Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր «ողջույն»՝ Պետդեպից

Մայիս 19,2004 00:00

Նոր «ողջույն»՝ Պետդեպից «Ռոբերտ Քոչարյանը 2003 թ. վերընտրվել է վիճելի ընտրություններում, որոնք մթագնվել էին բազմաթիվ լուրջ խախտումներով: Այդ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»: Սա հատված էր նախօրեին Վաշինգթոնում հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի «Մարդու իրավունքների աջակցում եւ ժողովրդավարություն» զեկույցից: Դրանում նաեւ նշվում է, որ մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը շարունակում է մնալ մտահոգիչ: Ըստ զեկույցի, չնայած արձանագրված որոշ բարելավումներին, հանրապետությունում առկա են լուրջ խնդիրներ: Ի մասնավորի, «անվտանգության ուժերի աշխատակիցները թույլ են տվել մարդու իրավունքների խախտումներ»: Ապա նշվում է, թե հաղորդագրություններ են ստացվել չհիմնավորված ձերբակալությունների եւ կալանումների մասին: Անցկացվել է պատժական համակարգի բարեփոխում, սակայն կալանավորներին պահելու պայմաններն, ընդհանուր առմամբ, մնացել են անբավարար: Գործադիր իշխանությունը ճնշում է գործադրել դատավորների վրա, իսկ որոշ դատավորներ կոռումպացված են (ինչպիսի նրբանկատություն-խմբ): Գործել են ԶԼՄ-ների, հավաքների, կրոնական ազատությունների սահմանափակումներ: Գոյություն ունի կանանց նկատմամբ սոցիալական բռնության եւ մարդկանց առեւտրի երեւույթը, որի լուծման համար կառավարությունը որոշ քայլեր է ձեռնարկել: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բնագավառում ԱՄՆ ռազմավարությունը նախկինի պես կենտրոնացած է այնպիսի հիմնարար հարցերի ուղղությամբ, ինչպիսիք են միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացումը, դինամիկ զարգացող քաղաքացիական հասարակության կայացումը, մարդու իրավունքների եւ օրենքի իշխանության պահպանումը, դատական, իշխանության բարեփոխումը եւ այլն: Որպես աջակցություն այդ ռազմավարությանը ԱՄՆ-ի օգնության ծավալը 2003 թ. կազմել է 22,4 մլն դոլար, որից շուրջ 12,2 մլն դոլարը հատկացվել է ուսուցման եւ ԱՄՆ տարածքում փոխանակության ծրագրերի ֆինանսավորմանը: Հարկ է նկատել, որ ՀՀ-ին վերաբերող՝ ԱՄՆ Պետդեպի փետրվարյան զեկույցից հետո, որում, եթե հիշում եք, արծարծված խնդիրներն ու շեշտադրումները հիմնականում նույնն էին, այս նոր, ըստ էության, շատ ավելի սուր գնահատականներ պարունակող փաստաթուղթն այլեւս վկայում է Հայաստանի իշխանությունների նկատմամբ Միացյալ Նահանգների խիստ որոշակիացած վերաբերմունքի մասին: Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե սա Վաշինգթոնի պատասխանն է Ռ. Քոչարյանի խիստ հաճախակի դարձած մոսկովյան այցերին: Սակայն, վերջին զարգացումները վկայում են, որ Վաշինգթոնում արդեն հակված չեն անտարբեր մնալ ԱՄՆ հետաքրքրությունների առաջնահերթ գոտու վերածված Հարավային Կովկասում, ու մասնավորաբար, Հայաստանում տիրող իրավիճակի նկատմամբ: Ի դեպ, բոլորովին վերջերս այս մասին հայտարարեց նաեւ այցով Մոսկվայում գտնվող՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Կոնդոլիզա Ռայսը: Արձանագրենք նաեւ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն Հայաստանին վերաբերող երկրորդ «սառը ցնցուղն» էր: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել