Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՃԵԼԻՆ, ՕԳՏԱԿԱՐԸ ԵՎ ՎՐԻՊՈՒՄՆԵՐԸ

Մայիս 14,2004 00:00

ԱԺ Վերահսկիչ պալատի հաշվետվությունն, իրոք, հետաքրքիր է, հատկապես՝ որ հակասական է:

Դրանով էլ, թերեւս, պայմանավորված է հաշվետվության շուրջ բարձրացած աղմուկը, որը հազվադեպ է ԱԺ Վերահսկիչ պալատի նախորդ տարիների հաշվետվությունների պատմության մեջ: Երեկվա մեր համարում գրել ենք հաշվետվության «Դատաիրավական բարեփոխումների» վարկային ծրագրի ուսումնասիրության ընթացքում վերահսկիչների թույլ տված խախտումների եւ դիլետանտության մասին: ՎՊ հաշվետվության այլ բաժիններում էլ կան նման «բացթողումներ»:

Բայց նախ մի հետաքրքիր հանգամանք. արտառոց ցածր գներով քաղաքի կենտրոնում տարածքներ վաճառելու («Կարապի լճի մոտ 4000 քմ տարածքը $21 հազարով կարելի՞ է ծախել: Կարելի՞ է Բաղրամյան պողոտայում քմ-ն $3-ով տարածք մասնավորեցնել» եւ այլն ) մեղադրանքի հասցեատերը, պարզվեց, ամենեւին էլ Արդարադատության նախարարությունը չէ, թեեւ ԱԺ նախագահը հենց այդ գերատեսչության գործունեության վերաբերյալ քննարկումների համատեքստում ներկայացրեց վերոհիշյալ ինֆորմացիան: Ավելին, հաշվետվության մեջ անգամ հիշատակված չեն այդ տվյալները եւ տակավին անհայտ է, թե ինչու այդ սենսացիոն փաստերը տեղ չեն գտել այդ փաստաթղթում: Մեզ հայտնեցին, որ այդ տվյալներն «ըստ երեւույթին ընդգրկված են հաշվետվության հավելվածներում»: Ընդհանրապես, քաղաքապետարանն է օտարում Երեւանի հողերը: Եվ այդ գործարքներն, իրոք, արժե ուսումնասիրել:

ՎՊ ուշագրավ «բացահայտումներից» մեկն էլ Մաքսային պետական կոմիտեին է վերաբերում: ՎՊ-ն հայտնել էր, ընդ որում՝ ինֆորմացիայի արտահոսքով, որ կոմիտեն ներմուծվող միեւնույն ապրանքների համար տարբեր տնտեսվարողների նկատմամբ տարբերակված մաքսային գներ է սահմանել եւ գանձել: Մինչեւ հաշվետվության հրապարակումը Մաքսային կոմիտեի պետը «ոչնչացրեց» վերահսկիչների այս պնդումը, նրանց խորհուրդ տալով օրենսդրությունն ուսումնասիրել: Իր ասուլիսում կոմիտեի պետը արտասահմանյան ավտոմեքենաների դեպքում հիմնավորել էր, որ այդպես էլ պետք է լինի, որովհետեւ տարբեր երկրներում արտադրված նույնիսկ միեւնույն ֆիրմայի ավտոմեքենաները տարբեր արժեքներ ունեն, որոնցից գանձվող մաքսային արժեքներն էլ, բնականաբար, հաշվարկվում են ըստ այդ գների: Այս «բացահայտումները» եւս, ի վերջո, տեղ չգտան հաշվետվությունում: Վերահսկիչներն այս երեւույթը միայն նշեցին որոշ ապրանքատեսակների վերաբերյալ: Իրականում, պրոֆեսիոնալ գործելու դեպքում մաքսային համակարգում կարելի է ծանրակշիռ չարաշահումներ գտնել (որոնց գոյությունը նույնիսկ մաքսավորները չեն բացառում), բայց դրա համար առնվազն վերահսկիչներն ավելի հմուտ պետք է լինեն, քան մաքսավորները:

Մի խոսքով, վերլուծաբաններից ոմանք հակված են կարծել, որ ՕԵ-ն իր այս ակցիայով փորձեց համատեղել հաճելին (քաղաքական միավորներ, ընտրողների համակրանք) օգտակարի (չարաշահումների դեմ պայքար) հետ, բայց տեղ-տեղ վրիպեց եւ սխալվեց:

Բայց ճիշտ չէ ասել, թե Վերահսկիչ պալատի աշխատանքն ընդհանրապես անարդյունավետ է եղել: Վերահսկիչները պետական մարմինների աշխատանքում արձանագրել են նաեւ աչքի զարնող չարաշահումներ: Հետաքրքիր է Հարկային պետական ծառայության վերաբերյալ տեղեկանքը: Այդտեղ նշված տվյալների վերլուծությունը վկայում է, որ հարկային տեսչությունները կարծում են, թե դեռ իրենք են տնտեսության տերը. երբ կուզեն՝ ակտեր կկազմեն, անգամ առանց հիմնավորումների, երբ կուզեն՝ օրենք կկիրառեն: Օրենքը, սակայն, կիրառվում է այն դեպքում, երբ հարկատուները չեն «բարիշում» կաշառքի շուրջ: Ենթադրաբար, այդ պատճառով է, որ հարկային տեսուչների կազմած ակտերի դեմ դատական հայցերի գերակշիռ մեծամասնությունը, ըստ ՎՊ-ի, բավարարվել է:

ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել