Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեղավորը ՀՀ եւ Ադրբեջանի իշխանություններն են»

Մայիս 13,2004 00:00

Կարծում է նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը

Երեկ «Համաձայնություն» քաղաքագիտական-իրավական հետազոտությունների կենտրոնը, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ «Ղարաբաղյան հակամարտության գոտում՝ հրադադարի 10 տարին» թեմայով կլոր սեղան էր հրավիրել։ Կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը հրադադարը «միակ նյութական» ձեռքբերումն է համարում այն առումով, որ «զանգվածային զոհեր» այլեւս չկան եւ «կողմերը ցույց տվեցին, որ կամք ունեն»։ Իսկ հայկական կողմի համար նաեւ այն պատճառով, որ «նպատակը՝ ներդաշնակել քաղաքական եւ ռազմական գործողությունները, դրված էր հակամարտության հենց սկզբից»։ Իր խոսքում պարոն Շահնազարյանը մանրամասնորեն ներկայացրեց հրադադարին հասնելու համար անցած ճանապարհը, հատկապես ընդգծելով այդ գործում ՌԴ-ի առանցքային դերը։

Ապա, հրադադարի հաստատումից հետո հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների մոտեցումները (փուլային տարբերակը) ու դիվանագիտական ձեռքբերումները հանգամանալից ներկայացրեց ՀՀ առաջին նախագահի օգնական, ապա՝ մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանը։ Այս համատեքստում Դ. Շահնազարյանը վերհիշեց, որ ԼՂՀ-ի ինքնորոշումը ճանաչելու դիմաց ազատագրված տարածքներն Ադրբեջանին ետ վերադարձնելու հայտարարությունն առաջին անգամ հնչել է Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ դեռ ԼՂՀ պաշտպանության կոմիտեի ղեկավար եղած ժամանակ։

Լ. Զուրաբյանը ներկայացրեց այն վերապահումները, որոնք «նախկիններն» ունեն ներկայիս իշխանությունների՝ ղարաբաղյան հարցում վարած քաղաքականության վերաբերյալ։ Մասնավորապես, ընդգծելով, որ ընտրված «փաթեթային» (բոլոր վիճելի հարցերը կարգավորել, նոր խաղաղություն կնքել) տարբերակը չի կարող Հայաստանի համար նպաստավոր լինել։ Այն, ըստ բանախոսի, ենթադրում է նաեւ հարցի ուժային եղանակով լուծում՝ օրակարգում ունենալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը։ Իսկ իրականում, ըստ Զուրաբյանի, ներկայիս իշխանության խնդիրը հարցը սառեցնելն է, որը մեզ միայն ետընթաց է խոստանում։

Նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը դրական է գնահատում զինադադարի պահպանումը՝ «կողմերը գիտակցում են, որ պատերազմի վերսկսումը ոչինչ չի բերի»։ Միաժամանակ «վատ» է համարում, որ «այն խաղաղության չի վերաճել»։ Մեղավորներն, ըստ Վ. Փափազյանի, շատ են։ Նա հարկ համարեց միայն անդրադառնալ միջնորդների գործունեությանը. «Հաճախ, հատկապես ադրբեջանական կողմից դժգոհություններ են հնչում, որ համանախագահները բավականաչափ ակտիվ չեն եւ ջանքեր չեն գործադրում խաղաղության հասնելու համար։ Այստեղ մասնակի ճշմարտություն կա։ Մենք տարբեր միջնորդների կողմից մի քանի անգամ առիթ ենք ունեցել լսելու, որ իրենց տպավորությամբ՝ կողմերը (իշխանությունները) պատրաստ են խաղաղության, սակայն հասարակությունները կարծես թե պատրաստ չեն։ Եվ իշխանություններին կոչ է արվում, նույնիսկ պարտադրանք է կիրառվում՝ հասարակություններին խաղաղության տրամադրելու»։ Այդ խաղաղությունն, ի դեպ, Վ. Փափազյանի կարծիքով, բավականաչափ ցավոտ եւ դժվար ընկալելի է լինելու։ Բայց նա «կեղծիք» է համարում վերոասվածը. «Ես ենթադրում եմ, որ ադրբեջանական հասարակությունը նույնքան նորմալ է, ինչքան մերը եւ վստահ եմ, որ հենց հասարակություններն են պատրաստ խաղաղության, իշխանությունները՝ ոչ»։ Խնդիրը, ըստ նախկին արտգործնախարարի, հետեւյալն է՝ «կարո՞ղ են վերջապես իշխանությունները գիտակցել, որ խաղաղությունն ավելի մեծ արժեք է, քան զինադադարը, առավել եւս՝ պատերազմը։ Կարո՞ղ են ՀՀ, ԼՂՀ եւ Ադրբեջանի իշխանությունները վեր կանգնել այլեւայլ անձնական խնդիրներից եւ գործել հանուն իրենց հասարակությունների։ Ի վերջո, միջնորդների քայլերն էլ զգալի չափով պայմանավորված են կողմերի դիրքորոշումներից»։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել