Ադրբեջանցիները վախեցել են ադրբեջանցիներից
Երեկ Երեւանում մեկնարկեց «Տեղեկատվության եւ գիտելիքների մատչելիությունը՝ որպես կայուն զարգացման արդյունավետ ուղի» տարածաշրջանային երկօրյա սեմինարը, որը կազմակերպել է «Բիոէկոմեդ» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակների աջակցությամբ: Քննարկման հիմնական թեման բնապահպանությունն էր եւ դրան առնչվող խնդիրները:
Տարածաշրջանային գիտաժողովին, սակայն, մասնակցում էին միայն Հայաստանի եւ Վրաստանի բնապահպանները: «Բիոէկոմեդի» ներկայացուցիչ Կարինե Մայիլյանից տեղեկացանք, որ Ադրբեջանին հրավեր է ուղարկվել ԵԱՀԿ մակարդակով, տրվել են նաեւ անվտանգության երաշխիքներ: Վերջիններս, սակայն, հրաժարվել են Հայաստան գալ այն մտավախությունից դրդված, որ տուն վերադարձից հետո խնդիրներ կունենան բոլորի հետ՝ պետական կառույցներ, հարեւաններ, բարեկամներ:
Սեմինարի հավաքվածներին ողջունելով, բոլոր բանախոսներն էլ կարեւորեցին բնապահպանական խնդիրների լուծումը: Ըստ ԵԱՀԿ ներկայացուցչի, բնապահպանական խնդիրները առանցքային հարցեր են քաղաքացիական հասարակության զարգացման համար, ուստի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ստեղծել է էկոլոգիական տեղեկատվության կենտրոն, որն առայժմ տարածք չունի: Բայց նախաձեռնողները հուսով են, որ հարցը շուտով կլուծվի: ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն Կ. Կարագյոզյանն էլ հայտարարեց, թե առանց գիտության երկիրը չի կարող քաղաքակիրթ լինել եւ արձանագրեց, որ մենք այժմ քաղաքակիրթ երկիր չենք՝ «մեր գիտությունը աղետալի վիճակում է»: Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի նախագահ, ակադեմիկոս Հ. Ներսիսյանն էլ կարծում է, որ «մեր կառավարությունում կամ չեն հասկանում, կամ լավ չեն հասկանում տեղեկատվության արժեքը, քանի որ գիտության պետական ֆինանսավորումը չի ենթադրում գիտական տեղեկատվության ձեռքբերման ֆինանսավորում»: Հ. Ներսիսյանը դժգոհեց նաեւ գրադարանների մասին օրենքի չգոյությունից: Նախագիծը քանի տարի Աժ-ում է: Սեմինարի նպատակը իշխանություններին քննադատելը չէ, այլ՝ Հարավային Կովկասում գիտակրթական կառույցների իրազեկության բարձրացումը:
Ա. Զ.