Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ՝ ԻԲՐԵՎ ԳՈՐԾԻՔ

Մայիս 19,2004 00:00

Մի առիթով բուհերում կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելով՝ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, իբրեւ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու մի ձեւ, կարեւորեց ուսանողների շրջանում անցկացվող անանուն հարցումները, որտեղ վերջիններս գնահատում են իրենց դասավանդող դասախոսներին:

Ընդ որում՝ գնահատվում են դասախոսի թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական հատկանիշները: Վերջերս Ռ. Մարտիրոսյանը մեր «որքանո՞վ են օբյեկտիվ եւ անաչառ այդ հարցումները» հարցին ի պատասխան՝ ասաց. «Սոցիոլոգիական անանուն հարցումները, որոնք արվում են, մեզ համար շատ կարեւոր են: Ազնիվ ուսանողները գրում են, որ տվյալ դասախոսը հետաքրքիր չէ, հնացած տվյալներով է կարդում: Ամբիոն կա, որի միջին թվանշանը բարձր չէ: Մասնավոր դասախոսների հարցը քննարկվում է դեկանի, ամբիոնի վարիչի, դասախոսի ներկայությամբ, տրամադրվում են հարցման արդյունքները… դոցենտի եւ այլ պաշտոնները, օրինակ, զբաղեցնում են մրցույթով: Գիտխորհուրդը քննարկում է գործը, որտեղ բնութագրերից մեկը կարող է լինել ուսանողի կարծիքը, որ մի քանի կիսամյակ շարունակ կրկնվել է»: Իբրեւ «հարցումներից տուժած» մի դասախոսի օրինակ էլ բերվեց. «Պատմության ֆակուլտետում մեկը դոցենտի պաշտոնի չանցավ, եւ հետո դարձավ խիստ քաղաքական գործիչ»: Անուններ, բնականաբար, չնշվեցին: Ուսանողության այլախոհ հատվածի հետ մեր անանուն հարցումներն էլ վկայում են, որ այս հարցում ուսխորհուրդները բուհի ղեկավարությանը հարմար արդյունքներ են ապահովում, որոնք հետագայում օգտագործվում են այս կամ այն դասախոսի դեմ: «Եվ հիմնականում տուժում են ոչ կաշառակեր դասախոսները, իսկ կաշառակերների անունները դրսում էլ են թնդում, ինչպե՞ս է, որ ղեկավարությունը դա չի տեսնում եւ հույսը դրել է ուսանողների վրա»,- ասում են նրանք:

Այս թեմայով զրուցեցինք նաեւ ԵՊՀ մաթեմատիկայի ամբիոնի դասախոս Արամ Հարությունյանի հետ: Նախապես նշենք, որ պրն Հարությունյանն այս հարցումներում միշտ բարձր է գնահատվում: Այսուամենայնիվ, նա կարծում է, որ «այս հարցումները միշտ կարող են օգտագործվել որեւէ դասախոսի դեմ՝ ջարդելու համար, փաստերը խեղաթյուրել, եւ ինչու չէ՝ նաեւ նրա օգտին ծառայեցվել»: Հավանաբար տվյալ դասախոսի մասին կարծիք կազմելու համար կարեւոր է ոչ միայն ներսի, այլեւ՝ դրսի գնահատականը: Մեր այս միտքը հաստատեց Ա. Հարությունյանը՝ իբրեւ օրինակ բերելով հանրաճանաչ Լեւոն Ներսիսյանին, ում դասերը լսելու էին գալիս նաեւ այլ բուհերից: «Եվ հետո՝ դասախոսի գնահատականը ուսանողի աչքերից էլ կարելի է տեսնել: Անանուն հարցմանը դեմ եմ. թող ուսանողը կանգնի ու համարձակ ասի, թե ինչից է դժգոհ, եթե իսկապես ինչ-որ բան նկատել է տվյալ դասախոսի կողմից: Մեր երկրում ինչպես ազատ ընտրողի, այնպես էլ՝ ուսանողի խավը չի ձեւավորվել: Ուսանողի, որի համար կարեւորը ոչ թե դիպլոմն ու գնահատականն են, այլ գիտելիքը: Մարդկային ինչպիսի բարձր արժեք պիտի ունենա ուսանողը, որ իրեն ցածր գնահատողի կամ դիպլոմ ստանալուն խոչընդոտող դասախոսի մասին օբյեկտիվ ու բարձր կարծիք հայտնի: Այսօր եթե ուսանողներին ասես՝ դաս չանենք, ես ձեզ ձեր ուզած գնահատականը կդնեմ, նրանք կհամաձայնեն ու քո մասին էլ դրական կարծիք կհայտնեն: Ազատ մտածող խավ չկա նաեւ ուսանողության մեջ: Անհատներ կան, բայց որակ չեն կազմում: Դա գալիս է նաեւ երկրի վիճակից ու ընդունելության քննություններից: Ուսխորհուրդներն էլ գուսանական խմբեր են, որոնց սիրո առարկան ռեկտորներն ու հանրապետության նախագահն են: Նրանք լուրջ հարցեր երբեք չեն քննարկում»: Արամ Հարությունյանը մի հետաքրքիր առաջարկ է անում. «Թող փորձեն քննություններից առաջ եւ հետո նույն ուսանողների շրջանում միեւնույն դասախոսի մասին հարցում իրականացնել, տարբերություն հաստատ կլինի»: Ի վերջո, պրն Հարությունյանի կարծիքով, ուսանողը կարող է կարծիք ունենալ, բայց ոչ թե՝ դասախոսի որակը որոշել:

Առիթն օգտագործելով, Ա. Հարությունյանն անդրադարձավ նաեւ եվրոպական չափանիշներ որդեգրած մեր կրթական համակարգին: Դրա արտահայտման ձեւերից մեկը բուհերում ընթացիկ քննությունների անցկացումն է: «Այստեղից մենք վերցրինք միայն ձեւական մասը», քանզի դրա համար պետք է հատուկ տեստավորման համակարգ, ինչն էլ որոշակի ֆինանսական ծախսերի հետ է կապված: «Հնարավոր չէ ուսանողի գիտելիքները ստուգել այդ ձեւով, որովհետեւ նա կարող է հարցաթերթիկի խնդիրների մեծ մասը լուծել ու մեկ էլ այնպիսի դմբո քայլ անել, որ ապացուցում է, թե այն մնացածը մեխանիկորեն է լուծել: Բայց ցածր գնահատել չես կարող, որովհետեւ փաստացի մեծ մասը լուծված է»: Պրն Հարությունյանը կողմ է բանավոր քննությունների անցկացմանը, ինչն ավելի մեծ հնարավորություն է տալիս մի կողմից ուսանողին՝ լայնորեն արտահայտվելու, մյուս կողմից դասախոսին՝ ճիշտ հասկանալու նրան եւ գնահատելու: «Բանավոր քննությունները գրավորի փոխելով իբր կոռուպցիայի դեմ պայքարի ձեւ էր, բայց դրանից կոռուպցիան չնվազեց, ի վերջո, դասախոսը կարող է երեկոյան զանգել ուսանողին եւ ասել, թե ինչ հարցեր են տրվելու նրան հաջորդ օրվա հարցաթերթիկում»:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել