Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԳՆԵՐԸ» ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ ԵՆ

Մայիս 14,2004 00:00

Այդ մասին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբին ասել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

ԵՊՀ 85-ամյակի կապակցությամբ բուհին օրհներգ են նվիրել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն ու բանաստեղծ Հովիկ Հովեյանը (վերջինս երգի խոսքերը, հավանաբար, գրել էր նախարար դառնալուց առաջ): Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը խոսեց բուհի ձեռքբերումների մասին, նշելով բուհում, իր խոսքով, «էկզոտիկ» առարկաների ներմուծման մասին, ինչպիսիք են կենսաինֆորմատիկան, միջազգային իրավունքը, դեղագործական քիմիան, կիրառական քիմիան եւ այլն: Իսկ իր շրջանավարտներին աշխատանքով ապահովելու հարցով բուհը կզբաղվի հաջորդ տարվանից՝ ստեղծելով համապատասխան կենտրոն: Ռեկտորը նաեւ մանրամասն բացատրեց, թե ինչ է նշանակում բարձրագույն կրթության երկաստիճան համակարգ, բակալավրիատ եւ մագիստրատուրա, եւ թե ինչպես է բուհը աստիճանաբար անցնում հետազոտական համալսարանների շարքը՝ շրջանավարտին տալով գիտական հետազոտություններ կատարելու ունակություն: Լրագրողներից մեկի ակնարկին, թե շատ ուսանողներ բողոքում են մագիստրատուրայի որակից, եւ որ բակալավրիատից հետո իրենց գիտելիքները գրեթե չեն ավելանում, Ռ. Մարտիրոսյանը պատասխանեց. «Դա ասում է այն ուսանողը, ով իր գիտելիքները չի կարողանում տարբերի մյուսներից, մենք ունենք մագիստրատուրան ավարտած փայլուն ուսանողներ, որոնց ավարտական աշխատանքը համարյա թե թեկնածուական թեզ է: Ուրիշ բան է, որ մենք ինքներս գոհ չենք մագիստրոսական կրթության ուսումնական ծրագրերից եւ բովանդակությունից: Ուսումնական պլանը, ուսման բովանդակությունը անընդհատ կատարելագործման մեջ պետք է լինեն»:

Հաջորդ պարզաբանումը «Առավոտի» վերջին հրապարակումներից մեկին էր վերաբերում: Որտեղ մեջբերված էր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի մտահոգությունը մագիստրատուրայի տեղերի կրճատման եւ բանակից տարկետման իրավունքից զրկելու կապակցությամբ, ինչի արդյունքում, խմբի կարծիքով «կբարձրանան մագիստրատուրայի քննությունների «ստավկաները»: Կառչելով վերջին ասվածից, նաեւ ԵՊՀ մամուլի ծառայությունը մանրամասն մեզ ծանոթացրեց, որ մագիստրատուրա ընդունվելու համար քննություն չեն տալիս, այլ ընդունվում են՝ բակալավրիատում սովորած տարիներին պահանջվող միավորները հավաքելու դեպքում: Դրա մասին նույն հոդվածում մենք գրել էինք՝ մի ուսանողի օրինակով: Իսկ հոդվածում խոսքն այն քննությունների մասին էր, որոնց գնահատականներն էլ թույլ են տալիս կամ թույլ չեն տալիս հավաքել անհրաժեշտ միավորները: Մամուլի ծառայությունը նաեւ անհրաժեշտ համարեց եզրակացնել, որ «հարկ չկա գոնե այս օղակում զգուշանալ կոռուպցիայի միջոցով բանակից խուսափելու հնարավորությունից, ինչը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը համարում է «փոխշահավետ գործարք ՊՆ-ի եւ ԿԳՆ-ի համար»:

Ինչ վերաբերում է կոռուպցիոն երեւույթներին, ապա երեկ մեզ հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամները հայտարարեցին, որ իրենց հետ մասնավոր զրույցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է ասել, որ Կառավարության հիշյալ որոշումն ընդունելու հաջորդ օրն իսկ զանգեր են եկել, թե այն բուհերում, որտեղ գործում է երկաստիճան համակարգը, քննությունների գները («ստավկաները») կրկնակի բարձրացել են:

Ի դեպ, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի մասին Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Շատ տարօրինակ է, որ այդպիսի կազմակերպության շարքերում կան 1-ին, 2-րդ կուրսի ուսանողներ, որոնք գիտությունից գաղափար չունեն, բայց իրենց համարում են գիտությունը պաշտպանող նախաձեռնող խմբի անդամ… Գիտենք, թե ովքեր են դրանք, հիմնականում գիտենք: Դա միայն պատրվակ է (Կառավարության որոշումից բողոքելը-Հ. Բ.), նրանք գտնվում են ինչ-որ ուժերի ազդեցության տակ, դա գաղտնիք չէ, եւ շարունակում են իրենց գործունեությունը: Այդ կրճատումը համալսարանի համար բարդություն չի առաջացրել. համալսարանում մոտ 40 տեղ է»: Հետեւեց մեր հարցը. «Եթե կա բանակը համալրելու խնդիր, իսկ կրճատված թիվն էլ չնչին է, ապա ինչով է պայմանավորված մագիստրատուրայի՝ տարկետման իրավունքով տեղերի հանումը»: «Դա պայմանավորված է ՊՆ եւ ԿԳՆ բանակցություններից, տարկետում տվողն է որոշում, թե ինչ հիմնավորմամբ է տրվում այս թիվը կամ մյուս թիվը»,- պատասխանեց Ռադիկ Մարտիրոսյանը:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել