Լրահոս
Օրվա լրահոսը

Տագնապ՝ Սուխումիում

Մայիս 15,2004 00:00

Ասլան Աբաշիձեի տապալումից հետո Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ուղերձով դիմելով Աջարիայի բնակիչներին, ասաց. «այժմ բոլորս միասին պետք է գնանք Աբխազիան ազատագրելու»:

Շատերն այս հայտարարությունն ընկալեցին իբրեւ հաղթանակի էյֆորիկ տրամադրությունների դրսեւորման միանգամայն օրինաչափ շարունակություն. տարիներ շարունակ մասնատված երկրի վերամիավորման առաքելությունն ամենայն պատասխանատվությամբ ստանձնած նորընտիր նախագահը առաջին եւ շատ հաջող քայլը կատարելուց հետո ուղղակի չէր կարող համընդհանուր ոգեւորության համապատկերում ինչ-որ կերպ չանդրադառնալ Աբխազական հարցին, ինչը եւ արեց: Սակայն, ինչպես եւ սպասվում էր, բուն Աբխազիայում եւ իհարկե՝ նաեւ Ռուսաստանում Սահակաշվիլու այս հայտարարությունն ընկալեցին ոչ այլ կերպ, քան Սուխումիին հասցեագրված ամենաուղղակի սպառնալիք: Ռուսական մամուլում անմիջապես շրջանառության մեջ դրվեցին «աքսիոմատիկ ճշմարտություններ» այն մասին, որ Աբխազիան Աջարիա չէ, եւ աջարական սցենարն այստեղ չի աշխատի: Աբաշիձեի անկումը Ռուսաստանում, բնականաբար, խանդավառությամբ չի ընդունվել, բայց այնտեղ նաեւ հասկանում էին, որ Աջարիայի կորուստն ընդամենը ժամանակի հարց էր, քանզի դժվար է գերազանցապես վրացաբնակ մի ողջ տարածաշրջանում պահպանել ազդեցությունը, հենվելով միայն մեկ եւ այն էլ՝ հեղինակազուրկ մարդու վրա:

Այլ է Աբխազիայի պարագան: Ռուսաստանին անմիջականորեն սահմանակցող աբխազներն էթնիկապես տարբերվում են վրացիներից ու թեեւ նրանք ինքնավարության բնակչության (ներառյալ՝ վրաց փախստականները) ընդհանուր հաշվեկշռում մեծամասնություն չեն կազմում, այնուամենայնիվ, «գենետիկական անհամատեղելիության» տխրահռչակ մտասեւեռումն այս դեպքում լիուլի կարող է աշխատել: Հենց դրանից էլ օգտվում է Մոսկվան, որն, ըստ ամենայնի, տեսանելի ապագայում Վրաստանի վրա ունեցած ազդեցության իր վերջին եւ ամենահիմնական լծակը ձեռքից բաց չի թողնի: Բացի այդ, այստեղ էական է նաեւ հենց ռուսների եւ ՌԴ քաղաքացիություն ունեցող բազմաթիվ բնակիչների առկայության հանգամանքը, որոնց պաշտպանելուն էլ, փաստորեն, կոչված է ՄԱԿ-ի խաղաղարարական ուժերի կարգավիճակով Աբխազիայում տեղակայված ռուսական զորակայանը: Իհարկե դժվար է ենթադրելը, որ Սահակաշվիլին չի ըմբռնում այս պարզագույն իրողությունը եւ մտադիր է արդեն առաջիկա օրերին աջարական սցենարով արշավ կազմակերպել դեպի Սուխումի: Բայց եւ ակնհայտ է, որ ինչպես իր երկրի բնակչության, այնպես էլ Արեւմուտքի բացահայտ ազդեցությունը վայելող Վրաստանի երիտասարդ նախագահն այժմ ամեն ինչ անում եւ անելու է՝ Աբխազական հարցում գեթ փոքրիկ տեղաշարժ ապահովելու ուղղությամբ: Թերեւս այդ է պատճառը, որ վերջին օրերին Աբխազիայի իշխող շրջանակները տագնապ են հնչեցնում «Գալիի շրջանում Վրաստանի իշխանությունների կողմից պատրաստվող խոշոր սադրանքի» մասին: Աբխազիայի պաշտպանության նախարարն այս առիթով անգամ հատուկ ուղերձ է հղել ՄԱԿ-ի ղեկավարին: Թբիլիսին կտրականապես հերքել է այս լուրերը:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել