Մայիսի 16-ին, «Rousso Production»-ի հրավերով առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես եկավ ռուսական էստրադայի աստղ Վալերիան։ Համերգից հետո հրավիրվեց մամուլի ասուլիս։
Տեղեկացնենք, որ Վալերիան (Ալլա Պերֆիլովա) 2001թ. երբ իր կարիերայի գագաթնակետին հասած երգչուհի էր, բաժանվեց ամուսնուց (որը նաեւ իր պրոդյուսերն էր)՝ Շուլգինից եւ միայն 2003թ. ստորագրեց պայմանագիր հայտնի պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի հետ, որը նրա երկրորդ ամուսինն է։
Առաջին անգամ, ընդամենը երկու օր գտնվելով Հայաստանում, ամուսինները հիացմունքի խոսքեր հղեցին ունկնդրի ու համերգի կազմակերպչի հասցեին։ Ինչպես արդեն ընդունված է հայաստանյան պրակտիկայում, որեւէ աստղի մամուլի ասուլիսի ժամանակ, այստեղ էլ հնչեցին փոխադարձ հաճոյախոսություններ։ Դրանց անմիջապես հաջորդած «Առավոտի» հարցին՝ «Դուք այսօր կլինեի՞ք Վալերիա, ասել է թե՝ աստղ, եթե ձեր կողքին չլիներ Իոսիֆ Պրիգոժին պրոդյուսերը եւ ամուսինը», Վալերիան տվեց հակիրճ պատասխան. «Միանշանակ՝ ոչ»։
Լրագրողները հետաքրքրվեցին Ստամբուլում անցկացված «Եվրատեսիլ» ժամանակակից երգի միջազգային մրցույթով։ «Առավոտի» հարցին՝ «Ինչպե՞ս բացատրել Ռուսաստանում աստղ հռչակված երգչուհի Յուլիա Սավիչեւայի անհաջող ելույթը մրցույթում (երգչուհին գրավեց ընդամենը 11-րդ տեղը), պրոդյուսեր Ի. Պրիգոժինը ասաց. «Յուլիան դեռ երիտասարդ է, անփորձ։ Նա ընդամենը «Աստղերի ֆաբրիկայի» արտադրանք է ու դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Անկասկած, շնորհալի է։ Կարծում եմ՝ նրան լավ ապագա է սպասվում»։ Մեր՝ «Այդ դեպքում ինչպես հաղթեց երիտասարդ Ռուսլանան» հարցին պրոդյուսերը պատասխանեց. «Կարճ պատասխան չեմ կարող տալ։ Բավարարվենք միայն, որ «Եվրատեսիլում» հանդես եկող երգիչներին գնահատելու իրավունք ունեցող 36 երկրներ արտահայտվեցին երգչուհու օգտին»։
Պարոն Պրիգոժինը կեսկատակ-կեսլուրջ Հայաստանին «կոչ արեց» հաջորդ տարի վերոհիշյալ հեղինակավոր մրցույթին ներկայացնել մեզ մոտ գործունեություն ծավալած ռուսական էստրադային աստղ Աբրահամ Ռուսոյին։ Ցավոք, պարոն Պրիգոժինի կոչին Հայաստանը չի կարող արձագանքել։ Մեր երկիրը առայժմ իրավունք չունի մասնակցելու «Եվրատեսիլ» մրցույթին, քանի որ Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն EBU կազմակեպության անդամ չեն։ Սակայն այդ ուղղությամբ բանակցությունները սկսված են եւ դրանց բարեհաջող ավարտի դեպքում Հ1-ը այդ կազմակերպության անդամ կդառնա միայն 2008-ին։ «Առավոտը», չթերագնահատելով Ա. Ռուսոյի արվեստը, հարկ համարեց պրոդյուսերին տեղեկացնել 3000-ամյա հայկական մշակույթի ժառանգորդ այսօրվա մեր կատարողների մասին, որոնցից ոմանք մի քանի միջազգային մրցույթների դափնեկիրներ են։ Եվ ռուսական շոու-բիզնես չտեղափոխվելը դեռ չի նշանակում, որ հայկական էստրադան վատթար վիճակում է։
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ