Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ՄԵՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

Մայիս 15,2004 00:00

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ՄԵՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ Որովհետեւ չգիտի, թե սրանք ինչ են ուզում Հայաստանում հասարակական եւ քաղաքական շրջանակներն ու ԶԼՄ-ները դեռ անցյալ տարվա նոյեմբերից ի վեր հաճախ են Հայաստանում ծավալվող ներքաղաքական իրավիճակն ու զարգացումները համեմատում Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխության» հետ: Այս համատեքստում հարկ է, թերեւս, հիշեցնել նաեւ, որ խոսակցություններ էին շրջանառվում հայաստանյան ընդդիմությանը Արեւմուտքի աջակցության, նույնիսկ Սորոսի կողմից ֆինանսական օգնության մասին: Իրականությունը սակայն միանգամայն այլ է: Փաստ է նաեւ, որ Արեւմուտքն ի դեմս եվրոպական կառույցների եւ ԱՄՆ ղեկավարության՝ սուր քննադատության ենթարկելով ՀՀ ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը, դժգոհ լինելով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման վիճակից, որն արտացոլվեց 2003-ի ընտրությունների վերաբերյալ վերջիններիս գնահատականներում եւ ԵԽ ԽՎ հունվարյան, նաեւ ապրիլյան բանաձեւերում, մեր ընդդիմությանը որեւէ ռեալ եւ շոշափելի աջակցություն ցույց չտվեց: Չօգնեցին նույնիսկ ԵԽ ԽՎ-ի բանաձեւերից բխող ընդդիմության քայլերը, հանրահավաքներին ԵՄ դրոշներով մասնակցելու դիվանագիտական քայլերը: Թե ինչու Արեւմուտքի համար կարեւոր դերակատարում ունեցող մի պետությունում՝ Վրաստանում տեղի ունեցած եւ ժողովրդավարացմանն ուղղված զարգացումները ստացան Արեւմուտքի աջակցությունը, իսկ Հայաստանում, գոնե առայժմ՝ ոչ, փորձեց վերլուծել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Վերջինիս դիտարկմամբ, դա պայմանավորված է մի շատ պարզ հանգամանքով. «Այսօր գործող ընդդիմությունը՝ «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը, որոնք ներկայացված են երկրի խորհրդարանում, նաեւ այն ուժերը, որոնք նրանց միացան, դժբախտաբար, դեռեւս չեն կարողացել հստակ դիրքորոշում ձեւակերպել Հայաստանի արտաքին քաղաքականության հարցերում: Դա է պատճառներից մեկը, որ աշխարհը, անշուշտ, արձագանքելով ՀՀ-ում մարդու, ընդդիմության իրավական եւ քաղաքական իրավունքների ոտնահարման փաստերին, այնուամենայնիվ, նրան չի աջակցում»: Պարզաբանելով, թե ինչ քաղաքական աջակցության մասին է ակնարկում ինքը եւ դա ինչով պետք է արտահայտվեր, եթե նման աջակցություն լիներ, պարոն Գրիգորյանը մասնավորեցրեց. «Ասենք՝ թեկուզ տեղեկատվական իմաստով: Հիշեցնեմ, որ երբ Վրաստանում Սահակաշվիլին ընդդիմություն էր եւ Թբիլիսիիում Ռուսթավելու հրապարակում հանրահավաքներ էին ընթանում, աշխարհի բոլոր խոշոր ԶԼՄ-ները, այդ թվում՝ «Սի Էն Էն»-ն ու «Բի Բի Սին», լայնամասշտաբ, ուղիղ եթերով ժամեր շարունակ հեռարձակումներով արձագանքեցին դրանց՝ լուսաբանելով տեղի ունեցածի բոլոր մանրամասներն, ընդհուպ մինչեւ՝ ընդդիմության Վրաստանի խորհրդարան մտնելն ու Շեւարդնաձեի հրաժարականը՝ ապահովելով քաղաքական, հոգեբանական աջակցությունը: Մեր դեպքում ընդդիմության հանրահավաքները երբեմն մի քանի անգամ ավելի մարդաշատ են, քան Թբիլիսիում էր, բայց նման արձագանք, աջակցություն չեղավ: Կրկնում եմ, դա պայմանավորված է միայն նրանով, որ գործող ընդդիմությունը չի հստակեցնում իր արտաքին քաղաքականության հայեցակարգը, իր դավանած արժեքային համակարգը: Իրենք որտե՞ղ են տեսնում, օրինակ՝ Հայաստանը մասնավորապես անվտանգության ոլորտում՝ ԱՊՀ ԿԱՊ-ո՞ւմ, թե՞ ՆԱՏՕ-ում, կամ՝ եթե նրանք գան իշխանության, ի՞նչ երկիր են կառուցելու, ո՞րն է նրանց վերաբերմունքը ազատականության նկատմամբ եւ այլն: Ժողովրդավարական եւ ազատական արժեքներ կրող Արեւմուտքի համար սրանք կարեւոր հարցադրումներ են, առավել եւս, որ վերջին շրջանում այս՝ առանց այն էլ ռուսամետ ընդդիմությանը միացան նաեւ կոմունիստներ,այլ ուժեր, որոնց գաղափարախոսությունը ժամկետանց է անգամ Ռուսաստանում: Աշխարհը չի հասկանում, թե այս ուժերն ինչ են ուզում»: Արդյո՞ք, քաղաքագետի կարծիքով, այսօր հրապարակում եղած ընդդիմության մեջ չկա այն առաջնորդը, որն իսկապես արեւմտյան արժեքային համակարգի իրական կրողը լինի, կամ՝ գոնե կարողանա հստակ ձեւակերպել ու ներկայացնել ընդդիմության արտաքին քաղաքական հայեցակարգը: «Հրապարակներում՝ չկան: Կա նման արտախորհրդարանական ընդդիմություն, ասենք՝ աջ ուժերի մեջ, որոնք այսօր պասիվ են»,- նկատեց Ստ.Գրիգորյանը՝ մատնանշելով այդ իմաստով հստակ ծրագրեր ունեցող ՀՀՇ, «Ժողովրդավարական Հայրենիք», «Ազատական-առաջադիմական» եւ այլ կուսակցություններին: Ըստ նրա, քանի դեռ այս ուժերը «աջերի» ճամբարում համախմբված չեն եւ ակտիվ ու հրապարակային քաղաքականությանը չեն մասնակցում, ժամանակավրեպ է խոսել ժողովրդավարական եւ ազատական արժեքներ կրող Արեւմուտքին նման գաղափարներ մատուցողի մասին: Միաժամանակ հարկ է շեշտել, որ քաղաքագետներից ոմանք, այդ թվում՝ հենց ազատական դաշտի ներկայացուցիչներից, այն կարծիքն են հայտնում, թե ՀՀ-ում միեւնույն է իշխանափոխությունն անխուսափելի է՝ անկախ անգամ այսօրվա ընդդիմության կամքից, իշխանափոխություն անելու ընդունակություններից եւ հստակ ծրագրեր ունենալու հանգամանքից: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել