Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԿԱՇԱՌԱԿԵՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՄ

Մայիս 13,2004 00:00

ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԿԱՇԱՌԱԿԵՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՄ «Եթե արդյունավետ պայքար մղեիք դատական համակարգում առկա կոռուպցիայի դեմ՝ դրանով ստիպված չէր լինի զբաղվել դատախազությունը»՝ մեր այս նկատառմանն է պատասխանում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Ես վստահ չեմ, որ դատախազական մարմինները լավագույն կամ իսկապես արդյունավետ ձեւն են՝ պայքարելու կոռուպցիայի դեմ դատական համակարգում»,- ասել էր Դավիթ Հարությունյանն այն տեղեկության առնչությամբ, որ գլխավոր դատախազությունում ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի բաժինը պատրաստվում է զբաղվել նաեւ դատաիրավական համակարգով: Մեր նկատառմանը, որ եթե արդարադատության նախարարությունն ավելի գործուն միջոցներ ձեռք առներ կաշառակեր դատավորների եւ դատական համակարգում կոռուպցիայի դրսեւորումների դեմ՝ թերեւս առիթ չէր լինի դատախազական միջամտության, պրն Հարությունյանն արձագանքեց այսպես. «Այն մասով, որ առկա է կաշառակերություն, իհարկե, պիտի զբաղվի դատախազությունը ու հարուցի քրեական գործեր: Բայց նաեւ պետք է վերացվեն հիմքերը, որոնք կնվազեցնեն հնարավորությունը կաշառք վերցնելու: Եվ ինչքան շատ մեզ հաջողվի վերացնել հակասություններն այն դաշտում՝ այդքան ավելի արդյունավետ կլինի պայքարը կոռուպցիայի դեմ: Ընդհանուր առմամբ՝ դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարն ունի մի քանի բաղադրամաս, որոնց ուղղությամբ մենք շատ ակտիվ աշխատում ենք: Օրինակ՝ գործընթացի կազմակերպման, զուտ դատարանավարության կապակցությամբ. այսօր դատավորների միջեւ գործերը բաշխվում են դատարանի նախագահի գրությամբ, ինչը մեր կարծիքով՝ եւս կոռուպցիոն հիմք է: Դա չի նշանակում, որ յուրաքանչյուր դեպքում կա կոռուպցիա: Այնուամենայնիվ՝ մենք պետք է կարողանանք գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան արգելափակել դա: Մասնավորապես՝ պատրաստվում ենք ներմուծել ավտոմատ վիճակահանության կարգը, որը թույլ կտա պատահական ձեւով նշանակել այն դատավորներին, որոնք պետք է լսեն տվյալ գործը: Շատ կարեւոր հանգամանք եմ համարում նաեւ դատական նիստերի ձայնագրումն ամենայն ճշգրտությամբ, քանի որ շատ հաճախ, երբ համեմատում ես դատական նիստերի քարտուղարի կողմից ձեռքով գրված արձանագրությունը՝ տեսնում ես, որ այնտեղ առկա են լուրջ աղավաղումներ, որոնք թույլ չեն տալիս ապահովել օբյեկտիվ գործընթաց»: Ուրեմն՝ արձանագրություննե՞րն է համարում դատական համակարգում առկա կոռուպցիայի ամենամեծ դրսեւորումը. «Ամենամեծը չէ, սակայն նմանատիպ բազմաթիվ մեխանիզմներ թույլ կտան մեզ լուծել այս կարեւոր խնդիրը: Մենք ոչ թե պետք է պայքարենք անհատների դեմ, այլ կարողանանք ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք գոնե կնվազեցնեն կոռուպցիայի հնարավորությունը»: Արդարադատության նախարարը այլ հանգամանքներ էլ նշեց. «Ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ նյութական ապահովումը: Դատարանները նյութական առումով պետք է ապահովված լինեն իրենց գործունեությունը կազմակերպելու համար: Ցավոք, այսօր դեռեւս չենք հատկացնում ֆինանսական պատշաճ միջոցներ, որ դատարանն իսկապես արդյունավետ կարողանա կազմակերպել բնականոն գործունեությունը: Կարծում եմ, բավական թերի են նաեւ մեր դատավարական օրենսգրքերը: Նրանք կատարեցին իրենց հիմնական խնդիրը՝ 1999-ից առայսօր ունեցան շատ լուրջ խթանիչ դեր: Այսօր նրանք արդեն հնացել են, եւ ժամանակն է անցնելու դատավարության նոր համակարգերի, որոնք ավելի հարիր են շուկայական տնտեսությանը եւ ավելի շատ են հիմքեր ստեղծում անաչառ քննություն ապահովելու համար: Եվ այն գործընթացը, որ սկսել ենք ու, ինձ թվում է, բավական ինտենսիվ գնում ենք առաջ՝ հնարավորություն կտա կտրուկ կրճատել կոռուպցիան դատական համակարգում»: Թեեւ Դավիթ Հարությունյանը երկրորդական դիտեց անհատների դեմ պայքարը, բայց մեր համոզմամբ՝ եթե արդադատության խորհուրդն ավելի արդյունավետ գործեր եւ լիազորություններից զրկվեին չարաշահումներով առավել աչքի ընկած դատավորները՝ սա կլիներ առավել ազդու մեխանիզմ: «Անհատների դեմ պայքարն իսկապես բավարար միջոց չէ,- պնդեց նախարարը:- Սակայն անշուշտ՝ դա եւս անհրաժեշտ է: Եվ կարծում եմ, արդարադատության խորհուրդն այդ առումով բավականին ակտիվ է: Մի քանի դատավորների ետկանչ է իրականացվել վերջին 5 տարիների ընթացքում՝ դատական նոր համակարգի ձեւավորումից ի վեր: Եվ սա իր շատ լուրջ ազդեցությունն է ունեցել՝ արդարադատության խորհրդի քննարկումները լայն տարածում են գտնում դատական համակարգում ու դատավորներն արդեն զգուշանում են այս կամ այն սխալը կատարելուց, հասկանալով, որ դրա համար պատիժը որոշ դեպքերում լինում է անխուսափելի»: Մեջբերենք նաեւ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանին, որը դատաիրավական բարեփոխումների ծրագրի առնչությամբ ասաց, թե այն պիտի ավարտվեր 4 տարում, բայց անցած 3 տարում ոչինչ չի արվել ծրագրի 7 բաղադրիչներից 3-ի առնչությամբ: Մասնավորապես նշեց, թե աշխատանքներ չեն տարվել դատավորների համար վարքի կանոնակարգի եւ նրանց աշխատանքային գործունեության գնահատման մեխանիզմների մշակման, դատաիրավական համակարգի օրենսդրական դաշտի բարելավման, գործերի քննության ժամանակակից համակարգերի ստեղծման ուղղությամբ. «Ոչինչ չի արվել: Այս մի տարվա մեջ կատարվելո՞ւ է»: Դավիթ Հարությունյանն առայժմ չի պատասխանել ծրագրի չկատարման վերաբերյալ այս մեղադրանքներին, այլ միայն հայտարարել է. «Մտահոգված ենք, որ ԱԺ ամբիոնն օգտագործվում է սխալ եւ ապակողմնորոշող տեղեկություններ տարածելու համար։ Որեւէ մեկը բարոյական իրավունք չունի օգտագործել բարձր ամբիոնը անպատասխանատու հայտարարությունների համար»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել