Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դոն Կիխոտն արդիական է»

Մայիս 13,2004 00:00

Կիեւում վերջերս ավարտված մոնոներկայացումների 5-րդ միջազգային փառատոնից վերադարձավ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Արամ Հովհաննիսյանը։

Փառատոնի մասնակից տասը երկրների (Շվեյցարիա, Մակեդոնիա, Գերմանիա, Լեհաստան եւ այլն) մոնոներկայացումներից հայ դերասանի խաղը «Ռոսինանտ» մոնոպիեսում՝ դոնկիխոտյան թեմաներով (հեղինակ՝ Խաչիկ Չալիկյան, բեմադրիչ՝ Հրաչյա Ղազարյան), հաղթող ճանաչվեց թատերարվեստի հնարավոր բոլոր ժանրերի սինթեզի լավագույն համադրման համար անվանակարգում։

Ա. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ փառատոնին իր մասնակցության հրավերը ստացել էր թատերական քննադատ, Ուկրաինայի մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Նինա Մազուրից։ Հիշեցնենք, որ տիկին Մազուրը 2003թ. սեպտեմբերին հրավիրված էր Հայաստան՝ մոնոներկայացումների առաջին միջազգային փառատոնին (տնօրեն՝ Հակոբ Ղազանչյան), որտեղ Ա. Հովհաննիսյանի մասնակցությունը՝ կրկին «Ռոսինանտ» մոնոներկայացումով, ճանաչվեց լավագույնը՝ «Դասական երկի օրիգինալ վերարտադրման համար» անվանակարգում։

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կբացատրեք այս էլ երկրորդ անգամ հանրահայտ դոնկիխոտյան թեմաներով մոնոպիեսի ձեր մեկնաբանության բարձր գնահատականը, դերասանը պատասխանեց. «Յուրաքանչյուր բեմադրության հաջողության գրավականը դերասանի ու բեմադրիչի յուրովի մեկնաբանումն է։ Իմ դեպքում ասածիս կգումարեի նաեւ պիեսի արդիականությունը, այն է՝ դոնկիխոտյան վեհ գաղափարները խիստ ծանոթ այժմեական երանգներ են պարունակում, որում գլխավորն, իհարկե, անհանդուրժողականությունն է անարդարության դեմ, պարզ ասած՝ կռիվ, որ աշխարհը վերագտնի արդարությունը»։ Մեր հաջորդ՝ դուք նույնպե՞ս «կռվող» եք հարցին, դերասանն անկեղծացավ, ասելով. «Այո, կռվել եմ ու կշարունակեմ կռվել հանուն արդարության՝ բոլոր ոլորտներում»։ «Առավոտի» դիտարկմանը՝ կարո՞ղ ենք ձեր ասածը վերագրել նաեւ թատերարվեստի ոլորտին, Ա. Հովհաննիսյանը նախ նշեց, որ ինքը իբրեւ դերասան բավարարված է, թվարկելով կոմեդիայի թատրոնում իր զբաղվածությունը թատերասեր հասարակայնության կողմից ընդունված ու սիրված՝ Գ. Սունդուկյան՝ «Խաթաբալա», Արամ-Աշոտ Պապայան՝ «Գնա մեռի, արի սիրեմ», Ժ. Անանյան՝ «Տեր, մեզ մի թողնի անտեր» եւ այլ բեմադրություններում։ «Ավելին, մայր թատրոնում որպես ռեժիսոր, բեմադրիչ Աիդա Հովհաննիսյանի հետ հանդիսատեսի դատին ենք հանձնել Կարինե Խոդիկյանի «Կինը անձրեւից հետո» պիեսը, շուտով բեմադրիչ Հրաչյա Ղազարյանի ու իմ ռեժիսուրայով կհանձնենք Էդուարդ Օլբիի «Ամեն ինչ պարտեզում» ներկայացումը, իսկ կոմեդիայի թատրոնում կմարմնավորեմ Մաթեոսի կերպարը Շիրվանզադեի «Ազգային գործիչը» բեմադրությունում»։

Կիեւյան փառատոնից հետո դերասանը ստացել է հրավեր՝ աշնանը «Ռոսինանտը» ներկայացնելու Մոսկվայում, Լեհաստանում, Բելառուսում։

Ա. Հովհաննիսյանը կարեւորեց կիեւյան միջազգային փառատոնի ժյուրիի կազմում թատերական քննադատների (Լեհաստանից՝ Անջեյ Ժուրովսկի, Լիտվայից՝ Մարիա Տանանա) ներկայությունը։ Մի մասնագիտություն, որ Հայաստանում «անունը կա՝ ամանում չկա»։

Հայ հանդիսատեսին Ա. Հովհաննիսյանը «Ռոսինանտ» մոնոներկայացմամբ կներկայանա մոտ ժամանակներս՝ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել