Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԾԱՓ ՈՒ ԾԻԾԱՂԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԵՄ»

Մայիս 13,2004 00:00

Ասում է Աշոտ Ղազարյանը

Մայիսի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա սիրված արտիստի հոբելյանական երեկոն՝ նվիրված ծննդյան 55-ամյակին: Կմասնակցեն նրա գործընկերները՝ երգիչ-երգչուհիներ, դերասաններ (Լեւոն Մալխասյան, Նունե Եսայան, Արամո, Էմմա Պետրոսյան, Աիդա Սարգսյան, Հրանտ Թոխատյան, Մարգարիտա Խաչատրյան եւ ուրիշներ): Երեկոյի առաջին՝ թատերականացված մասում կլինեն հատվածներ տարբեր ներկայացումներից, երկրորդ բաժնում դերասանը զուգերգերով հանդես կգա երգիչ-երգչուհիների հետ: Երեկոն կեզրափակվի հոբելյարին՝ որդու՝ Արմանի նվիրած երգով:

«Ես իմ ծննդյան օրերը չեմ սիրում, սովորաբար տխուր եմ լինում: Էդ ընկերներս պնդեցին, որ անպայման նշվի»,- ասաց դերասանը:

Մայիսի 30-ին Գյումրիում նա իր գործընկերների հետ կրկին հանդես կգա «Մեր օրերի երգը» ներկայացմամբ: «Ներկայացումը Երեւանիս մասին է, որն ամենից առաջ սիրո կարիք ունի ու ինչ-որ առումով փոխել է նախկին կոլորիտը: Մինչդեռ կարող էր եւ այդպես չլինել»,- ափսոսաց Ա. Ղազարյանը: Ի դեպ, դերասանը, որ մանկուց երազում էր Երեւանի քաղաքապետ լինել, վերջերս «վերանայել» է իր երազանքը. «Հիմա չէի ցանկանա, համ էլ շատ մարդու աչքից կընկնեի»:

Ա. Ղազարյանը կարծում է, որ իր ցանկություն-նպատակների մեծ մասն իրականացել է, հետեւաբար իրեն երջանիկ է համարում. «Ունեմ լավ ընտանիք, որը օգնում է ինձ աշխատանքում, ելույթներս անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, ունեմ հրաշալի ընկերներ, մի՞թե այս ամենը քիչ է»: Խոստովանում է, որ շատ է սիրում իր հանդիսատեսին: Եղել են դեպքեր, երբ ռեստորանում ընտանիքի հետո հաճելի ժամանց անցկացնելը ակամա վերածվել է ելույթի: «Ի՞նչ անենք, ռեստորանում երգելու մեջ վատ բան չեմ տեսնում: Զգացել եմ, որ մարդիկ ցանկացել են լսել ինձ, վերցրել եմ միկրոֆոնն ու երգել,-հիշեց դերասանը:- Կարեւորը՝ մարդկանց ուրախացրել եմ, ծիծաղ պարգեւել: Կապ չունի՝ որտեղ ես ելույթ ունենում: Դու քո արվեստն ես ցույց տալիս, մակարդակդ չես իջեցնում»: «Ինչպե՞ս եք կարողանում թաքցնել անտրամադիր լինելը բեմ դուրս գալուց առաջ» հարցի առնչությամբ Ա. Ղազարյանը պատասխանեց. «Պատահել է հիվանդ եմ եղել, բեմ եմ դուրս եկել բարձր ճնշմամբ, եղել են պահեր՝ նաեւ վատ տրամադրությամբ, բայց հանդիսատեսը երբեք դա չի զգացել: Նա դահլիճից պիտի հեռանա բարձր տրամադրությամբ»:

Դերասանը նաեւ ասաց, որ հետաքրքրվում է քաղաքականությամբ այնքանով՝ որքանով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, բայց գտնում է, որ արվեստագետը պիտի արվեստով զբաղվի ու հեռու մնա կուսակցական եւ քաղաքական խաղերից: «Մեծ-մեծ քաղաքագետները չեն կարողանում քաղաքականությունից գլուխ հանել, արվեստագետը ո՞նց գլուխ կհանի: Երբ ինձ քաղաքականության մասին հարց են տալիս, հիշում եմ իմ ավագ ընկերոջը՝ Արմեն Խոստիկյանին: Արմենը նման առիթներով միշտ ասում էր՝ ամեն մարդ պետք է իր գարեջուրը խմի: Այնպես որ՝ քաղաքականությունը հեչ իմ գարեջուրը չի, իմ թեման չի: Իմ կուսակցությունը իմ հանդիսատեսն է, իսկ ես հանրապետության ծափ ու ծիծաղի նախարարն եմ»,- ասաց դերասանը:

Նա հյուրախաղերով սեպտեմբերին կմեկնի Եվրոպա, այնուհետեւ Իրան ու Ռուսաստան: Մինչեւ տարվա վերջ պատրաստ կլինեն Ա. Ղազարյանի երգերի ու անեկդոտների նոր ձայներիզները: «Ես իմ ձեռքը կրակն եմ ընկել, անհանգիստ մարդ եմ: Միշտ ասում եմ՝ վերջ, բավական է, ժամանակն է հանգստանալու: Բայց երբ մի քանի օր անցնում է՝ նորից գլխիցս մեծ գործեր եմ վերցնում։ Վերջում, սակայն, պետական քննությունս ժողովրդի առջեւ՝ լավ եմ հանձնում»,- ասում է Աշոտ Ղազարյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել