Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԵՐԵԿ ՉՀԱՆԴԻՊԵՑԻՆ

Մայիս 14,2004 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԵՐԵԿ ՉՀԱՆԴԻՊԵՑԻՆ Իրենց շփումը իրականացվում է լրագրողների միջոցով «Խորհրդարանական ընդդիմության հետ քաղաքական քննարկումների վերաբերյալ քաղաքական կոալիցիայի խորհրդի մայիսի 12-ի որոշմանը երեկ հաջորդեց ՀՀ իշխանությունների հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ «Արդարության» եւ «Ազգային միաբանության» որոշումը։ Այդ որոշման մեջ մասնավորապես նշված է. «Քննարկելով քաղաքական կոալիցիայի 2004 թ. մայիսի 12-ի առաջարկությունը բանակցությունների օրակարգի մասին, ընդունելի համարել երկխոսության օրակարգում կոալիցիայի կողմից առաջին երեք կետերում առաջարկված լրացուցիչ հարցերի ընդգրկումը (սահմանադրական բարեփոխումներ, Ընտրական օրենսգիրք եւ հակակոռուպցիոն պայքար.- Մ. Ե.) եւ դրանց քննարկումը՝ հիմնական հարցի (2003 թ. նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի քննարկում.- Մ. Ե.) լուծման ուղիների շուրջ համաձայնության գալուց հետո։ Կրկին արձանագրում ենք, որ չի ապահովվել երկխոսության համար համապատասխան մթնոլորտը, քանի որ չեն կատարվել 26.04.2004 թ. գրությամբ ներկայացված մեր պահանջները եւ ԵԽ ԽՎ 1374 բանաձեւի՝ իշխանություններին ուղղված անհապաղ կատարման ենթակա պահանջները»։ Միացյալ ընդդիմությունը հայտնում է իշխանությունների հետ երկխոսության պատրաստակամությունը՝ նշված պահանջները կատարելուց հետո միայն։ Երեկ ՀԺԿ գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները հավաստիացրին, որ իրենք իշխանության հետ երկխոսելու խնդիր չունեն։ Շավարշ Քոչարյանն ասաց, որ հանրահավաքները 10 օրով ընդմիջելը ընդդիմության կողմից մտածված քայլ էր, դրանով իշխանությանը հնարավորություն էր տրված հասկանալ, որ ընդդիմությունը պատրաստ է երկխոսության. «Այդ ընթացքում մենք ընդունեցինք իշխանության կողմից առաջարկվող երկխոսության ֆորմատը։ Եվ մեր բարի կամքի այս դրսեւորումներին ի պատասխան մենք արձանագրեցինք, որ ԵԽ-ի անհապաղ կատարման պահանջները իշխանությունը չի կատարում, ավելին՝ շարունակվում են ձերբակալությունները, վարչական կալանքը, խոչընդոտներ են առաջացնում զանգվածային միջոցառումների համար։ Այնպես որ, այս ընթացքում մենք չտեսանք որեւէ պատասխան քայլ։ Այն, ինչ մենք տեսնում ենք՝ իմիտացիա է երկխոսության ցանկության։ Ձերբակալվածներին պատանդ են պահում, ասելով՝ մենք իրենց պատանդ ենք պահում եւ ձեր հետ պատրաստ ենք երկխոսության։ Իսկ սա թե՛ բարոյական, թե՛ քաղաքական, թե՛ նույն բանակցությունների արդյունավետության տեսանկյունից անընդունելի է։ Սրանով է պայմանավորված այն որոշումը, որը մենք ընդունել ենք»։ Կորյուն Առաքելյանը իր հերթին անդրադարձավ այն իրողությանը, որ ապրիլի 12-ից ի վեր իշխանությունները նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներից առգրավված իրերը չեն վերադարձրել, մասնավորապես՝ «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակը ցայսօր զրկված է համակարգչից։ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ ընդդիմությունը հետեւողական է լինելու ՀՀ-ում սահմանադրական կարգը վերականգնելու եւ օրինական իշխանություն հաստատելու հարցում՝ օգտագործելով Սահմանադրության 26-րդ հոդվածով ամրագրված քաղաքացիների երթեր, ցույցեր, հանրահավաքներ կատարելու իրավունքը. «Այսինքն՝ մեր պահանջը նույնն է, չընտրված նախագահը պետք է հեռանա։ Ես չեմ ասում պետք է հրաժարական տա, քանի որ հրաժարական տալիս է ընտրված անձը»,- եզրափակեց Վիկտոր Դալլաքյանը։ Նա հավաստիացրեց, որ այսօրվա հանրահավաքի ընթացքում իր այդ պահանջը ընդդիմությունը դարձյալ հնչեցնելու է։ Ընդդիմության համատեղ հայտարարությունը ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը երեկ տարել էր ԱԺ նախագահի ընդունարան՝ հանձնել էր նախագահի օգնականներին։ Իսկ ժամը 17-ին կոալիցիայի ներկայացուցիչները հավաքվել էին ԱԺ կարմիր սրահում եւ սպասում էին ընդդիմության իրենց գործընկերներին։ Հասկանալի պատճառներով ոչ ոք չեկավ, իսկ կոալիցիայի անդամ պատգամավորները հայտարարությանը ծանոթացան ընդդիմության ասուլիսից վերադարձած լրագրողների միջոցով։ Որեւէ քաղաքական ուժ, բացի Հանրապետականից, չուզեց մեկնաբանություններ տալ։ Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Որեւէ լուր չունենք, չգիտենք ինչ մեկնաբանություններ կան չներկայանալու համար։ Կարծում եմ, որ վերաբերմունքը պատշաճ չէ քաղաքական կոալիցիայի նկատմամբ»։ Լրագրողները փոխանցեցին, որ հայտարարության տեքստը հայտնի է։ Գալուստ Սահակյանն անդրդվելի էր. «Մենք գրավոր, պաշտոնական հայտարարություն չենք ստացել։ Կոալիցիայի քաղաքական խորհրդի որոշմամբ կոալիցիայի ներկայացուցիչները պետք է հանդիպեին ընդդիմության հետ։ Եթե չէին գալու, մենք ակնկալում էինք որեւէ պատշաճ մատուցում՝ չգալու մասին»։ Գալուստ Սահակյանն ասաց, որ ընդդիմության երեկ ընդունած որոշմանը պատասխան կլինի այն ժամանակ, երբ կստացվի գրավոր, պաշտոնական գրություն. «Համենայնդեպս, մի բան պարզ է՝ ընդդիմությունը շփոթում է՝ մեզ հետ սակարկել չի կարելի եւ այդ դրսեւորումը ես համարում եմ փարիսեցիություն»։ Գալուստ Սահակյանը մի քանի անգամ շեշտեց նաեւ՝ «ըստ երեւույթին, որոշողը ուրիշներն են եւ ոչ թե իրենք»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել