Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քոնթեքսթից» դուրս

Մայիս 18,2004 00:00

«Քոնթեքսթից» դուրս Վարդան Օսկանյանը գոհ է նախորդ շաբաթ իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ Ստրասբուրգում ունեցած հանդիպումից: Ահա եւ ողջ տեղեկատվությունը, որ հանրությունը կարող է ստանալ այդ հանդիպման մասին: Չմոռանանք հավելել մի կարեւոր դետալ եւս. «հանդիպումն օգտակար էր», «ազատ օրակարգով» եւ իմաստ ունի «շարունակել դրանք»: Վերջ: Մնացածը, ինչպես երեկ կայացած ասուլիսին նշեց արտգործնախարարը, գաղտնի է եւ հրապարակման ենթակա չէ: Փոխարենն, ամենեւին գաղտնի չէ այն, թե հայկական կողմն ինչպես է վարվելու հետագա բանակցությունների ընթացքում: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շարունակվում է վեճն այն մասին, թե ԼՂ խնդրի կարգավորման որ ուղին է պետք ընտրել»,- ասաց Օսկանյանը եւ պնդեց, որ Հայաստանը հետեւողականորեն պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի առաջնահերթ որոշման սկզբունքը: «Բոլոր մնացած հարցերը կարգավիճակի չորոշված լինելու հետեւանք են»,- ասաց արտգործնախարարը: Ինչպես եւ կարելի էր սպասել, Օսկանյանը դարձյալ աչքի ընկավ Հայաստանի ներքաղաքական իրադրության մասին ինքնատիպ դատողություններով: Այսպես. անդրադառնալով Հայաստանին վերաբերող՝ ԵԽ հայտնի բանաձեւին, արտգործնախարարը նշեց, որ դրանում «բացակայում է քոնթեքսթը»: Իսկ այն հետեւյալն է. Օպերայի հրապարակում անցնող խաղաղ ցույցը վերածվել է իշխանությունը բռնի կերպով տապալելու կարգախոսների տակ ընթացող երթի, ինչին էլ հետեւել է «իշխանությունների համարժեք արձագանքը»: Ահա հենց այս խորքային իրողությունն էլ, Ստրասբուրգում ունեցած իր հանդիպումների ժամանակ, փորձել է ըստ պատկանելույն տեղ հասցնել Վարդան Օսկանյանը: Այստեղ ուղղակի չենք կարող չանդրադառնալ ՀՀ-ում ԵԽ ներկայացուցիչ Նատալյա Վուտովայի այն հստակ պարզաբանմանը, որ ԵԽ-ն ունի տեղեկատվության հավաքման եւ մշակման իր սեփական՝ վաղուց փորձված մեթոդները, ուստի Օսկանյանը «քոնթեքսթը» բացատրելու հարցում, թերեւս, իզուր նեղություն է քաշել: Կա՞ն արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ, մանավանդ որ դրանց առկայությունն արդեն ընդունում է անգամ ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Վ. Օսկանյանն, իհարկե, այս հարցի պատասխանը չի կարող տալ, քանի դեռ դատարանը դրանում հստակություն չի մտցրել, իսկ եվրոպական «ռափորթյորները» չեն ասել իրենց կարծիքը: Հիշեցման կարգով ուղղակի նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում ԵԽ շրջանակներում գործող ամեն տեսակ կառույցները, չինովնիկներն ու «ռափորթյորներն» ուղղակի ճղվեցին ՀՀ իշխանություններին «դալբիտ» անելով, որ դադարեցնեն վարչական իրավախախտումների մասին տխրահռչակ՝ վաղուց ի վեր ԵԽ առջեւ ՀՀ ստանձնած պարտավորություններով կասեցված օրենքի կիրառումն ու ազատ արձակեն ցույցերի կալանված մասնակիցներին: ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթաժողովի մասին Վ. Օսկանյանն ընդամենը կրկնեց Ռ. Քոչարյանի՝ Ստամբուլ չմեկնելու մասին օրերս հնչած պաշտոնական հիմնավորումը, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակ, փակ սահմաններ եւ այլն: Հետեւություն՝ 1999 թվականի դեկտեմբերին սահմանը երեւի բաց էր: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել