Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՔԱՐԻ ՀԵՐԹ ՉԷ

Մայիս 15,2004 00:00

Որ դուրս գաս ու հետո նորից մտնես

Այսպիսի համեմատություն արեց ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը՝ հակադարձելով որոշ բարձրաստիճան պաշտոնյաների այն տեսակետին, թե գիտությամբ զբաղվել ցանկացողները կարող են բանակում ծառայելուց հետո էլ շարունակել ուսումը: Նա հիշեցրեց, թե ինչպես կաթվածահար եղավ խորհրդային գիտությունը, երբ «բոլորին տարան բանակ»:«Եթե բոլորս համոզված լինենք, որ 19 տարեկանից ծառայելու ենք բանակում, ապա որեւէ մեկը գլուխը չի կոտրի ու առաջին կուրս ընդունվելիս անցնի պապական գանձերի վրայով, միայն թե այս պահին տեղ գրավի: Որովհետեւ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մի մասը ընդունվում է 4 տարվա տարկետումն ապահովելու համար»,- երեկ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի կազմակերպած բուհական համաժողովում ասաց Արա Ավետիսյանը: Իսկ խոսքը ծագեց Կառավարության ապրիլի 15-ի որոշման քննարկումից, ըստ որի վերացվել է տարկետման իրավունքով վճարովի մագիստրական տեղերի ինստիտուտը: Ինչը, ըստ նախաձեռնող խմբի, խթանում է համակարգում կոռուպցիայի աճին: Դրանից մի քանի ժամ առաջ տեղի ունեցած ասուլիսում Սերգո Երիցյանը ասաց գրեթե նույնը, ինչ փոխնախարարը. «Թող իրենց պարտքը կատարեն հայրենիքի նկատմամբ, հետո շարունակեն սովորել»: Նախարարի ու փոխնախարարի կարծիքները, սակայն, համընկան միայն այս հարցում: Թե՛ նախարարի ասուլիսում, թե՛ համաժողովին փոխնախարարի պարզաբանումներից չհասկացվեց, թե իրականում որքանով է պակասել տարկետման իրավունքով տեղերի կրճատումն այս տարի:

Ըստ նախարարի՝ պատկերը հետեւյալն է. «Պաշտպանության նախարարության կողմից կան քվոտաներ՝ բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի համար: Անցյալ տարի, երբ բակալավրիատի վճարովի համակարգից թափուր տեղեր են մնացել, այդ տեղերը տեղափոխել ենք մագիստրատուրա: Իսկ այս տարի թափուր տեղեր չեն եղել: Ընդհանուր առմամբ՝ տարկետման իրավունքով տեղերն այս տարի պակասել են 66-ով»։ Ըստ փոխնախարար Արա Ավետիսյանի, սակայն, այդ թիվը 80-ն է: Վերջինս էլ իրավիճակը բացատրում է այսպես. «Պարզապես անցյալ տարի մենք ունեինք բակալավրիատ ավարտողների թվի մեծացում եւ մեզ հաջողվեց տարկետումով տեղերը ավելացնել եւս 80-ով: Այս տարի պակասեցում չի եղել, այլ անցյալ տարի է 5 տարվա կտրվածքով ավելացում եղել»:

«Հանուն գիտության զարգացման» խումբը, սակայն, բերում է թվային տվյալներ, ըստ որոնց, այս տարի էլ է բակալավրիատ ավարտողների թիվն ավելացել, հետեւաբար անհրաժեշտ էր նույնիսկ ավելացնել մագիստրական տեղերը, եւ ոչ թե պակասեցնել: Խմբի անդամ Արարատ Միրզոյանը նաեւ նշեց, որ ԿԳՆ գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետի խոսքերով, մագիստրական տեղերի ավելացման անհրաժեշտություն իսկապես կա, բայց դա կարվի հաջորդ տարի: Արա Ավետիսյանն այս առնչությամբ ասաց, որ կառավարությունն է որոշում, թե որքան տեղ պետք է հատկացնել՝ կախված պետության սահմանած գիտության գերակա ուղղություններից:

Արծարծված հաջորդ թեման կոռուպցիան էր: «Ամբողջ հարցը նրանում է, որ ռիսկի կրողների մի կողմը ուսանողներն են: Եթե ուսանողի եւ ծնողի աջակցությունը չստանանք, հարցը չի լուծվի»,- իր կարծիքը հայտնեց ԿԳ փոխնախարարը: ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը խորհուրդ տվեց կոռուպցիայի դեմ պայքարել ոչ թե բուհում, որտեղ աշխատավարձը նույնիսկ մահվան մակարդակը չի ապահովում, ուր մնաց՝ կյանքի, այլ այն ոլորտներում, որտեղ աշխատավարձերը 300 դոլարից բարձր են:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել