Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես գողանալ միլիոններ

Մայիս 15,2004 00:00

Ինչպես գողանալ միլիոններ Յուրացման գործը զուգորդվում է կոռուպցիոն բացահայտումների հետ Մոտ օրերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Մնաց Մարտիրոսյան) շարունակվեց Սանասար Ալեքսանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ «Առավոտը» անդրադարձել է ՌԴ «Ռոսվնեշտորգ» միավորման՝ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Սանասար Ալեքսանյանի գործին։ Վերջինս մեղադրվում է առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման, փաստաթղթերի կեղծման, պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Ս. Ալեքսանյանի նկատմամբ չի կիրառվել խափանման միջոց կալանքը, չնայած նա մեղադրվում է 75.504.000 դրամ «էական վնաս» հասցնելու, ինչպես նաեւ՝ 2.646.500 դրամ գանձվող հարկից խուսափելու մեջ։ Այն դեպքում, երբ որպես խափանման միջոց կալանք է կիրառվում մեկ բջջային կամ լուսանկարչական ապարատ գողացած հանցագործի նկատմամբ։ Գործի նախաքննությունն իրականացրել է ՀՀ գլխավոր դատախազությունում Ալեքսանյանի դասընկեր, ՀԿԳ ավագ քննիչ Ալբերտ Մարգարյանը։ Կոռուպցիայի մասշտաբներն այս գործում պետք է որ շատ մեծ լինեն։ Վկաներից մեկը (դատարան են դատակոչվելու 16-ը)՝ ՀՀ պետեկամուտների նախարարության օպերատիվ վարչության նախկին աշխատակիցը ՀՀ գլխավոր դատախազությանը բացատրություն էր տվել, թե «կոնկրետ ինձ հանձնարարվել էր կազմել ցուցակ, թե ով ինչքան գումար է ստանալու եւ ըստ Սանասարի կողմից ինձ թելադրված ցուցակի, դատախազության ոմն աշխատակից պետք է ստանար 13.000 ԱՄՆ դոլար… ես գիտեմ, որ 13.000 ԱՄՆ դոլար տրվել է դատախազության աշխատակցին»։ 1994թ. դեկտեմբերի 7-ին «Ռոսվնեշտորգ» միավորման նախագահ Վլադիմիր Բրյուխովեցկու կողմից Սանասար Ալեքսանյանին տրվեց մի փաստաթուղթ, որով լիազորվեց նրան՝ աջակցել միավորմանն առեւտրային գործընկերներ գտնելու հարցում, իրականացնել գովազդային-տեղեկատվական գործունեություն եւ ՀՀ ներկայացուցչությունում արտաքին առեւտրի հետ կապված որոշակի գործառույթներ կատարել։ «Ռոսվնեշտորգ» միավորումը ՀՀ պաշտպանության նախարարության համար առաքեց մեծ քանակությամբ ծխախոտ՝ 829.000 դոլարի, սննդամթերք, մասնավորապես՝ ինչպես պնդում է գործով վկա, ՌԴ «Ինվեստվնեշտորգի» գլխավոր տնօրեն Նորիկ Մուրադյանը, հավի բդեր՝ 277.000 դոլար գումարի, Իտալիայից՝ 106.000 դոլարի կարագ։ Ըստ Ն. Մուրադյանի, Ս. Ալեքսանյանի եւ նրա ֆիրմաների կողմից յուրացվել է 4.800.000 ԱՄՆ դոլարի ապրանք։ Ն. Մուրադյանը, որի դիմումով «բացվեց» այս գործը, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ս. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել «պաշտոնեական դիրքի չարաշահում» հոդվածով՝ այն դեպքում, երբ 1997-ից Հայաստանում, արտերկրում, Ռուսաստանում «Ռոսվնեշտորգը» ներկայացուցիչներ չի ունեցել եւ որեւէ ֆիզիկական անձի լիազորագիր չի տվել։ Հետեւաբար, ամբաստանյալը 1997-ից չի հանդիսացել պաշտոնատար անձ։ Ի դեպ, «Առավոտի» տրամադրության տակ է «Ռոսվնեշտորգ» միավորման նախագահ Վլադիմիր Բրյուխովեցկու անունից կազմված, ՀՀ ներկայացուցչության ղեկավարին հասցեագրված 1997թ. մի գրության փորձագիտական եզրակացությունը, որով պարզվել է, որ ՀՀ ներկայացուցչության ղեկավարին հասցեագրված 1997թ. փաստաթուղթը չի տրվել Բրյուխովեցկու կողմից, այլ՝ «մեկ այլ անձի կողմից, վերջինիս ստորագրությունը ընդօրինակելով»։ 2001-ի մայիսին Ռուս-հայկական սլավոնական համալսարանի տարածքում ցանկապատման աշխատանքները «Ռոսվնեշտորգ» միավորման ՀՀ ներկայացուցչությունն իրականացրել է մասնավոր անձանց միջոցով եւ, ըստ մեղադրական եզրակացության, Սանասար Ալեքսանյանը 3.330.000 դրամին համարժեք 6000 ԱՄՆ դոլար է վճարել, այն դեպքում, երբ կատարվել է ավելի մեծ ծավալի աշխատանք եւ որ վճարվող եկամուտների վերաբերյալ պայմանագրեր չեն կնքվել։ Դատաքննությունը շարունակվում է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել