ԵՎրամիության հարավկովկասյան հարցերով հատուկ զեկուցող Պեր Գարտոնը, որը հարավկովկասյան հարցերով հանձնակատարն է, շատ պարզ եւ բացահայտ արտահայտեց Եվրոպայի կարծիքը, որ մինչ Թուրքիան չդառնա Եվրամիության անդամ, հարավկովկասյան պետությունները չեն անդամակցի այդ կառույցին:
Փաստորեն, Եվրոպան մեկ անգամ եւս հասկացնել է տալիս, որ Հայաստանը եւ խորհրդային ճամբարում գտնվող նախկին պետությունները հանդես են գալիս որպես բուֆերային երկրներ միացյալ Եվրոպայի համար: Իսկ բուֆերային երկրների առջեւ պահանջները դրվում են շատ հստակ, կապված թե՛ քաղաքական համակարգի՝ ժողովրդավարություն, մամուլի ազատություն եւ այլն, թե՛ տնտեսական համակարգի՝ օրենքների համապատասխանեցում ազատական եվրոպական չափանիշներին, ատոմակայանի փակում, փոխարինում այն արեւի էներգիայով եւ այլն: Հայաստանը եւ նմանատիպ պետությունները, որոնք բուֆերային դեր պետք է կատարեն միացյալ Եվրոպայի համար, հաստատում է Եվրամիության միասնական շուկայի հանձնակատար հոլանդացի Ֆրից Բոլկենշթայնը, բրիտանական «Ֆայնենշլ թայմս» թերթին տված հարցազրույցում.
«Եվրոպան պետք է բուֆերային պետություններով իրեն պաշտպանի Սիրիայից, Իրանից, Իրաքից եւ Ռուսաստանից» կամ մեկ ուրիշ միտք. «բուֆերային պետություններին ոչ մի դեպքում չի կարելի ընդունել Եվրամիություն կամ եթե ընդունվեն էլ, միեւնույն է, այդ երկրների դերակատարությունը լինելու է բուֆերային»: Եթե հաշվի առնենք վերջերս 10 արեւելաեվրոպական պետությունների Եվրամիության անդամ դառնալը, կնշանակի, որ Եվրոպան լուծեց Ռուսաստանից պաշտպանվելու՝ բուֆեր ունենալու խնդիր:
Փաստորեն, հետեւելով այս գործընթացին, պարզվում է, որ Հայաստանը Եվրոպային անհրաժեշտ է միայն իր 50 կիլոմետրանոց հայ-իրանական սահմանով, Վրաստանը՝ ռուսական սահմանով, Ադրբեջանը՝ ե՛ւ ռուսական, ե՛ւ իրանական սահմաններով, մնացած հարավային բուֆերային դերակատարությունը պատկանում է Թուրքիային (պաշտպանություն՝ թե Սիրիայից, թե Իրանից, թե Իրաքից): Հետեւաբար «Ընդարձակ Եվրոպա-նոր հարեւաններ» ծրագիրը գործողության մեջ է, որին մասնակցելով Հայաստանը եւ հարեւան երկրները (բացի Իրանից) ստանձնում են հենց բուֆերի դերակատարություն, սակայն դրա մասին բացահայտ չեն խոսում Եվրամիության պատասխանատուները եւ «բուֆեր» բառը չկա գործածության մեջ, այլ ինչ-որ միջանկյալ կարգավիճակ է արձանագրվում՝ «Ընդարձակ Եվրոպա-նոր հարեւան» ծրագրի շրջանակում: Եվ եթե նորից անդրադառնանք Գարտոնի վերը նշված մտքին, ապա մոտ ապագայում (հոկտեմբերին) Թուրքիան դառնալու է Եվրամիության անդամ: Այս գործընթացին մեծ ազդակ է հաղորդելու վերջինիս ՆԱՏՕ-ի անդամակցությունը, որը ոչ մեկ տարվա պատմություն ունի:
Ինչ պետք է անեն տվյալ պարագայում ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուները… Ընդհանուր առմամբ պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ ինչքան էլ Եվրոպան շահարկի Հայոց Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտման հարցը Թուրքիայի կողմից, ցեղասպանությունը ներկայումս Թուրքիայում ապրող քրդերի հանդեպ, քաղբանտարկյալների եւ մամուլի ազատության հարցերը, միեւնույն է՝ Թուրքիան մոտ ապագայում հարավկովկասյան երկրներից առավել շուտ կանդամակցի Միացյալ Եվրոպային:
Կկարողանա՞ն ՀՀ իշխանությունները փաստարկներ ներկայացնել եվրոպական «պոլիտբյուրոյին», որ հայերին չհավասարեցնեն ոչ թուրքերին եւ ոչ էլ հարավկովկասյան այլ ազգերին եւ չդիտարկեն մեզ որպես մեկ «սանրի կտավներ», եւ տալ Հայաստանին միջնորդի կարգավիճակ հենց Եվրամիություն- Իրան փոխհարաբերությունում:
Կարծում եմ, որ կան փաստարկներ:
Առաջին, հազարամյակներ շարունակ հայերը բնակվելով քաղաքակրթությունների խաչմերուկներում, հետեւաբար մշակույթների բախման թատերաբեմում, կարողացել են պահպանել իրենց գոյությունը, ստեղծել պետություն եւ շրջափակման պայմաններում հաղթել չհայտարարված պատերազմում եւ բռնել ազատական շուկայական տնտեսության զարգացման ուղին: Հետեւաբար ակնհայտ է, որ հայերը ավելի լավ կարող են միջնորդի դերը ստանձնել Եվրոպայի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ, քան բուֆերային պետության դերն է: Կա՞ արդյոք մեկ ուրիշ ազգ, որ դիմագրաված լինի թե հունական, թե հռոմեական, թե բյուզանդական, թե պարսկական, թե մոնղոլ-թաթարական, թե արաբական, թե թուրք-սելջուկյան, թե ռուսական ծավալապաշտական նկրտումներին:
Երկրորդ՝ Հայաստանը մեր տարածաշրջանի միակ երկիրն է, որին անկախությունից հետո որեւէ պետություն չի մեղադրել միջազգային ահաբեկչությանն աջակցելու համար, ի տարբերություն մեր հարեւան երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի:
Հայաստանը տասը տարուց ավելի հանդիսանում է կարծես միջազգային ահաբեկչությունից հեռու մի կղզյակ, որը կարողացել է պաշտպանել ինքն իրեն հենց միջազգային ահաբեկչությունից, եւ ասվածի ապացույցը ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների պարտությունն էր թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի սահմանների մատույցներում:
Կարծում եմ, որ մոտ ապագայում էլ Հայաստանը կկարողանա միջազգային ահաբեկչությունից հեռու կարգավիճակը պահպանել եւ սա նույնպես լուրջ փաստարկ է աշխարհի հզոր բեւեռներից ոչ միայն Եվրոպայի, այլեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համար, քանի որ այսօր հենց միջազգային տեռորիզմն է նրանց հիմնական «գլխացավանքը»:
Կա երրորդ, առավել թույլ փաստարկը, որ Հայաստանի ազատական ուղի բռնած տնտեսությունը գրանցում է զգալի տնտեսական աճ՝ համեմատած վրացական եւ ադրբեջանական տնտեսական աճերի հետ: Սակայն Եվրամիության անդամ դառնալը դիտարկվում է Եվրոպայի կողմից ավելի շուտ որպես քաղաքական, քան թե տնտեսական հարցի լուծում, մեկ պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունը չունի մեծ շուկա, որը պայմանավորված է հիմնականում բնական պաշարների, մեծ հողատարածքի, բազմամիլիոն բնակչության, ինչպես նաեւ տարածաշրջանային խոշոր հեռահաղորդակցությունների բացակայությամբ:
Կարծում եմ, որ այս իրողությունն է, որ սթափ պետք է գնահատեն մեր պետության ներկայիս պատասխանատուները եւ հետագա ներքին ու արտաքին քաղաքականությանն ուղղված քայլերն էլ պետք է կատարեն իրականությանը համապատասխան, իսկ իրականությունից հնարավոր չէ խուսափել, լինի անձ, անձերի խումբ կամ մի ողջ հասարակություն:
Չէր խանգարի, որ այս իրողությունը հաշվի առներ նաեւ խորհրդարանական ընդդիմությունը եւ իր քայլերը նույնպես համապատասխանեցներ այս իրականությունից մինիմում կորուստներով դուրս գալու գործընթացին:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՌԱԿ ատենապետR