Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մայիս 13,2004 00:00

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱԺ Վերահսկիչ պալատի (ՎՊ) հաշվետվության մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ շատ դեպքերում վերահսկիչներն առնվազն ոչ պրոֆեսիոնալ են գործել, կամ ըստ էության՝ գիտակցաբար «շփոթվել» են, ինչը գուցե արել են խախտումներ գտնելու շատ մեծ ցանկությունից: Դիտարկենք ՎՊ հաշվետվության «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի հատվածը, որի ընտրությունը պատահական չէ. ԱԺ-ն նախորդ օրվա իր աղմկոտ քննարկումների համար հենց այս ոլորտն էր կարեւորել: Ընդ որում, այդ եզրակացություններում տեղ գտած փաստերի վերաբերյալ մեկնաբանություններին, գնահատականներին չենք անդրադառնում, այլ կհամադրենք միայն փաստերը եւ հակափաստարկները: Դրանց համադրումը ցույց է տալիս, որ իր ուսումնասիրությունների եւ եզրակացությունները կազմելու ընթացքում ՎՊ-ն նույնիսկ խախտումներ է թույլ տվել, որոնց էլ կանդրադառնանք: Ավելորդ է նշել, որ ասվածը հիմնավորող բոլոր փաստաթղթերը խմբագրության տրամադրության տակ են: Այսպիսով, վերահսկիչների խախտում N1. Վերահսկիչ պալատի կանոնադրությունը պահանջում է, որ «պետական միջոցների եւ պետական սեփականության այլ տարրերի ոչ արդյունավետ կամ ոչ նպատակային օգտագործման փաստեր հայտնաբերելու դեպքում վերահսկիչն արձանագրություն է կազմում»: Մինչդեռ խնդրո առարկա ԾԻԳ-ի աշխատանքներն ուսումնասիրելու ընթացքում սահմանված կարգով անգամ մեկ արձանագրություն չեն կազմել: Որտեղի՞ց գիտենք՝ օրենքով, արձանագրությունները պետք է կազմվեին ԾԻԳ-ի աշխատակիցների մասնակցությամբ: Եթե նրանք ընդդիմանային կամ չհամաձայնեին, ապա վերահսկիչների կազմած ամենավատ արձանագրությունը կարող էր լինել ԾԻԳ-ի աշխատակիցների առարկություններով արձանագրությունը: Բայց դա էլ չունեն: Մեր հարցին ի պատասխան ԾԻԳ-ից պաշտոնապես հայտնեցին, որ իրենց անգամ չի առաջարկվել որեւէ արձանագրություն, եւ բնականաբար, ոչ մի արձանագրության կազմմանն էլ չեն մասնակցել: Խախտումների վերաբերյալ արձանագրություններ չկան, հետեւաբար՝ հաշվետվությունն իրավական տեսանկյունից առնվազն վիճելի է: Խախտում N2. Նույն կանոնադրության համաձայն, վերահսկիչները պարտավոր են նշել, թե կոնկրետ որ օրենքի կամ նորմատիվ ակտի խախատում է տեղի ունեցել, մինչդեռ, հաշվետվությունում մեծ մասամբ այդ պահանջը կատարված չէ: Խախտում N3. Վերահսկիչները շփոթել են «ծրագրի» եւ «աշխատանքի» կատարողական հասկացությունները: Դա պարզ երեւում է կատարողականի, եզրակացության երրորդ կետի եւ վարկային ծրագրի համադրումից: Իրենց ձեռքի տակ ունենալով բյուջեի կատարողականները, վերահսկիչները ճիգրիտ տեղեկություն չեն ընդգրկել հաշվետվությունում, նշելով, թե 01.06.2003թ. դրությամբ ծրագրի կատարողականը կազմել է 9.7%, իրականում աշխատանքի կատարողականն է այդքան կազմել, ծրագրինը՝ 15-16%: Բայց դա չէ էականը. վերահսկիչները համադրել են անհամադրելի ցուցանիշները, ինչի հետեւանքով համարել են, որ ավելացել է վարկի չօգտագործված մասի նկատմամբ կիրառվող տարեկան 0.5 % տոկոսադրույքով հաշվարկվող գումարը: Իմիջիայլոց, պետությանը ձեռնտու է վարկային գումարներն օգտագործել ծրագրի ավարտին, որովհետեւ հակառակ դեպքում չծախսված գումարից գանձվում է ոչ թե վերահսկիչների նշած 0.5 %-ը, այլեւ 0.75%: Առավել հետաքրքիր մի հանգամանք. հաշվետվության տարբեր բաժիններում ամրագրված սկզբունքների ու գնահատականների միջեւ հակասություններ կան: Հեռու չգնալով համեմատենք, թե օրինակ, վերահսկիչներն ինչ գնահատական են տալիս այլ բնագավառի վարկային միջոցների նույնպիսի արդյունքներին: Հաշվետվության «Էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցում վարկային ծրագրի» միեւնույն իրավիճակի դեպքում Վերահսկիչ պալատի գնահատականը դրական է: Հարց. ՎՊ-ն «Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրում խախտումներ հայտնաբերելու հատուկ պլան ունե՞ր: Խախտում N4. վերահսկիչները եզրակացրել են, որ տեխնիկական հսկիչները շինհրապարակից ու աշխատանքից հաճախ բացակայում են(տես Եզրակացություն, կետ 8), բայց արձանագրություն չեն կազմել: Բայց որ ավելի էական է, ստուգայցերը շինհրապարակ իրականացրել են հաշվետվությունը կազմելուց շաբաթներ հետո: Բացառապես տեղի սղության պատճառով վերահսկիչ պալատի թույլ տված մանր-մունր խախտումներին ու թերություններին չենք անդրադառնում: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել