Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԿՄ-ում հակասությունները հաղթահարելի են

Մայիս 13,2004 00:00

Վստահեցրեց ԵԿՄ վարչության անդամ Մյասնիկ Մալխասյանը

– ԵԿՄ-ն այսօր իր ամենալավ ժամանակները չի ապրում: Վաղուց արդեն շշուկներ կան, որ ԵԿՄ Երեւանի կառույցի եւ վարչության վերնախավի միջեւ որոշակի տարաձայնություններ կան: Դրա առերեւույթ վկայությունը նաեւ ԵԿՄ օրը՝ մայիսի 8-ին տարբեր վայրերում եւ տարբեր շրջանակներում նշելն էր: Որո՞նք են այդ տարաձայնությունները:

– Ցանկացած կառույցում տարաձայնություններ լինում են, նույնիսկ ընտանիքում: Առանց դրանց զարգացում, կարծում եմ, հնարավոր չէ: Մյուս կողմից՝ ԵԿՄ-ն զինվորական կառույց չէ, որը վերեւից-ներքեւ եկող հրահանգով, հրամաններով է կառավարվում: ԵԿՄ-ն հասարակական կառույց է, ուր ամենասուր եւ տարաբնույթ քննարկումներ են լինում տարբեր հարցերի, նաեւ երկրի իրավիճակի շուրջ: ԵԿՄ-ն այն կառույցն է, որտեղ քաղաքական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ կան եւ անհնարին է, որ տարբեր հայացքներ կրող մարդիկ բոլոր հարցերում համակարծիք լինեն: Բայց հարցն այլ է: Իրոք, ինձ համար ցավալի է եւ անհասկանալի է «երկրապահի» օրը առանձին-առանձին նշելու փաստը, ու Ձեր հարցադրման պատասխանը ես չունեմ: Գիտեմ միայն, որ դրանով հանդերձ ԵԿՄ-ն միշտ եղել է ամուր, միասնական՝ նաեւ իր համար ավանդական միջոցառումներ նշելիս: Այս անգամ դա տեղի չունեցավ, թեեւ, կարծում եմ, որ դա հաղթահարելի է: Գոնե ես հույս ունեմ, որ այդ հակասությունները, որ պայմանավորված են նաեւ երկրի ներքաղաքական իրավիճակով, կհաջողվի հարթել: Մյուս կողմից, մեր իշխանությունները, որ քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ պառակտելու փորձ ունեն, ինչու չպետք է փորձեն ԵԿՄ-ի նման հզոր կառույցը մասնատել: Դա ցավալի է, բայցեւ, կարծում եմ, անկախ այն բանից, թե ինչ զարգացումներ կլինեն, ոչ ոք իրեն չպետք է թույլ տա ԵԿՄ-ի նման կառույցի հանդեպ այդպես վարվել, որովհետեւ մենք աշխարհաքաղաքական այնպիսի դիրքում ենք, որ ԵԿՄ-ն դեռ պետք է գալու մեր Հայրենիքին:

– Վերադառնանք ԵԿՄ-ում առկա հակասություններին: Դրանք, կարծես, ոչ թե անձնական, այլ սկզբունքային են, որոնք հաղթահարելն ավելի դժվար է: Հնարավո՞ր է, որ դա ԵԿՄ մասնատման պատճառ դառնա:

– Չեմ կարծում, թե սկզբունքային տարաձայնություններ կան: Ինձ թվում է, դրանք հաղթահարելի են, առավել եւս, որ նման տարաձայնություններ նախկինում էլ եղել եւ միշտ հարթվել են:

– Այդուհանդերձ, երկրապահներից որեւէ մեկի մտքով չի անցել խոսք ասել ի պաշտպանություն իր այն զինակիցների, ովքեր այսօր մեկուսարաններում են:

– Եղել են մարդիկ, ովքեր առաջարկել են: Նախագահության նիստում նույնիսկ նման քննարկումներ են եղել, մասնավորապես Ա. Զաքարյանի հետ կապված, բայց նա դեմ է եղել, որ ԵԿՄ-ն հանդես գա ի պաշտպանություն իրեն՝ համարելով, որ ինքը որեւէ հանցանք չի գործել: Կարծում եմ դա նորմալ մոտեցում է:

– Ես չեմ կարող չհարցնել նաեւ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցածի մասին ԵԿՄ-ի կամ՝ գոնե Ձեր անձնական վերաբերմունքի մասին, առավել եւս, որ 96-ին ԵԿՄ-ն գրեթե համանման մի գործողության անմիջական մասնակցություն է ունեցել: Այս անգամ ԵԿՄ-ն ի դեմս վերնախավի գոնե բարոյապես աջակցում էր իշխանություններին, իսկ մի մասը՝ բարիկադների մյուս կողմում էր:

– Ես կարող եմ իմ դիրքորոշումն ասել այդ առնչությամբ: Ապրիլի 12-ի լույս 13-ի դեպքերը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկն է: Տեղի ունեցածը միանշանակ դատապարտելի է: «Շուրջկալ» օպերացիա իրականացնել սեփական ժողովրդի նկատմամբ՝ անմարդկային արարք է, մանավանդ, երբ նույնիսկ թշնամու նկատմամբ նման գործողությունների ժամանակ պատերազմական իրավիճակներում միջանցք էր թողնվում: Դա միջազգային նորմերով եւս անթույլատրելի եւ դատապարտելի արարք էր, որով իշխանությունները հիմք դրեցին իրենց վախճանին: Սրա հետեւանքները դեռ հետո կզգան իշխանություններն ու ժողովուրդը: Ու թեեւ դա 96-ին տեղի ունեցածի հետ որեւէ համեմատության եզր չունի, այդուհանդերձ, այո, այն ժամանակ էլ դա դատապարտելի էր: 96-ին ես եղել եմ իմ ընկերների հետ, բայց համարում եմ, որ դա անընդունելի արարք է եղել: Ես կուզենայի, որ մեր ժողովուրդն ու իշխանությունները հասկանային եւ ադեկվատ գնահատեին ստեղծված իրավիճակն ու երկիրը չմտցնեին մի այնպիսի ցիկլի մեջ, որից հետո դժվար է լինելու բոլորիս համար: Իշխանություններն ու ընդդիմությունը պետք է կարողանան միասին լուծում գտնել իրավիճակից դուրս գալու համար: Դրա համար այսօր նախապայմաններ կան:

– Բայց ԵԿՄ-ն իր դիրքորոշումն առայժմ պաշտոնապես չի հստակեցրել այդ իրադարձությունների նկատմամբ: Արդյո՞ք նա իր կրավորական կեցվածքով չի կրում կատարվածի պատասխանատվությունը:

– ԵԿՄ-ն միշտ էլ կրել է իր բաժին պատասխանատվությունը՝ իր վրա հարվածներ ընդունելով, բայցեւ կարծում է, որ քաղաքական խնդիրները պետք է լուծվեն քաղաքական դաշտում: ԵԿՄ-ն իրեն տեսնում է որպես հայրենիքի զինվոր, որը կոչված է պաշտպանել ու երկրի սահմանները: Կարող է նա այսօր քաղաքական իրադարձություններին արձագանքել, զայրույթի ճիչ արձակել՝ հասարակությունը սթափեցնելու համար, բայց հետո դա նաեւ կարող է դատապարտելի լինել: ԵԿՄ այսօրվա զուսպ կեցվածքը ավելի ճիշտ է եւ սթափեցնող:

Զրուցեց՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել