Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏԱՐԱԾՔԻ ԿՈՐՈՒՍՏ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Մայիս 14,2004 00:00

ՏԱՐԱԾՔԻ ԿՈՐՈՒՍՏ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ Երեկ ՀՀ սպորտպետկոմի Թումանյան փողոցի մասնաշենքում շինարարության նախապատրաստական աշխատանքներ էին սկսվել: Այդ առիթով խոսակցություններ են ծավալվել, թե սպորտի պետական կառույցի ղեկավարությունը շենքը վաճառել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր-նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, որն էլ հայտնի չէ, թե ինչի կվերածի երեւանցիների համար մարզական պատմության հիշողության խորհրդանիշ համարվող կառույցը: Փորձեցինք պարզել, թե ինչ է իրականում տեղի ունենում: Եվ քանի որ Սպորտպետկոմի նախագահն աշխատանքի բերումով հանրապետությունից բացակայում էր, մեկնաբանություններ տվեց նրա տեղակալ Միքայել Իսպիրյանը: «Նման ասեկոսեներն առնվազն չիմացության արդյունք են, եթե չասենք` չարախոսության,- ասաց նա:- Իրականությունը հետեւյալն է. Սպորտպետկոմի շենքը երկար տարիներ հիմնական նորոգման չի ենթարկվել ու բարոյապես մաշվել է: Նկուղային հարկում գտնվող լողավազանի խոնավությունը խարխլում է կառույցի հիմքերը: Տանիքն էլ հին է եւ ընթացիկ նորոգումները, որ ի վիճակի ենք անել, հարցերը չեն լուծում: Կան նաեւ շենքի պահպանման օրախնդիր այլ հարցեր, որոնց թվարկումը միայն շատ ժամանակ կխլի: Ստեղծված իրավիճակից, անշուշտ, ելք պետք էր գտնել, բայց այնպիսի, որ բոլորիս համար իսկապես թանկ այս շենքն ամբողջությամբ մնար սպորտի ոլորտում: Այդ պատճառով էլ բանակցություններ են վարվել Գագիկ Ծառուկյանի հետ, որի արդյունքում ծրագրերը մտցվել են կառավարություն ու պաշտոնական որոշման տեսք ստացել: Պարոն Ծառուկյանը ամբողջությամբ վերանորոգելու է շենքը: Ավելին, «գորտանոցի» տեղում լինելու է սպորտային փառքի թանգարան, որի կարիքը վաղուց է զգացվում: Նոր տեսք ու բարվոք վիճակ է ունենալու նկուղային հարկում գտնվող բռնցքամարտի դահլիճը: Շենքի բակում կառուցվելու է մի նոր դահլիճ, որը հավանաբար կծառայի ծանրամարտին կամ ըմբշամարտին: Հիմնովին նորոգվելու է Սպորտպետկոմի տանիքը, մեծացվելու են նիստերի եւ հանդիսությունների սրահը, աշխատասենյակները, հարկաբաժինները ու այդ բոլորը մնալու է Սպորտպետկոմին: Այնպես որ, շենքից ոչ միայն մեկ քառակուսի մետր չի օտարվելու, այլեւ ընդհակառակը՝ ավելանալու է»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել