Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՑԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԸ

Մայիս 19,2004 00:00

ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կատարած աշխատանքային այցը Մոսկվա երկու կողմ ուներ:

Մեկն այն էր, թե ինչպես նրան ընդունեցին ռուսաստանյան պաշտոնյաները՝ այդ թվում՝ ՌԴ նախագահ Պուտինը, մյուսը՝ այցի ընթացքում քննարկված առանձին հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածություններն են: Ի դեպ, այս երկուսը մեր զրուցակիցների գնահատմամբ ուղիղ համեմատական են միմյանց՝ իրենց ցածր մակարդակով:

Իսկ Ռ.Քոչարյանի ընդունելությունը շրջանցում էր նման հանդիպումների արձանագրային ընդունված կանոնները: Դեռ անցյալ շաբաթ վկայակոչելով «Ռոսիյսկայա գազետա» թերթը, հայկական մամուլը շեշտել էր, թե Քոչարյանին Մոսկվայում ընդունել են ոչ որպես ռազմավարական դաշնակից երկրի նախագահի: ՀՀ նախագահին ոչ պատշաճ կարգով ընդունելության մասին տեղեկությունները հերքելով հանդերձ, մասնավորապես «Շանթ» հեռուստաընկերությունն էր, որ անցած շաբաթ ակամա հաստատեց դրանք՝ ցույց տալով Ռ.Քոչարյանին ՌԴ նախագահի՝ Նովո-Օգարյովի առանձնատանը ընդունելության կադրերը: Փաստն այն էր, որ Ռ.Քոչարյանը ՌԴ նախագահի առանձնատան մուտքի մոտ մի քանի րոպե շարունակ սպասել է Վլ.Պուտինի հայտնվելուն, որի ընթացքում ռուսական լրատվամիջոցների օպերատորները նրան խնդրել են մի կողմ քաշվել՝ Պուտինին նկարելուն չխանգարելու համար: Հետո էլ, ըստ մեր աղբյուրների, երբ Վլ.Պուտինը երեւացել է մուտքի դռների արանքում, վերջինիս անվտանգության աշխատակիցներից մեկը հեռվից ձեռքի շարժումով կասեցրել է ՌԴ նախագահին ընդառաջ գնալու Ռ.Քոչարյանի քայլը: «Նույնիսկ նախագահի առանձնատանը տեղի ունեցող հանդիպումները իրենց «պրոտոկոլն» ունեն: Ինչ վերաբերում է Պուտինի ուշանալու հանգամանքին, ապա՝ «պրոտոկոլի» որեւէ խախտումը ցանկացած ժամանակ կարող է բացատրություններ ունենալ, բայց մի բան հստակ է՝ եթե գոյություն ունի «արձանագրային» մաս, դա պետք է պահպանվի, հակառակ տարբերակը բոլոր դեպքերում վերաբերմունքի ցուցադրություն է այդ երկրի նկատմամբ»,- ասաց մեր աղբյուրը:

Ընդունելության մակարդակի չափանիշներից մեկն էլ, ըստ նախկին իշխանություններին հարող շրջանակների, երկու երկրների նախագահների հանդիպումից հետո կազմակերպվող ավանդական ճեպազրույցներն են լրագրողների հետ, ինչը տվյալ դեպքում եւս չի պահպանվել: Այդ մասին երկուշաբթի վկայել էր նաեւ «Նեզավիսիմայա գազետան»՝ «Մամուլին ավանադաբար թույլատրվեց ներկա լինել նախագահների հանդիպման միայն սկզբում: Երկու առաջնորդների հիմնական խոսակցությունը, ինչպես եւ պետք էր ակնկալել, անցավ փակ դռների ետեւում: Ընդ որում՝ բանակցություններից հետո տեղի չունեցավ նույնիսկ նախագահների ավանդական ճեպազրույցը լրագրողների հետ»:

Ռ.Քոչարյանին ոչ պատշաճ մակարդակով ընդունելու վերաբերյալ գնահատակնները ԱԺ ՀԿԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը մեկնաբանեց որպես՝ «միտումնավորություն»: Ըստ նրա՝ «քաղաքական խմորումներ կան, որի ֆոնի վրա մարդիկ փորձում են իրենց տեսակետները հայտնել այդ ձեւով»: Մեր այն հարցին, թե իր կարծիքով, որքանով է նորմալ, երբ ՀՀ նախագահը ստիպված է եղել մի քանի րոպե շարունակ սպասել ՌԴ նախագահի ընդունելությանն արժանանալու համար, Գ.Սահակյանը պատասխանեց. «Դրանք առասպելներ են»:

Ինչ վերաբերում է հանդիպման մյուս մանրամասներին, ապա՝ միակ բանը, որ շատ, թե՝ քիչ հայտնի է, այն է, որ հանդիպման արդյունքում հայկական կողմը «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի եւս 45 տոկոսը համաձայնել է փոխանցել ռուսական «Գազպրոմին»: Ոմանք սա գնահատում են իբրեւ հատուցում՝ Իրան-Հայաստան գազամուղի կառուցման մասին պայմանագրի ստորագրման դիմաց: Այս ծրագիրը, ինչպես «ՆԳ»-ն է նշում. «արժանացել է նաեւ Մոսկվայի առարկություններին: Գազամուղի կառուցումը, որով իրանական գազը կներմուծվի Հայաստան, իսկ հեռանկարում՝ վրացական Փոթիով եւ ուկրաինական Իլյիչեւսկով դեպի Եվրոպա, Ռուսաստանի համար նշանակում է խաչ քաշել եվրոպական շուկայում ռուսական գազի արտահանման մենաշնորհի վրա»:

Հայաստանում հիշյալ գործարքը մասնավորապես «Արմատ» կենտրոնի ներկայացուցիչ Արա Սահակյանն այսպես բնութագրեց. «Հայ-ռուսական հարաբերությունները ներկայիս իշխանությունները պատկերացնում են Ռուսաստանին տրվելու աստիճանով: Որքան ՀՀ իշխանությունները շատ են տալիս, այնքան շատ են ենթադրում ստանալ: Բայց վրիպումը կայանում է հենց նրանում, որ մեծ տերությունները միշտ մտածում են շատ ստանալու եւ քիչ տալու մասին, իսկ փոքր երկրները, ինչպիսին ՀՀ-ն է, ի վերջո, բավարարվում են՝ շատ տալով եւ քիչ ստանալով»: Ըստ Ա.Սահակյանի, «Ռ.Քոչարյանը ՀՀ արտաքին քաղաքականությունը ծառայեցնում է միմիայն ներքին խնդիրներ լուծելու՝ իր իշխանությունը պահպանելու համար»: Իսկ իշխանություն պահելու խնդիր լուծելու համատեքստում, թերեւս, կարելի է հասկանալ, թե ինչու Ռ.Քոչարյանը համակերպվեց եւ իր ստորացուցիչ ընդունելության, եւ հերթական օբյեկտը ՌԴ-ին «հալալ» անելու հարցում: Մինչդեռ Գ.Սահակյանն ընդհանրապես հերքեց, թե նման գործարք է կայացել. «Նման խնդիր չկա, եւ ոչ էլ Քոչարյանի այցը Մոսկվա դրա հետ էր կապված: Չկա ոչ մի բաժնետոմսի վաճառք, առավել եւս՝ դա ներաքաղաքական խնդիրների հետ առնչություն չունի»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել