Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բեռնակրություն՝ հանուն Վերջին զանգի

Մայիս 18,2004 00:00

Բեռնակրություն՝ հանուն Վերջին զանգի 17 տարեկան Արտակը բեռնակրություն է անում Գումի շուկայի մոտ՝ Վերջին զանգի $100-ը մուծելու համար Ամեն ինչ սկսվեց այն օրվանից, երբ հարեւանը խնդրեց օգնել՝ իրերը տեղափոխել: Աշխատանքն ավարտելուց հետո, երբ հարեւանը իմացավ, որ Վերջին զանգի եւ ավարտական երեկոյի համար դպրոցում $100-ական են հավաքում, Արտակին եւ նրա երկու ընկերներին 3000-ական դրամ տվեց: «Մի քանի օր այդ հարեւանին օգնեցինք: Նա էլ մեզ ամեն անգամ փող էր տալիս: Հետո երեխեքով որոշեցինք, որ գոնե այդ 100 դոլարը մենք աշխատենք: Մի օր եկա տուն ու մերոնց ասացի, որ դասերից հետո ընկերներով գնալու ենք աշխատելու: Մայրս ասաց, որ ես փոքր եմ ընտանիքին օգնելու համար, բայց հայրս համաձայնեց»,- պատմում է Արտակը: Հոր համաձայնությունը ավելի ոգեւորեց տղային: Արդեն $30 վճարել էին դպրոցում, երբ հարեւանն ասաց. «Վերջ, էլ գործ չկա»: Տղաները մնացին առանց աշխատանքի: Սկսեցին աշխատանք փնտրել շուկաներում: Այս մտքին արդեն դեմ էր եւ Արտակի հայրը: Մի կերպ համոզեցին նրան, եւ հաջորդ օրն արդեն ընկերներով աշխատում էին շուկայում: Եվ այսպես ամեն օր դասերից հետո տղաները գնում են շուկա: Նրանք արդեն վճարել են Վերջին զանգի համար պահանջված ողջ գումարը: Արտակի ընկերները այլեւս չեն աշխատում, իսկ ինքը որոշել է պարապմունքների վարձի մի մասն էլ հոգալ: Նա երեք առարկա է պարապում՝ բուհ ընդունվելու համար: Ասում է, որ աշխատանքը մի փոքր խանգարում է պարապմունքներին, որովհետեւ գրեթե ամեն օր դասեր ունի: «Բոլոր իմ ծանոթները գիտեն, որ ես աշխատում եմ: Մի քանիսը ասում են, թե կարիք չունես ու աշխատում ես, ամոթ է բեռնակիր աշխատել: Բայց ես չեմ ամաչում: Հիմա բեռնակիր եմ, վաղը տնտեսագետ կլինեմ: Ոչ մի աշխատանք էլ ամոթ չէ: Եթե բոլորն էլ հնարավորության դեպքում աշխատեին, հիմա էս օրին չէինք լինի»,- ասում է Արտակը՝ բանանով լցված արկղը մեքենայից իջեցնելով: ՍՈՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողՀ. Գ. Առաջիկայում կանդրադառնանք Վերջին զանգի, եւ այդ կապակցությամբ իրականացվող դրամահավաքի թեմային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել