Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFA) երեկ հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հերթական ցուցակը՝ մայիս ամսվա դրությամբ:
Առաջատարների եռյակում որեւէ փոփոխություն չի արձանագրվել: Թիվ մեկ ազգային հավաքականի տիտղոսը կրկին իր ձեռքում է պահում աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան: Առաջվա պես նրան հաջորդում են Ֆրանսիան եւ Իսպանիան: Իսկ տասնյակն ըստ հերթականության կազմել են՝ 4. Նիդեռլանդներ, 5. Արգենտինա, 6. Մեքսիկա, 7. Թուրքիա, 9. Գերմանիա, 10. Չեխիա:
Ապրիլի 28-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում Թուրքմենստանի ընտրանու հետ ընկերական հանդիպումում 1 : 0 նվազագույն հաշվով հաղթանակ տանելուց հետո Հայաստանի ազգային հավաքականը ցուցակում վեր է բարձրացել երկու աստիճանով եւ այժմ զբաղեցնում է 112-րդ տեղը: Իսկ ահա մրցակիցը մեկ քայլ նահանջել է:
ԱՊՀ երկրների մեջ լավագույն ցուցանիշն ունի Ռուսաստանը՝ 30-րդ հորիզոնական: Այնուհետեւ գալիս են. 52. Լատվիա, 65. Ուկրաինա, 71. Էստոնիա, 77. Ուզբեկստան, 82. Բելառուս, 87. Թուրքմենստան (-1), 99. Վրաստան, 104. Մոլդովա, 108. Լիտվա, 116. Ադրբեջան, 133. Տաջիկստան, 136. Ղազախստան, 158. Ղրղըզստան:
Ֆուտբոլի աշխարհի 2006 թվականի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում Հայաստանի մրցակիցներից միայն Չեխիան է նախորդ ցուցակի հետ համեմատած մեկ աստիճան նահանջել: Այդուհանդերձ, այն եզրափակում է լավագույն տասնյակը: Նիդեռլանդները, ընդհակառակը, մեկ քայլ վեր է կատարել եւ ներկայումս չորրորդն է: Էլ ավելի է դիրքերն ամրապնդել Ռումինիան՝ 31-ից տեղափոխվելով 28-րդ հորիզոնական: Իսկ Մակեդոնիան 92-ից առաջացել է 88-րդ տեղ: Ինչ վերաբերում է Ֆինլանդիային եւ Անդորրային, այդ երկու երկրներն էլ կարողացել են պահպանել դիրքերը՝ մնալով, համապատասխանաբար, 42-րդ եւ 147-րդ հորիզոնականներում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ