Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԿՐՏՈՒՄՅԱՆՆ ԷԼ ՄԵՂԱԴՐԵՑ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ

Մայիս 19,2004 00:00

ՄԿՐՏՈՒՄՅԱՆՆ ԷԼ ՄԵՂԱԴՐԵՑ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ «Փոխհրաձգությունը» շարունակվում է Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի տնօրեն Ալբերտ Մկրտչյանի նախորդ օրը արած հայտարարություններին պատասխանելու նպատակով երեկ ասուլիս էր հրավիրել «Մշակույթ» ԾԻԳ-ի ղեկավար Գագիկ Մկրտումյանը: Հիշեցնենք, որ պրն Մկրտչյանը դժգոհել էր «ԼԻՆՍԻ» հիմնադրամի միջոցներով վերանորոգված թատրոնի անմխիթար վիճակից: Նա մասնավորապես նշել էր, որ 28 տեղից կաթում է տանիքը, պատուհանները ձայնամեկուսիչ չեն, կաղնե դռան փոխարեն փայտի վրա «լամինանտ» է փակցված, անսարք վիճակում են ջրատաքացուցիչները եւ այլն: Ըստ Ալբերտ Մկրտչյանի՝ շինարարական աշխատանքների ձգձգման պատճառով իրենք չեն կարողացել ներկայացումներ բեմադրել: Գագիկ Մկրտումյանը, սակայն, չէր ընդունում թատրոնում կատարված աշխատանքի վերաբերյալ Ա. Մկրտչյանի դժգոհությունները: Ավելին, նա էլ իր հերթին մեղադրում էր թատրոնի տնօրենին՝ «ինչ-որ պատվեր կատարելու մեջ, որովհետեւ Ալբերտ Մկրտչյանին ձեռնտու է աշխատանքների ձգձգվելը»: Պրն Մկրտումյանին հիշեցրինք, որ պատվեր կատարելու մեջ նա ժամանակին մեղադրել է նաեւ Կամերային երաժշտության տան վերանորոգումից դժգոհ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանին, «Արամ Խաչատրյան» համերգասրահի վիճակից գոհ չէր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, մի՞թե բոլորը պատվեր են կատարում: Հարցի՝ Ա. Ղարաբեկյանին վերաբերող մասի առնչությամբ «Մշակույթ» ԾԻԳ-ի ղեկավարն ընդամենը ժպտաց: Իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահի մասին ասաց. «Ողջ դահլիճի հատակի տակ կոմունիկացիաներ են, ես Էդիկին միշտ էլ ասել եմ, որ հատակը քանդել չի լինի, դրա համար էլ կավրոլիտով ենք պատել»: «Մինչեւ հիմա չի եղել այնպիսի կառույց, որ այդ աստիճան քայքայված ու աղբանոցի վերածված լիներ: Հարակից տարածքի բնակիչները ինքնաշեն կառույցներ էին կառուցել «Մհեր Մկրտչյան» թատրոնի շենքին կից, էլ չեմ խոսում էն մասին, որ անգամ մարդ էր բնակվում շենքի մարմնի մեջ եւ հասցրել էր գրանցվել ու դառնալ իր զբաղեցրած տարածքի սեփականատերը… Էդ բոլորը իրա (նկատի ունի Ա. Մկրտչյանին- Գ. Հ.) սարքած ֆոկուսն ա: Բնակիչների երեսից առաջին կապալառուի հետ պայմանագիրը խզվեց, որովհետեւ ամբողջ օրը բանվորների ու բնակիչների միջեւ ծեծ ու ջարդ էր: Ես ինքս 4 անգամ դիմել եմ քաղաքապետին, տասնյակ անգամներ՝ ՆԳ բաժին: Այնինչ, Ալբերտ Մկրտչյանը մեզ խոսք էր տվել 3-4 օրում տարածքը ազատել, շենքը լիարժեք տալ շինարարին: Մենք 13 ամիս տառապել ենք նրա քմահաճույքների պատճառով»,- ասաց Գ. Մկրտումյանը: «Իրան թվում ա, թե շինարարը Չեչնիայի պատանդ ա, ոնց կուզենա, նենց կանի, չնայած իրա բոլոր ցանկությունները կատարվել ա. ինքը ստիպում էր շինարարին փողոցի ծառերը կտրել, լեւի հոսանք քաշել Կենտրոնական բանկից: Հարդարման գույները չէր հավանում՝ խակ տերեւի գույն էր ուզում, քանի անգամ բեմը քանդեցինք-փոխեցինք, երրորդ անգամ դուռն ենք փոխում, քանիցս վերանախագծել ենք էլեկտրաջեռուցումը,- մեղադրանքների շարքը շարունակեց «Մշակույթ» ԾԻԳ-ի տնօրենը,- ռեզերվային լամպ ա ուզում, ռեզերվային ունիտազ, որտեղի՞ց…»: Տեղեկացնենք, որ համաձայն հետաշխատանքային երաշխիքային կարգի, շինարարական կազմակերպությունը պարտավոր է մեկ տարվա ընթացքում իր հաշվին վերացնել շինարարությունից հետո առաջացած թերությունները: Գ. Մկրտումյանի կարծիքով, սակայն, լուրջ թերություններ չկան «Մ. Մկրտչյան» թատրոնում՝ «մի քանի պնդօղակ ա՝ կձգենք, մի քանի ճեղք ա՝ կփակենք»: «Կարող ա տանիքի վրա են բարձրացել, դրա համա՞ր ա վնասվել»,- կարծիք հայտնեց թատրոնի շենքը նորոգած «Լուսածագ» ՍՊԸ-ի տնօրեն Մնացական Շուշանյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել