Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՈՏՆԱՀԱՐՈՒՄՆԵՐԸ

Մայիս 15,2004 00:00

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՈՏՆԱՀԱՐՈՒՄՆԵՐԸ Հայաստանի իշխանությունը երեկ եւս մեկ անգամ բացահայտ արհամարհեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւը: Հիշեցնենք, որ բանաձեւում Հայաստանի իշխանություններին կոչ էր արված թույլ տալ խաղաղ ցույցերը, երաշխավորել տեղաշարժման ազատությունը Հայաստանի սահմաններում, անմիջապես ազատել կալանված անձանց եւ վերջ տալ վարչական կալանքի պրակտիկային: Երեկվա խաղաղ հանրահավաքի անցկացումը Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը գրությամբ էլի աննպատակահարմար էր համարել՝ այսինքն, հակառակ ԵԽԽՎ բանաձեւի՝ էլի սահմանափակել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ազատ հավաքի իրավունքը: Երեկ հնարավորություն կար ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանցից երկուսին՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամներ Սուրեն Սուրենյանցին եւ Արամազդ Զաքարյանին: Երկուսի պաշտպաններն էլ դիմել էին Վճռաբեկ դատարան՝ խնդրելով փոխել նրանց խափանման միջոցը եւ ազատ արձակել գրավի դիմաց: Սակայն դատարանը մերժեց այս բողոքները եւ անփոփոխ թողեց 2-ամսյա նախնական կալանքի որոշումը: Բացի այդ՝ երեկ դարձյալ իրականացվեցին ձերբակալություններ: Բայց նախ հիշեցնենք, որ Փաստաբանների միջազգային միության հրապարակած ցուցակի համաձայն՝ վերջին մեկ ամսում ձերբակալվել են 476 հոգի, որոնցից 139-ը անկուսակցական են, 124-ը՝ «Հանրապետություն» կուսակցությունից, 121-ը՝ ՀԺԿ-ից, 79-ը՝ «Ազգային միաբանությունից», 7-ը՝ ԱԺԿ-ից, 3-ը՝ ԱԺԴ-ից, 2-ը՝ ԱԺՄ-ից եւ 1-ը հնչակյան է: ՓՄՄ-ն նշել էր, թե ցուցակն ամբողջական չէ եւ լրացվում է: Եվ երեկ էլ Հայկոմկուսի կենտկոմի քարտուղար Խորեն Սարգսյանը հայտնեց մեզ, որ իրենք ունեն վարչական պատասխանատվության ենթարկված 27 կոմունիստների տվյալներ. «Նրանցից ոմանք ուղղակի տուգանվել են, մյուսները դատապարտվել վարչական կալանքի՝ 5-10 օր ժամկետով»: ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը հայտնեց, որ ձերբակալված է եղել նաեւ իրենց կուսակցությունից մեկը: Ցուցակում իր անունը չգտավ լրագրող Մհեր Ղալեչյանը, որը մեկ օր պահվել էր մեկուսարանում: Փաստորեն՝ 500-ից ավելի ձերբակալվածներին մայիսի 14-ին ավելացան նորերը: «Ազգային միաբանություն» կուսակցության Երեւանի տարածքային կազմակերպության ղեկավար Սարգիս Մուրադխանյանը հայտնեց. «Այսօր Արմավիրի մեր տարածքային կազմակերպությունների 3 ղեկավարների բերման են ենթարկել ոստիկանություն, եւ հայտնել, թե պիտի պահեն, մինչեւ ավարտվի հանրահավաքը»: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ ունեն ձերբակալվածների անուններ եւ տեղեկատվությունն ամփոփելուց հետո կներկայացնեն հանրությանը: «Արդարություն» դաշինքի շտաբի անդամ Դուստրիկ Մխիթարյանը տեղեկացրեց երեկ Աշտարակում ձերբակալված 5 ակտիվիստների եւ Արմավիրում ավելի վաղ 10-օրյա կալանքի դատապարտված 4 անձանց մասին, որոնց առնչությամբ ոստիկանությունը հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն: Ինչ վերաբերում է ազատ տեղաշարժի իրավունքին. «Տեղեկություններ ունենք առավոտյան Արարատի գյուղերից աշխատանքի եկողներից, որ ճանապարհը փակ է եղել,- հայտնեց Արտակ Զեյնալյանը:- Մարդկանց դարձյալ կանգնեցրել, հարցուփորձ են արել, թե ուր են գնում, ետ վերադարձրել, փոխադրամիջոցները դարձյալ չեն աշխատել սովորականի պես»: Հրազդանից եկող բոլոր մեքենաները ստուգվել են՝ առանց բացառության: Արմավիրից եւ Չարենցավանից հանրահավաքի եկածները լրագրողներին պատմում էին, որ այնտեղ էլ են փակ ճանապարհները, չի աշխատել գնացքը: Հանրահավաքը վարողն ազդարարեց, որ փակ է եղել նաեւ Նորագավթից եկող ճանապարհը: Իսկ Սարգիս Մուրադխանյանը պատմեց, որ «Հոկտեմբերյանից Երեւան ճանապարհին մեր ընկերներին 4-5 տեղ կանգնեցրել ու հարցուփորձ են արել, թե ուր եւ ինչի համար են գնում»: ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը մի նոր մանրամասն հայտնեց. «Դժգոհություններ են եղել Երեւանի բնակիչներից, որ ճանապարհը փակել են մասնավորապես Պռոշյան փողոցում, եւ ստիպված են եղել շրջանցիկ ճանապարհներով հասնել հանրահավաքի: Ինձ մի քանի հոգի բողոքեցին, որ Նորքի զանգվածից քաղաքի կենտրոն իջնելիս իրենց հիմնարկի աշխատանքային ավտոբուսը ոստիկանները կանգնեցրել էին, եւ երկար քաշքշուկ էր եղել, մինչեւ համոզել էին, որ հանրահավաքի չեն գնում՝ ուղղակի տուն են վերադառնում»: Եվ օրվա թերեւս ամենազավեշտ սահմանափակման մասին պատմեց Դուստրիկ Մխիթարյանը. «Փարաքարի պետավտոտեսչության մոտ ճանապարհը փակել էին»: Փաստորեն կատարվեց «Նոր ժամանակների» ղեկավարի երազանքը՝ Փարաքարը փակվեց: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել