Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՓՈՔՐԻԿՍ, ՀԱՄԱՁԱ՞ՅՆ ԵՍ ԳՆԱԼ ԴՊՐՈՑ

Մայիս 14,2004 00:00

ՓՈՔՐԻԿՍ, ՀԱՄԱՁԱ՞ՅՆ ԵՍ ԳՆԱԼ ԴՊՐՈՑ «Ընտանեկան օրենսգրքի» վերջնական ընդունումից հետո՝ նման հարցեր ստիպված կլինենք տալ մեր զավակներին ու անառարկելիորեն կատարել նրանց կամքը՝ պատասխանատվության չենթարկվելու համար: Գուցե փոքր-ինչ խտացնում ենք գույները, այնուամենայնիվ, «Ընտանեկան օրենսգրքի» նախագծում, որ խորհրդարանն արդեն իսկ ընդունել է առաջին ընթերցմամբ, կան նման հեռանկարներ ուրվագծող դրույթներ: Հոդված 44-ի համաձայն՝ 10 տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է «որոշակի միջոցառումների մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու» դեպքերում: Ըստ 53 հոդվածի՝ «Երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողները լուծում են իրենց փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով երեխաների շահերից եւ հաշվի առնելով 10 տարին լրացած երեխայի կարծիքը»: Եվ ընդհանրապես՝ այս օրինագծի համաձայն՝ երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն նրանց նկատմամբ անտարբեր, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը կամ վիրավորանքը: Ինչպես Ֆիլադելֆիայի լավագույն տներում՝ այլապես երեխան կկարողանա իրավապահ մարմիններին բողոքել, որ ծնողը ոտնահարում է օրենքով սահմանված իր իրավունքները՝ ասենք, իրեն բավարար ուշադրություն չի դարձնում, խփել է կամ անվանել «դմբո»: Երեկ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվեցինք՝ իրենք որպես ծնող պատրա՞ստ են ընտանիքում կիրառել օրենքի այս դրույթները, որ սահմանում են իբրեւ օրենսդիր: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանն ի պատասխան ասաց. «Մենք ընդունում ենք մի օրենք, որ շատ վիճահարույց է լինելու կիրառման ընթացքում: Եվ այսօր ասել, թե ինչին ենք մենք պատրաստ եւ ինչ փոփոխություններ կլինեն՝ առնվազն միամտություն կլիներ»: Սակայն նաեւ հավելեց, որ «Ընտանեկան օրենսգրքի» այդ հոդվածները «ժամանակակից քաղաքակրթության կողմից ընդունված ու փորձված հիմնադրույթներ են: Գտնում ենք, որ այդ մոդելը կիրառելով Հայաստանում՝ ընդամենը պետք է նաեւ հաշվի առնենք այն առանձնահատկությունները, որոնք յուրահատուկ են մեր հասարակությանը եւ էթնոսին»: «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանն ի պատասխան նշեց, թե այժմ էլ են ծնողները հաշվի առնում երեխաների կարծիքը եւ նախընտրությունները կրթության հարցում: Բայց նաեւ կարծում էր, թե օրենքի նման պարտադրանքին այսօր «շատ մեծ դժվարությամբ կգնան՝ հաշվի առնելով մեր ազգային մենթալիտետը»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանի, որ պարզվեց՝ հոգեբան-մանկավարժ է, տեսակետն էր. «Ընտանիքն օրենքներով երբե՛ք չի կարգավորվի եւ չի էլ կարգավորվել: Բայց այնուամենայնիվ՝ քաղաքակիրթ երկիր ենք, այս օրենքը մեզ պետք է»: Առավել պահպանողական դիրքորոշմամբ հանդես եկավ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը, որն «Ընտանեկան օրենսգրքի» առնչությամբ նշեց. «Ինչքան էլ ուզենանք փոխել եվրոմոդելի վրա, եւ արդեն իսկ այնպիսի դրույթներ ներառենք այս նախագծի մեջ, որ հարիր չեն մեր հասարակությանը՝ բոլորս էլ ընտանիք ունենք, եւ պետք է կարողանանք պահպանել այն լավը, որ ժառանգություն ենք ստացել: Նաեւ պիտի կարողանանք այդ հիմքի վրա անել այն փոփոխությունները, որոնք պետք են ներկայիս շուկայական հարաբերություններից ելնելով»: Մասնավորապես՝ 10-ամյա երեխայի կարծիքը պարտադիր հաշվի առնելու դրույթի առնչությամբ ասաց. «Մենք ավանդապաշտ ժողովուրդ ենք, ունեցել ենք մեր ավանդույթները եւ այդպես էլ կշարունակենք: Նոր «մոդելով» ընտանիքները կխաթարեն այդ հիմքերը: Մտածենք, թե երեխային պետք է ասենք, որ դու ունես իրավունքնե՜ր… Բնական է, ամեն մարդ էլ իրավունքներ ունի՝ եւ կինն էլ (մնում էր ասեր՝ նույնիսկ.- Ա. Ի.) ունի իրավունքներ: Բայց պիտի կարողանանք պահպանել մեր ունեցածը»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որ մասնագիտությամբ մանկավարժ է, նշեց, թե մեր թվարկածին համահունչ դրույթներ շատ կան այս օրինագծում. «Բայց կան ազգային արժեքներ, որոնք չեն կարող փոխել որեւէ օրենսդրություն: Ավանդական մշակույթն ավելի բարձր է, քան օրենքը: Եվ եթե նման բաներ են սպրդել օրենք՝ կնայենք, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ շտկումներ կանենք»: Նշենք, որ վերոշարադրյալով չեն ավարտվելու օրինագծի նորամուծություններն ընտանեկան հարաբերությունների ոլորտում: Նախագծի վերաբերյալ ելույթ ունենալով ԱԺ-ում՝ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Ղարախանյանն առաջարկեց սահմանել, որ եկեղեցական ամուսնությունները չունեն իրավական ուժ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել