,2004 00:00

ՌԴ-Ի ՀԱՄԱՐ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԹԵ ՈՎ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ «Խնդիրն անձերի մեջ չէ»,- ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Ժամանակին արձագանքելով Բաթում-Թբիլիսի ծայրաստիճան լարված հարաբերությունների խաղաղ հանգուցալուծմանը, որը տեղի ունեցավ Ասլան Աբաշիձեի՝ Ռուսաստանում ապաստան գտնելուց հետո, հայաստանյան որոշ քաղաքագետներ, նաեւ մամուլը, այն որակեցին որպես՝ տարածաշրջանում տեղի ունեցած որակական փոփոխություն: Ինչպես է գնահատում նույն իրադարձությունները «Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի» փոխտնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: – Պարոն Իսկանդարյան, Ձեր կարծիքով, որքանով է որակական այն փոփոխությունը, որը տեղի ունեցավ Աջարիայում Աբաշիձեի պաշտոնանկությունից հետո՝ նկատի ունենալով նախ այն, որ, ըստ էության, ստեղծված լարվածությունը հանգուցալուծվեց հօգուտ վրացական ժողովրդավարական ուժերի, ապա նաեւ այն, որ դրանից հետո Վրաստանը փաստացի արդեն կատարելապես է տիրապետում Վրաստանի տարածքով անցնող եւ Արեւմուտքն ու Արեւելքը կապող հաղորդակցական ուղիներին: – Այն, ինչ տեղի ունեցավ Աջարիայում,էքսպանսիայի կամ՝ «Վարդերի հեղափոխության» փաստացի տարածում էր, որն ընդհանուր առմամբ թբիլիսյան երեւույթ է, բայց տարածվեց Բաթումի վրա: Հիմա ակնհայտորեն կստեղծվի նոր տիպի հարաբերություններ Բաթումի եւ Թբիլիսիի միջեւ, ինչը՝ բավականին նշանակալից իրադարձություն է: Մյուս կողմից, ինչ կատարվել է Թբիլիսիում ժողովրդավարության հետ որեւէ առնչություն չունի: Ընդհանուր առմամբ դժվար է ժողովրդավարական անվանել այն ռեժիմը, որն ընտրություններում հաղթեց «թուքմենական» տոկոսներով: Հարավային Օսեթիայում, եթե չեմ սխալվում, Սահակաշվիլու օգտին նկարվել է մոտ 70 տոկոս քվե, թեեւ Հարավային Օսեթիայի փորձագետներն ասում են, որ իրականում այդ ձայները 7 տոկոսի կարգի են եղել: Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում իշխանափոխությունից հետո, նկատի ունեմ մարդկանց պատանդ վերցնելու զանգվածային երեւույթը, ոչ ոք ժողովրդավարական անվանել չի կարող: Այդ իմաստով ամենահայտնին Ջորդանաձեի օրինակն է. մարդը բանտում նստած գրություն է գրում, թե՝ Վրաստանի պետությանը կամավոր նվիրում է 15,5 միլիոն դոլար: Պարզ է չէ՞, որ եթե «Առավոտի» լրագրողին էլ դանակով ահաբեկեն նա էլ իր դրամապանակը կամավոր կտա ահաբեկողին: Խոսքը ոչ թե ժողովրդավարության, այլ՝ Վրաստանի զարգացման երկու միանգամայն տարբեր կոնցեպցիաների մասին է, ինչ-որ ինտրիգի մասին, որի էությունը էլիտային մոլորեցնելու, գնելու մեջ է: Աջարիայում դուրս բերեցին ընդամենը մի մարդու՝ իր ընտանիքով եւ շան հետ միասին: Մինչդեռ աջարական համակարգը մնաց: Այդ համակարգում կփոխվեն մարդիկ, բայց համակարգը պահպանվելու է ոչ միայն Աջարիայում, այլեւ ամբողջ Վրաստանում: – Իսկ ՌԴ-ն ունե՞ր մեխանիզմներ կամ ռեսուրսներ՝ Աջարիան պահելու կամ Աբաշիձեի պաշտոնանկությունը թույլ չտալու համար: – ՌԴ-ն այնտեղ ռազմաբազա ունի, իսկ Վրաստանը ի զորու չէր լինի հարձակվել այն տարածքի վրա, որտեղ տեղակայված է ռուսական բազան: Համապատասխանաբար, եթե ռուսները Աբաշիձեին խորհուրդ տային դիրքերը չզիջել, ապա՝ նա չէր հանձնվի: Նա կհանձնվեր միակ պայմանի դեպքում՝ եթե նրան ռուսները հանձնեին, կամ՝ ստիպեին դա անել: – Իսկ ի՞նչ կարող էր անել ՌԴ-ն: Իր բազաները օգտագործել այլ երկրի գործերի միջամտության համա՞ր: Ասենք՝ Աբաշիձեն լսեց ռուսների խորհուրդն ու չհանձնվեց: Հետո՞: Ի՞նչ տեղի կունենար հետո: – Աբաշիձեն տեղի չէր տա: Դժվար թե ՌԴ-ն հնարավորություն ունենար ուղղակիորեն միջամտել, բայց եթե Աբաշիձեն հնարավորություն ունենար Աջարիայում օգտագործել իր ոստիկանությունը, ինչպես նա կարող էր օգտագործել, ապա՝ ամեն ինչ նորմալ կլիներ: Բաթումը Թբիլիսի չէր, որտեղ Շեւարդնաձեն պարզապես չէր կարողանում հրամաններ տալ: Վրաստանում իշխանության վակուում էր, Աջարիայում նման բան չկար: Այլ խնդիր է, որ տնտեսական տեսնակյունից Աբաշիձեն բացարձակապես կախված էր Վրաստանից: Կատարյալ շրջափակման պայմաններում Աջարիայում այն աստիճան լարվածություն կստեղծվեր, որին Աջարիան դժվար թե դիմակայեր, առավել եւս, որ Աջարիայի բնակիչները նույն վրացիներն են: Ես չեմ սպասում ձեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ռուսները դա արեցին: Այստեղ երկու պատճառ կարող է լինել, որոնցից մեկը քիչ հավանական է. դա ռուսական տարբեր քաղաքական գործիչների անհամաձայնեցվածության արդյունք կարող էր լինել՝ ՊՆ-ԱԳՆ-նախագահի աշխատակազմ, վառելիքաէներգետիկ համակարգ եւ այլն, որոնք կենտրոնացված չեն աշխատել: Կամ՝ ՌԴ-ին ստիպել են դա անել, կամ՝ առել են ինչ-որ կերպ, միանգամայն այլ տեղում, որը մենք չենք էլ պատկերացնում. ասենք՝ տնտեսության ոլորտում. նավթի գներ կամ՝ այլ բան: Բայց բոլոր դեպքերում հասկանալի է, որ ինչ-որ բան տեղի է ունեցել եւ տեղի է ունեցել Մոսկվայում, Թբիլիսիում, կամ՝ Բաթումում: – Ըստ Ձեզ, որքանո՞վ է կարողանում ՌԴ-ն ազդել տարածաշրջանի պետությունների ներքաղաքական պրոցեսների վրա, կամ՝ որքանո՞վ է հակված ազդեցություն ունենալ: – ՌԴ-ն, ի դեպ, ինչպես նաեւ ԱՄՆ-ն, իրենց պահում են ինչպես Աստված: Նրանք օգնում են նրանց, ովքեր իրենք են կարողանում իրենց օգնել: Այն պահին, երբ դատելով այն բանից, որ հայաստանյան ընդդիմությունն ինքն իրեն այս փուլում չկարողացավ օգնել՝ որեւէ լուրջ միջամտություն ՌԴ կողմից չի լինի: ՌԴ-ն ՀՀ նախագահի պաշտոնում ոչ մեկին «չի դնի» եւ ոչ այն պատճառով, որ դա հնարավոր չէ անել, թեւեւ անելն էլ դժվար կլինի, այլ այն պատճառով, որ մեծ հաշվով ՀՀ արտաքին քաղաքականությունը, ՀՀ հարաբերությունները ՌԴ-ի հետ պայմանավորված են օբեկտիվ հանգամանքներով: Հարցը ՀՀ պարագայում անձնավորված չէ եւ, եթե Քոչարյանին փոխարինի մեկ այլ անձ, ՀՀ արտաքին քաղաքականությունը դրանից արմատապես չի փոխվի եւ այդ անձի վրա ճնշումներ գործադրելու համար ՌԴ-ն ճիշտ այնքան հնարավորություններ կունենա, որքան Քոչարյանի վրա ունի: Այն ինչ ասվում է Քոչարյանի, կամ՝ ընդդիմության կողմից՝ որեւէ նշանակություն չունի: Ուստի՝ տեղեկությունները, թե ՌԴ-ն շատ լրջորեն մտահոգված է ՀՀ-ում կատարվող իրադարձություններով՝ չափազանցություն է: ՌԴ-ն իրականում շատ մտահոգված է այլ բաներով, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում: Նույնը կարելի է ասել նաեւ Արեւմուտքի վերաբերյալ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել