Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռ. Քոչարյանն այլընտրանք ունի»

Մայիս 14,2004 00:00

«Ռ. Քոչարյանն այլընտրանք ունի» Նկատում է «Նեզավիսիմայա գազետան» երեկվա համարում Երեկ Ռոբերտ Քոչարյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով եռօրյա աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Իսկ մինչ այդ՝ «Նեզավիսիմայա գազետայի» մեկնաբան Վիկտորյա Պանֆիլովան երեկ իր՝ «Քոչարյանը գնում է արդարանալու» հրապարակմամբ արդեն անդրադարձել է այդ այցին: Վկայակոչելով ՀՀ նախագահի մամլո քարտուղարին, հոդվածագիրը նշում է, թե՝ «ըստ պաշտոնական տեղեկատվության, բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն «առկա հարցերի ողջ սպեկտորը»՝ երկկողմ հարաբերություններից մինչեւ ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկա փուլը»: Մինչդեռ Վ.Պանֆիլովայի ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, հանդիպման բովանդակությունն էապես տարբերվելու է պաշտոնապես ներկայացվածից: «Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի՝ ՌԴ մայրաքաղաք կատարելիք այցը տեղի է ունենալու Մոսկվայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների որոշակի սառեցման ֆոնի վրա: Մոսկվայում դժգոհ են Երեւանի՝ Իրան- Հայաստան տարանցիկ գազամուղ կառուցելու ծրագրերից»,- գրում է հոդվածագիրը՝ հստակեցնելով, թե այն իրագործման դեպքում շրջանցելու է ՌԴ-ն, ինչն էլ պաշտոնական Մոսկվայի դժգոհությունն է հարուցել: Միաժամանակ շեշտվում է նաեւ, թե՝ «վերջին ժամանակաշրջանում նկատելի է ՀՀ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների զարգացումը» եւ «հասկանալի է, որ Մոսկվան այդ փաստն ընդունում է առանց առանձնակի հիացմունքի»: «Բացի այդ Հայաստանում բարդացել է ներքաղաքական իրավիճակը: Մինչեւ վերջերս թվում էր, որ Ռոբերտ Քոչարյանը երկրում այլընտրանք չունի, բայց այսօր իրավիճակը արմատապես փոխվել է: Հայաստանյան ընդդիմությունը պնդում է, որ իշխանափոխությունը հանրապետությունում սարերի ետեւում չէ»: Խոսելով ՀՀ նախագահի այցը համեմող ֆոների մասին, Վ.Պանֆիլովան մատնանշում է ապրիլի կեսերին հայաստանյան ընդդիմության նախաձեռնած հանրահավաքները եւ՝ մասնավորապես, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը մարդկանց ցրելը, ընդդիմադիրների ձերբակալությունները, նրանց առաջադրված մեղադրանքները: Ըստ նրա, «կենտրոնական իշխանությունների կոշտ գործողությունները ընդդիմության նկատմամբ քննադատության են արժանացել եւ եվրոպական կառույցների, եւ Մոսկվայի կողմից: Իսկ Երեւանում հանրահավաքը ցրելուց անմիջապես հետո Վլ. Պուտինն ու Ռ.Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել: Ըստ որոշ տեղեկությունների, ՌԴ նախագահը բավականին սառն է զրուցել հայաստանյան իր գործընկերոջ հետ: Մասնավորապես, Պուտինը դժգոհություն է հայտնել Հայաստանում շրջանառվող այն լուրերի առնչությամբ, թե իբր Մոսկվան «դաբրո» է տվել ցույցը ցրելու գործողություններին»: Հոդվածագիրը մեջբերել է նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի՝ ՆԳ-ին արած հայտարարությունը՝ «Ես կարծում եմ, որ սա Քոչարյանի վերջին պաշտոնական այցն է Ռուսաստան: Հնարավոր է, որ նրան Մոսկվայում Աբաշիձեի կողքին տեղ գտնվի»: Արձանագրելով, որ ՀՀ ԱԺ-ում «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ընդունված օրենքն, ըստ էության, զրկում է քաղաքացիներին զանգվածային, հրապարակային միջոցառումներ անցկացնելու իրավունքից», թերթը նշում է, որ այդուհանդերձ այսօր Երեւանում տեղի կունենա հերթական հանրահավաքը, ապա՝ վկայակոչում է Ա.Սարգսյանի արած մեկ այլ հայտարարություն. «Այդ հանրահավաքից հետո ընդդիմության ներկայացուցիչները կմեկնեն երկրի մարզեր, իսկ արդեն մայիսի 21-ից կսկսվի անժամկետ հանրահավաքների հերթական փուլը միակ՝ Քոչարյանի հրաժարականի, պահանջով»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել