Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր հարցերը մե՛նք պիտի լուծենք»

Մայիս 15,2004 00:00

«Մեր հարցերը մե՛նք պիտի լուծենք» Այս հավատով են մարդիկ մասնակցում հանրահավաքների Որոշ քաղաքական գործիչների եւ հանրահավաքի մասնակիցների երեկ հետեւյալ հարցն ուղղեցինք. «Վերջին տասն օրերի ներքաղաքական զարգացումներից հետո արժե՞ հույս կապել ընդդիմադիր գործիչների հետ եւ կրկին դուրս գալ հրապարակներ»։ Արա Սահակյան՝ «Արմատ» կենտրոնի անդամ.- Որոշ կասկածներ կան, բայց չեմ կարծում, որ հույսերը սպառված են։ Պետք է վստահել խորհրդարանական ընդդիմությանը։ Նրանց ետեւից գնալով, մեր հասարակական դիրքորոշումն արտահայտելով՝ պետք է սատարենք նրանց։ ԱԺԴ քարտուղար Վարդան Գրիգորյանը համաձայնելով, որ ընդդիմությունն ի սկզբանե գիտեր, որ իշխանությունները «թոզ են փչում», այսպես արտահայտվեց. «Մի ավելորդ անգամ ընդդիմությունը ցանկացավ ապացուցել, որ քաղաքական կոալիցիա կոչվածը միֆ է, որը ներսից արդեն պայթում է»։ Սերյոժա Ալեքսանյան (թոշակառու.-) Մենք ոչ մեկի հետ էլ հույսներս չենք կապում։ Մեր վիճակը լավ չէ։ Ընդդիմություն կլինի, ով ուզում է լինի, մեզ էն մարդն է պետք, որ երկիրը բարգավաճի, երեխաները ճիշտ դաստիարակվեն, աշխատանք լինի, աշխատողն էլ կարողանա ընտանիք պահի։ Ընդդիմությունը կարող ա գա՝ կարող ա լավը չլինի։ Բայց հիմա՝ էսի լավը չի, չենք ուզում։ Մենք անձի համար չենք եկել, մեր լավի համար ենք եկել։ – Իսկ եթե Ռ. Քոչարյանը ասի, որ վաղվանից ամեն ինչ կանի, որ լավ լինի՞։ – Չենք հավատա, ինքը էն շրջապատի հետ է աշխատում, որ չի կարա։ Գրիշա Աղաբալյան.- Քոչարյանը կլինի, Պողոսը, թե Պետրոսը՝ ժողովրդին թող սոված փողոցները չլարեն։ Արտակ Մելքոնյան (Արարատ).- Եթե չվստահեինք՝ չէին գա։ Զավեն Հովհաննիսյան.- Արամը չանի, Ստեփանը չանի՝ ուրիշը կանի։ Դանակն արդեն ոսկորին է հասել։ Քոչարյա՛նը թող աներ, 6 տարի իրեն ո՞վ էր խանգարում։ Գայանե Թեւոսյան (արվեստագետ).- Համենայնդեպս, ընդդիմության մեջ ավելի խելոք մարդիկ կան, քան իշխանության։ Իշխանության հետ ընդհանրապես հույս չենք կապում, բայց ընդդիմության ձեռքն էլ բան չկա։ – Բա ինչո՞ւ եք եկել։ – Բա ի՞նչ անեինք։ Դրսից որ չօգնեն՝ չենք կարողանա ապրել։ Բայց մինչեւ ե՞րբ էդպես։ Լենա Համբարձումյան (երաժիշտ).- Բա ո՞վ պիտի մեր հարցերը լուծի՝ Յուրի Մանուկյա՞նը։ Բոլշեւիկի աղջիկ եմ, նրա պես տկար մարդ, տկար կոմունիստ չեմ տեսել։ Թող իրեն հաշիվ տա, որ ժողովուրդն իրեն լսում է։ Զրուցեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել