Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոնթեքսթից» դուրս

Մայիս 18,2004 00:00

Վարդան Օսկանյանը գոհ է նախորդ շաբաթ իր ադրբեջանցի գործընկեր Էլմար
Մամեդյարովի հետ Ստրասբուրգում ունեցած հանդիպումից:
Ահա եւ ողջ տեղեկատվությունը, որ հանրությունը կարող է ստանալ
այդ հանդիպման մասին: Չմոռանանք հավելել մի կարեւոր դետալ եւս. «հանդիպումն
օգտակար էր», «ազատ օրակարգով» եւ իմաստ ունի «շարունակել դրանք»: Վերջ:
Մնացածը, ինչպես երեկ կայացած ասուլիսին նշեց արտգործնախարարը, գաղտնի է
եւ հրապարակման ենթակա չէ: Փոխարենն, ամենեւին գաղտնի չէ այն, թե հայկական
կողմն ինչպես է վարվելու հետագա բանակցությունների ընթացքում: Հայաստանի
եւ Ադրբեջանի միջեւ «շարունակվում է վեճն այն մասին, թե ԼՂ խնդրի կարգավորման
որ ուղին է պետք ընտրել»,- ասաց Օսկանյանը եւ պնդեց, որ Հայաստանը հետեւողականորեն
պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի առաջնահերթ որոշման
սկզբունքը: «Բոլոր մնացած հարցերը կարգավիճակի չորոշված լինելու հետեւանք
են»,- ասաց արտգործնախարարը: Ինչպես եւ կարելի էր սպասել, Օսկանյանը դարձյալ
աչքի ընկավ Հայաստանի ներքաղաքական իրադրության մասին ինքնատիպ դատողություններով:
Այսպես. անդրադառնալով Հայաստանին վերաբերող՝ ԵԽ հայտնի բանաձեւին, արտգործնախարարը
նշեց, որ դրանում «բացակայում է քոնթեքսթը»: Իսկ այն հետեւյալն է. Օպերայի
հրապարակում անցնող խաղաղ ցույցը վերածվել է իշխանությունը բռնի կերպով տապալելու
կարգախոսների տակ ընթացող երթի, ինչին էլ հետեւել է «իշխանությունների համարժեք
արձագանքը»: Ահա հենց այս խորքային իրողությունն էլ, Ստրասբուրգում ունեցած
իր հանդիպումների ժամանակ, փորձել է ըստ պատկանելույն տեղ հասցնել Վարդան
Օսկանյանը: Այստեղ ուղղակի չենք կարող չանդրադառնալ ՀՀ-ում ԵԽ ներկայացուցիչ
Նատալյա Վուտովայի այն հստակ պարզաբանմանը, որ ԵԽ-ն ունի տեղեկատվության
հավաքման եւ մշակման իր սեփական՝ վաղուց փորձված մեթոդները, ուստի Օսկանյանը
«քոնթեքսթը» բացատրելու հարցում, թերեւս, իզուր նեղություն է քաշել: Կա՞ն
արդյոք Հայաստանում քաղբանտարկյալներ, մանավանդ որ դրանց առկայությունն արդեն
ընդունում է անգամ ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Վ. Օսկանյանն, իհարկե,
այս հարցի պատասխանը չի կարող տալ, քանի դեռ դատարանը դրանում հստակություն
չի մտցրել, իսկ եվրոպական «ռափորթյորները» չեն ասել իրենց կարծիքը: Հիշեցման
կարգով ուղղակի նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում ԵԽ շրջանակներում գործող
ամեն տեսակ կառույցները, չինովնիկներն ու «ռափորթյորներն» ուղղակի ճղվեցին
ՀՀ իշխանություններին «դալբիտ» անելով, որ դադարեցնեն վարչական իրավախախտումների
մասին տխրահռչակ՝ վաղուց ի վեր ԵԽ առջեւ ՀՀ ստանձնած պարտավորություններով
կասեցված օրենքի կիրառումն ու ազատ արձակեն ցույցերի կալանված մասնակիցներին:
ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթաժողովի մասին Վ. Օսկանյանն ընդամենը կրկնեց Ռ.
Քոչարյանի՝ Ստամբուլ չմեկնելու մասին օրերս հնչած պաշտոնական հիմնավորումը,
այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակ, փակ սահմաններ եւ
այլն: Հետեւություն՝ 1999 թվականի դեկտեմբերին սահմանը երեւի բաց էր:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել