Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՀՊԱՆԻՉ ՇԵՐՏ

Մայիս 18,2004 00:00

ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՀՊԱՆԻՉ ՇԵՐՏ Մարդասպանին գժի թուղթ են տվել 2002թ. դեկտեմբերի 5-ին Արգավանդ գյուղում Աշոտ Ասատրյանը սպանեց Արտաշ Մկրտչյանին։ Որսորդական 12 մմ տրամաչափի հրացանից արձակած 2 գնդակներից մեկը դիպավ Մկրտչյանի գլխին, մյուսը՝ կրծքավանդակին։ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում Մասիսի դատավոր Թաթուլ Պողոսյանի ձեռամբ մարդասպանը «գժի թուղթ» ստացավ՝ հայտարարվեց անմեղսունակ։ Տուժողի իրավահաջորդները՝ Մկրտչյանի կինը, որդիները, թոռները զրկվեցին բողոք բերելու իրավունքից, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը նման դեպքերում բողոքարկելու իրավունք չի նախատեսում։ Վերադարձնելով Մկրտչյանների բողոքը, վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը հետեւյալ գրությունն ուղարկեց. «Ձեր բողոքը առանց քննության թողնելը ճիշտ է։ Դուք փաստի եւ պատժի մասով բողոքարկելու իրավունք չունեք։ Եթե գտնում եք, որ նշված հարցերի կապակցությամբ թույլ է տրվել դատական սխալ, ապա դիմեք գլխավոր դատախազին»։ Հիշեցնենք, սակայն, որ սույն անմեղսունակը 1999-ին ընտրվել է շրջխորհրդի պատգամավոր։ Անմեղսունակությունը նրան չէր խանգարում աշխատել ավտոշարասյան պետ։ 1996- 2002 թվականներին եղել է Արարատի մարզի Արգավանդ գյուղի գյուղապետ։ Մասիսի ոստիկանության բաժնից էլ ստացել էր զենք կրելու թույլտվություն, Որսորդմիության անդամ էր։ Ինչպես հայտնի է, որեւէ հոգեգար զենք կրելու թույլտվություն չէր կարող ստանալ, եթե մեկ վայրկյան անգամ կասկածված լիներ անմեղսունակության մեջ։ Ըստ դատահոգեբույժ փորձագետների թիվ 25 եզրակացության, Ասատրյանը տառապում է «Շիզոֆրենիայի պարանոիդ ձեւի ցնորազառանցային համախտանիշ» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ։ Մարդասպանին փրկելու ճիգեր է թափել նախաքննության մարմինը եւս, որը չտեսնելով սպանության ուղղակի դիտավորությունը, չի տեսել հետեւյալ «մանրուքը»։ Սպանությունից ժամ առաջ մարդասպանը եղել է Արգավանդի գործող գյուղապետ Սամվել Նարիբեկյանի աշխատասենյակում՝ հողաբաշխման խնդրով։ Այդտեղ էլ Ասատրյանը հայտնում է, որ մտադիր է սպանել Ա. Մկրտչյանին։ Փակված քրեական գործով գյուղապետը չի անցնում որպես վկա։ «Առավոտին» արգավանդցիները տեղեկացրել են, որ գյուղապետը Ասատրյանի հորեղբոր որդին է։ Տուժողի իրավահաջորդները դիմել են ՀՀ նախագահին եւ գլխավոր դատախազին։ Նախագահին հասցեագրված դիմումի ճակատագիրն անհայտ է, գլխավոր դատախազին ուղարկվածն էլ տեղ է հասել եւ նրա պատիժների, հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ Ն. Ավագյանն էլ այս տարվա ապրիլի 30-ին ուղարկել է տեղեկագիր, սակայն, ցավոք, մի այլ քաղաքացու մասին. «Հայտնվում է, որ Աշոտ Հովիկի Ասատրյանը ներկայումս գտնվում է հարկադրական բուժման մեջ Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի բաժանմունքում։ Իսկ ինչ վերաբերում է բջջային հեռախոսին, Ասատրյանի մոտ բջջային հեռախոս չկա, օգտվում է հիվանդանոցի հեռախոսակապից՝ ընդհանուր հիմունքներով»։ «Առավոտի» տեղեկություններով, իրոք կա Աշոտ Հովիկի Ասատրյանը, սակայն այլ քրեական գործով։ Ահազանգը Աշոտ Խաչիկի Ասատրյանի մասին է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել