Դա էին փորձում պարզել ԵԽ անդամ երկրների խորհրդարանների նախագահները
«Քաղաքակրթության եւ պատմության փորձը, հազարամյակների ընթացքում տեղի ունեցած պատերազմներն ու խաղաղությունն ապացուցել են, որ ժողովրդավարությունը որեւէ այլընտրանք չունեցող հեռանկար է, եւ հակաժողովրդական ուժերն, ի վերջո, հեռանում են քաղաքական ասպարեզից»,- երեկ, ելույթ ունենալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
ԵԽ ԽՎ-ում շարունակվող 45 անդամ երկրների խորհրդարանների նախագահների կոնֆերանսին խորհրդարանների նախագահների ելույթների համար նախատեսված էր 5-ական րոպե: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը վիճակահանությամբ 25-րդն էր: Թուրքիայի խորհրդարանի նախագահինը՝ 7-րդը, Ադրբեջանինը՝ 19-րդը: Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը ելույթ ունեցավ ռուսերեն լեզվով: Նա, ժողովրդավարության մասին խոսելիս, երկու անգամ հնչեցրեց իր երկրի նախկին եւ ներկա նախագահների անունները, մոտավորապես այնպես, ինչպես Հեյդար Ալիեւը ժամանակին հիշում էր Լեոնիդ Բրեժնեւի անունը: Արդեն ձեւավորված ավանդույթ է, որ ադրբեջանական պատվիրակությունն, անկախ հանդիպման թեմայից, անպայման անդրադառնում է նաեւ Ղարաբաղի խնդրին: Մ. Ալեսքերովի երեկվա ելույթը նույնպես բացառություն չէր: Գովերգելով ադրբեջանական ժողովրդավարությունը, Ալեսքերովը հասավ նաեւ ղարաբաղյան խնդրին, սակայն հենց այստեղ նրա 5 րոպեն լրացավ, եւ,նախագահողի ազդանշանները հաշվի չառնելով, Ալեսքերովը շարունակեց կատարել իր խնդիրը: Նա դարձյալ խոսեց այն մասին, որ Ադրբեջանն, իր կամքից անկախ է ներքաշվել կոնֆլիկտի մեջ, որի արդյունքում Ադրբեջանի տարածքի 1/5-ը, իբր, գրավված է, որ կան ավելի քան 1 մլն փախստականներ, եւ իբր շարունակվող հակամարտությունը խանգարում է ժողովրդավարական գործընթացներին ոչ միայն Ադրբեջանում, այլեւ ամբողջ Հարավային Կովկասում: Ըստ պարոն Ալեսքերովի, անջատողականության պատճառով Ադրբեջանի տարածքում առաջացել է անօրինական գոտի, որը դարձել է ահաբեկչության ձեւավորման եւ թմրաբիզնեսի կենտրոն: Այսքանից հետո Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահն, այնուամենայնիվ, հույս հայտնեց, որ «կկարողանանք մեր բոլոր խնդիրները լուծել բանակցությունների սեղանի շուրջ, միջազգային իրավունքի սկզբունքով, որի հիմքում տարածքային ամբողջականությունն է»:
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ելույթ ունեցավ ֆրանսերեն լեզվով: Նա մասնավորապես նշեց հետեւյալը. «Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատումը մեր առաջընթացի երաշխավորն է լինելու: Կովկասյան պակտի ստորագրումը եւ դրա վավերացումը՝ հարավկովկասյան խորհրդարանների կողմից, հնարավորություն կտա տարածաշրջանային երկխոսություն եւ համագործակցություն սկսել որակապես նոր մակարդակով: Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ այս գաղափարը խրախուսվում է Եվրոպայի հիմնական քաղաքական ուժերի կողմից, ինչը լավ հիմք է Կովկասում տարածաշրջանային համագործակցության եւ ժողովրդավարության խորացման համար»:
Երեկ ԱԺ նախագահը բազմաթիվ առանձին հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող խնդիրներ: Ի թիվս այլոց, նա հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերին եւ ԵԽ ԽՎ նախագահ Պիտեր Շիդերին: Շվիմերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ ՀՀ ներքաղաքական վիճակին: Նշվեց, որ ընդդիմության հետ սկսվել են քաղաքական բանակցություններ, որոնց միջոցով պետք է լուծվեն խնդիրները: Պարոն Շվիմերն իր հերթին նշեց, թե հավատում է երկխոսությանը, եւ կարծում է, որ ԵԽ ԽՎ վերջին բանաձեւը երկխոսության կայացման խթան դարձավ:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ, Ստրասբուրգ