Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՎԵՐՈՒՄԻՑ ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՑ

Մայիս 18,2004 00:00

ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՎԵՐՈՒՄԻՑ ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՑ Կարեն Դեմիրճյանի պետական թանգարանի դռան վրա, որը ոստիկանները թալանել ու ավերել էին ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը՝ նորից փակցվել է «ցուցասրահը ձեւավորվում է» ցուցանակը: Կարեն Դեմիրճյանի թանգարանի տնօրեն Վահագն Մամյանի հետ զրույցի ընթացքում փորձեցինք պարզել, թե անցած մեկ ամսում արդյոք կատարվե՞լ է պատճառված վնասի փոխհատուցում: Հիշեցնենք, որ այդ գիշեր ոստիկանները՝ Կենտրոնի ոստիկանապետ Հովիկ Թամամյանի ղեկավարությամբ, թանգարանից տարել էին Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այցելությունները, ելույթները պատկերող 12 տեսաերիզներ, ցիրուցան արել, ոտքերով տրորել նրան ուղղված նամակները, վնասել պատերը, ջարդուփշուր արել գիտաշխատողների սենյակի, ցուցադրությունների բաժնի եւ ընթերցասրահի դռները: Թանգարանը գործում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո, եւ վնասը փոխհատուցելու համար, ինչպես մեզ հայտնեց պրն Մամյանը՝ դիմել էին իրենց վերադասին. «Զեկուցագիր գրեցինք Երեւանի քաղաքապետին, որ դեպքի օրը հասցվել է 570 հազար դրամի վնաս: Նախապես կազմվել էր շինարարներից ու ինժեներներից բաղկացած հանձնաժողով՝ վնասը հաշվարկելու համար: Խնդրեցինք, որ քաղաքապետարանը որոշի վնասի հատուցման կարգը: Երվանդ Զախարյանը հանձնարարեց, որ թանգարանը հասցված վնասը վերականգնի մեզ բյուջեից հատկացված միջոցների հաշվին. չեղան լրացուցիչ գումարներ: Թանգարանի պահպանման համար հատկացված գումարների հաշվին՝ արդեն վերականգնել ենք վնասները: Բայց ես նորից եմ դիմել քաղաքապետին՝ խնդրելով, որ փոխհատուցվեն այդ գումարները»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք վերադարձվե՞լ են առգրավված ցուցանմուշները: Թանգարանի աշխատակիցների պնդմամբ՝ ոստիկանների առգրաված նյութերից շատերը բնօրինակ են: Եվ անհասկանալի է, թե ինչու են դրանք մեկ ամսից ավելի մնացել իրավապահների մոտ: «Արդարություն» դաշինքի դեմ հարուցված գործի համար ի՞նչ էական նշանակություն կարող են ունենալ Կարեն Դեմիրճյանի ընտրարշավային հանդիպումների կամ հարցազրույցների տեսաժապավենները: «Դրանք թանգարանի ու նաեւ պատմության համար ունեն շատ կարեւոր նշանակություն՝ Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը լուսաբանելու, ուսումնասիրելու առումով,- ասաց Վահագն Մամյանը:- Ցուցադրության մեջ պլանավորված էր, որ այդ տեսաերիզները պիտի ցուցադրվեին մոնիտորի վրա: Էլ չեմ ասում այդ ցուցանմուշների արխիվային նշանակության մասին: Բայց ոչ մի տեսաերիզ դեռ չի վերադարձվել»: Հարցրեցինք, թե դիմե՞լ է ոստիկանություն՝ այդ ամենը վերադարձնելու խնդրանքով: «Ես նրանց ի՞նչ դիմեմ: Մեր վերադասին եմ դիմել, որ նաեւ այսպիսի վնաս է հասցված, խնդրում եմ աջակցել դրանք վերականգնելու համար: Թե ինչ են արել քաղաքապետարանում այդ ուղղությամբ՝ տեղյակ չեմ, ինձ չեն իրազեկել՝ արդյոք զբաղվո՞ւմ են այս հարցով»,- ասում է թանգարանի տնօրենը: Ի դեպ, Վահագն Մամյանը նաեւ հայտնեց, որ թանգարանի 28 աշխատակիցներից ընդամենը երեքն են ՀԺԿ անդամներ. «Անգամ ե՛ս ՀԺԿ անդամ չեմ: Այսինքն՝ մենք ՀԺԿ-ի գործունեության հետ ո՛չ մի կապ չունենք: Ուղղակի այդպես է ստացվել, որ մի շենքում ենք: Գուցե կառավարությունը հնարավորություն չի ունեցել թանգարանի համար առանձին շենք հատկացնելու: Բայց անգամ եթե ՀԺԿ-ն տարածք է վարձակալում այս շենքում՝ կառավարության համաձայնությամբ, ոստիկանները պիտի կարողանային տարբերել, թե ո՛ւր են մտնում եւ զերծ մնային թանգարանը եւ այդ մարդու հիշատակը պղծելուց: Մանավանդ որ՝ այստեղ քրեական հանցագործներ չէին թաքնվել, զենք չէր պահված: Կարող էին կապարակնքել շենքը՝ առավոտյան հրավիրել թանգարանի տնօրենին, ընթերականերին ու խուզարկել ինչպես կարգն է, ինչպես դատախազությունն արեց դրանից երկու օր անց: Եվ ոչինչ էլ չգտավ, ինչպես չէին գտել նաեւ այդ գիշեր: Այսինքն՝ ոստիկանության գործողությունները միանշանա՛կ գնահատում ենք իբրեւ ապօրինի»: Թեեւ Կարեն Դեմիրճյանի թանգարանը մշակույթի նախարարության ենթակայության ներքո չէ՝ նախկին նախարարը դեռ ապրիլի 20-ի ասուլիսում էր խոստացել անպայման այցելել, քննարկել կատարվածի հարցը համակարգում: Մեր հարցին՝ թե խոստումը կատարե՞ց, Վահագն Մամյանը պատասխանեց. «Բոլորովի՛ն, չեղավ նույնիսկ բարոյական աջակցություն: Մեր թանգարանի հարցը, չգիտես ինչու, ընդհանրապես չի էլ շոշափվել անցած մեկ ամսում՝ անգամ լրագրողական շրջանակների կողմից: Ես նույնիսկ չեմ ուզում հարցն այդ ձեւով արծարծել, որ սա Հայաստանի ազգային հերոսի, ԱԺ նախկին նախագահի թանգարանն է: Թանգարա՛ն է՝ մեր ազգային ու քաղաքական մշակույթի օջախ»: … Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը կատարվածից մի քանի օր անց նշվեց Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը: ԱԺ նախագահն ու ու կոալիցիոն ուժերի ղեկավարները ծաղիկներ դրեցին խորհրդարանի բակում գտնվող հուշաքարին: ԱԺ շենքում դեռ փակցված է խորհրդարանի եղերականորեն զոհված նախագահ Կարեն Դեմիրճյանի լուսանկարը: Եվ նույն ժամանակ՝ ուղղակի վայրենի մեթոդներով նրա թանգարանն էր ջարդուփշուր արվել ու «Միասնություն» դաշինքի շնորհիվ այսօր էլ իշխանության մեջ գտնվող գործիչներից որեւէ մեկը համարձակություն չունեցավ այդ մասին անգամ ծպտուն հանելու եւ դատապարտելու կատարվածը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել