ՀՀ կառավարության կողմից ԱԺ քննարկմանն է ներկայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի հերթական նախագիծը, որի մասին իր մոտեցումներն է ներկայացնում իրավաբանական գիտությունների թեկնածու Կառլեն Մինասյանը։
Մեր կարծիքով, նախագիծը, ինչպես նախորդները, լի է թերություններով ու բացթողումներով։ Մի կողմ թողնելով նախագծում տեղ գտած բազմաթիվ անճշտությունները, խոսենք միայն նրա սոցիալական ուղղվածության մասին։ 2002թ. ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, կատարած աշխատանքի տեսակից եւ տեւողությունից է կախված քաղաքացու կենսաթոշակի տեսակը եւ չափը։ Ուստի անհրաժեշտ էր, որ նախագծում առանձին գլուխ նվիրվեր աշխատանքային ստաժին։ Մինչդեռ նախագծում միայն մի հոդվածով (32հ.) թվարկված են աշխատանքային ստաժի տեսակները, առանց կարգավորելու, թե աշխատանքային ստաժի որ տեսակը ինչ իրավական հետեւանք կարող է առաջացնել։
Անցումային փուլում առանձնապես կարեւոր խնդիր է դառնում բնակչության խոցելի խմբերի, այն է՝ կանանց, դեռահասների եւ հաշմանդամների աշխատանքային հիմնահարցերի լուծումը։ Ներկայումս գործող աշխատանքային օրենսգիրքը՝ առանձին գլուխներով ըստ ամենայնի կարգավորում է կանանց եւ անչափահասների աշխատանքը։ Քննարկվող նախագծում ընդամենը մեկական հոդված է նվիրված կանանց եւ անչափահասների աշխատանքին, իսկ հաշմանդամների աշխատանքը առհասարակ չի կարգավորված ու միայն մի հոդվածով հիշեցվում է նրանց մասին։ Նախորդ նախագծում մի առանձին գլխով կարգավորված էին նաեւ սոցիալական ապահովության հարցերը, որն առնչվում է աշխատանքային հարաբերություններին։ Նոր նախագծում դա եւս անտեսված է։
Ըստ նախագծի 19-րդ հոդվածի, գործատու կարող է լինել նաեւ անհատ ձեռներեցը։ Սա մեր օրենսդրության մեջ նորույթ է։ Մեր կարծիքով, գործատու ֆիզիկական անձի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը, անշուշտ, կունենա իր առանձնահատկությունները, ուստի հարկ կլիներ օրենսգրքում նշվեին դրանք, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, նրանց միջեւ վեճ առաջանալու դեպքում՝ լուծման կարգը եւ այլն։
Կառլեն Մինասյանը