Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լավ էլի»-ով արվեստ չեն պահում»

Մայիս 14,2004 00:00

«Լավ էլի»-ով արվեստ չեն պահում» Կարծում է սփյուռքահայ դիրիժոր Նվարդ Անդրեասյանը Գերմանիայում վերջերս լույս տեսած Եվրոպայի կին դիրիժորների մասին պատմող գրքում անմահացել է նաեւ մեր հայրենակցուհին՝ փարիզաբնակ դիրիժոր Նվարդ Անդրեասյանը։ Այս օրերին դիրիժորի ու Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի պետական ակադեմիական թատրոնի ղեկավարության միջեւ ընթանում են բանակցություններ, որի արդյունքում Ն. Անդրեասյանը հնարավոր է ղեկավարի Պուչինիի «Տոսկա» օպերան։ Տեղեկացնենք, որ Փարիզի կոնսերվատորիան ավարտելուց հետո (1977թ.) Ն. Անդրեասյանը «Գրանդ օպերայում» որպես դիրիժորի ասիստենտ աշխատել է աշխարհահռչակ Հերբերտ ֆոն Կարայանի, Քրիստոֆ ֆոն Դոնանի (Գերմանիա), Սեյժի Օզաուսի (Ճապոնիա) եւ այլ անվանի դիրիժորների հետ։ Նա Եվրոպայի բեմերում ղեկավարել է մոտ 30 օպերա (Պուչինի՝ «Տոսկա», Մոցարտ՝ «Դոն Ժուան», «Կոզի ֆան տուտի» եւ այլն)։ Սիմֆոնիկ ու կամերային նվագախմբերի հետ ղեկավարել է դասական կոմպոզիտորների ավելի քան 200, ժամանակակից կոմպոզիտորների՝ 300 ստեղծագործություն։ Հայաստանում Ն. Անդրեասյանը հանդես է եկել առաջին անգամ 1992-ին՝ ղեկավարելով Փարիզում իր հիմնած «Փոլիխրոմ» ժամանակակից երաժշտության անսամբլը, 1993-94թթ.՝ Ազգային օպերային թատրոնում՝ ղեկավարելով Ա. Տիգրանյանի «Անուշն» ու Դոնիցետտիի «Պողիկտոսը»։ 1998- 2003թթ. ապրել եւ ստեղծագործել է Չինաստանում՝ որպես հրավիրված դիրիժոր, զուգահեռ վարպետության դասընթացներ անցկացնելով կոնսերվատորիայում։ «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է այսօր արտերկրում ներկայանում հայ մշակույթը, Ն. Անդրեասյանը պատասխանեց. «Արտերկրում երբ հանդիպում եմ Հայաստանի դեսպանների հետ, նրանք ոգեւորված խոսում են Հայաստանի մշակութային կյանքի մասին։ Ավելին, շատ եմ լսել, որ ասել են՝ հայերս աշխարհին կարող ենք զարմացնել միայն մեր բազմադարյա մշակույթով, ընդհուպ մինչեւ այն «ծախելը»։ Սակայն դիրիժորը այլ բան է տեսնում՝ ժամանելով հայրենիք։ Ըստ նրա, նախեւառաջ պատկան մարմինների ու երաժիշտների մոտեցումը երաժշտարվեստին սիրողական մակարդակի է։ Այսպես շարունակելով, դրսում «արվեստ չես ծախի բարձր գնով»։ Երաժշտին նյարդայնացնում է «լավ, էլի, ոչինչ» արտահայտությունը, երբ ավելորդ բարյացակամություն է ցուցաբերվում շնորհազուրկ արվեստագետների ու ոչ կոմպետենտ պաշտոնյաների հանդեպ. «Լավ էլի»-ով չի կարելի առաջնորդվել։ Պետք է հասկանալ, որ երկրի ողնաշարը հայ բազմադարյա մշակույթն է»։ Մեր՝ ի՞նչ առաջարկ ունեք, դիմե՞լ եք արդյոք պաշտոնյա այրերին հարցին՝ Ն. Անդրեասյանը պատասխանեց. «Մշակույթը ղեկավարող պաշտոնյաները արագ-արագ փոխվում են։ Ես կարծում եմ, այն երկրում, որտեղ արագ տեմպով են կատարվում նման փոփոխություններ (ոչ միայն մշակույթի ոլորտում), պարզապես հնարավոր չէ նորմալ աշխատել, էլ չասեմ արդյունավետ աշխատանքի մասին։ Անուն-ազգանուններ չեմ ուզում տալ մեկ պատճառով՝ ինչ է, վերեւներում չե՞ն տեսնում այսօրվա մշակույթի ինքնագործ վիճակը։ Կամ գուցե հայ ժողովուրդը իր 3000 տարվա մշակույթը այլեւս չի՞ կարողանում կրել կռնակին։ Երեւի շա՞տ ծանր է»։ Դիրիժորը ստեղծված վիճակից դուրս գալու մի ելք է տեսնում, այն է՝ յուրաքանչյուր արվեստագետ պետք է լինի իր տեղում, զբաղեցնի իրեն արժանի աթոռ։ Իսկ ժողովուրդը խեժի նման պետք է կպչի իր մշակույթին. «Չզարմանաք, ժողովրդից էլ է շատ բան կախված»։ Ն. Անդրեասյանը մի ցանկություն ունի. «Սա երկիր է, գաղութ չէ։ Պետք է պարզապես պահանջել հայ ժողովրդին հարիր արվեստ։ Չէ՞ որ դուք ձեր տանն ենք ապրում, վարձակալ չեք։ Եվ, որ ամենակարեւորն է՝ վերջ տվեք հայկական «լավ, էլի» արտահայտությանը»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել