Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բռնություններ՝ աճուրդի կենտրոնի մատույցներում

Մայիս 13,2004 00:00

Ուղեւորափոխադրումներով զբաղվող «Սեւանի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ մասնավորեցման համար հին եւ նոր տնօրենների վեճը խոստանում է լուծում գտնել դատարանում։

Օրերս խմբագրությանն էր դիմել ընկերության նոր տնօրեն Բ. Հովհաննիսյանը՝ իր ղեկավարած կոլեկտիվի անունից։ Նրա ներկայացրած դիմումից տեղեկացանք, որ «աշխատողներին մեկ տարվա աշխատավարձ չտալու եւ ընկերությունը մտածված ձեւով լուծարման տանելու համար կոլեկտիվի պահանջով 2000թ. աշխատանքից ազատված նախկին տնօրեն Կառլեն Ղազարյանի մեղքով կոլեկտիվը չի կարողացել օգտվել ընկերությունը մասնավորեցնելու հնարավորությունից»։ Ըստ գրության, Կ. Ղազարյանը 2003թ. հուլիսին կայացած ժողովին մասնակցելու նպատակով գրանցել է նախկին աշխատակիցներին, հետո «կազմակերպել» նրանց բացակայությունը ժողովից։ Դրա հետեւանքով քվորում չի ապահովվել եւ կոլեկտիվը զրկվել է մասնավորեցման իրավունքից։ Ավելին, այս տարվա ապրիլի 27-ին Երեւանի աճուրդի կենտրոնում կայացած բաց վաճառքի ժամանակ «իր հետ բերած 40 մարդկանցով մեզ ահաբեկելով, արգելեցին ներս մտնել եւ ներկայացնել փաթեթը, մեզ զրկելով մրցակցության հնարավորությունից»։ Բ. Հովհաննիսյանի նկարագրությամբ, նույն տղամարդիկ արգելել են նաեւ դիմել իրավապահներին՝ մինչեւ աճուրդի ավարտը։ Նման ճակատագրի է արժանացել նաեւ «Անդրանիկ եւ եղբայրներ» ՍՊԸ տնօրեն Ալիկ Ավագյանը։ Պետական գնումների կառավարման վարչության մրցութային հանձնաժողովն, ըստ բողոքարկուի, հաշվի չի առել այս բռնարարքը եւ ընկերությունը մասնավորեցրել է միակ հայտատու Կ. Ղազարյանի անունով։

Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարկոսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում. «Մեր իրավասությունները չեն տարածվում Աճուրդի կենտրոնի դռնից դուրս, մենք չենք կարող պատասխան տալ դրսում կատարվածի համար, մեզ ներկայացել է մեկ հայտատու՝ պետության համար խիստ ձեռնտու ներդրումային փաթեթով, եւ մենք պատճառ չունեինք նրան մերժելու»։ Նա հավելեց, որ մրցույթի մասին տեղեկացվել է մարտի 23-ին եւ «մասնակիցները հնարավորություն ունեին 30 օրվա ընթացքում պատվիրված ծրարով ուղարկելու կամ անձամբ ներկայացնելու իրենց փաթեթը»։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի որոշումը չեղյալ ճանաչելուն՝ ելնելով կատարված բռնարարքից (գործի առնչությամբ Արաբկիրի ոստիկանությունում այժմ նախաքննություն է անցկացվում), պարոն Մարկոսյանը միանշանակ կարծիք ուներ. «Մենք կենթարկվենք միայն դատարանի վճռին»։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել