Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱԿԱՍՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԸ

Մայիս 13,2004 00:00

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը երեկ ՄԱԱ-ում լրագրողներին հիշեցրեց, թե ի՞նչ էր կատարվել տասը տարի առաջ Բիշքեքում, ի՞նչ էր նախորդել եւ հետեւել դրան:

Երեկ լրացավ 10 տարի այն օրից, ինչ Ղարաբաղում լռեցին թնդանոթները: Սակայն այսօրվա խաղաղ վիճակն, ըստ Բաբկեն Արարքցյանի, շատ փխրուն է, քանի որ չունի որեւէ իրավական հիմք: Տասը տարի առաջ Բիշքեքում Ադրբեջանի, Ղարաբաղի, Հայաստանի օրենսդիր մարմինների ղեկավարների կնքած արձանագրությունն ընդամենը կոչ է եղել, որին պետք է հետեւեր երեք երկրների պաշտպանության նախարարների կողմից ստորագրվելիք պայմանագիրը: Սակայն Մոսկվայում այդ պայմանագիրն այդպես էլ չստորագրվեց: Եվ, փաստորեն, առայսօր հրադադարը պահպանվում է «ջենտլմենական համաձայնությամբ»:

Պարոն Արարքցյանը հիշեց, որ մինչ այդ էլ զինադադարի բազմաթիվ նախաձեռնություններ կային, բայց՝ ապարդյուն: Եվ միայն 1994թ. մայիսին, երբ «կողմերի ռեսուրսները մաշված եւ սպառված էին», հասունացավ հրադադարի պահը. «կողմերը հասկացան, որ պետք է քայլ անել»: Իսկ այն ժամանակվա ՀՀ իշխանությունները ԼՂ-ի հետ կապված բոլոր քայլերն անում էին միայն Ղարաբաղի իշխանությունների անմիջական մասնակցությամբ. «Միշտ, ե՛ւ գործադիրի, ե՛ւ օրենսդիրի հանդիպումներում ԼՂ-ն ներկայանում էր որպես կողմ, ավելին, Մոսկվայում 94 թվին Քոչարյանն ու Ալիեւը առանձին զրուցեցին: Բիշքեքի արձանագրությունը, բացի հրադադարի հաստատումից, խիստ կարեւոր է նաեւ նրանով, որ միակ եւ առաջին փաստաթուղթն է, որտեղ Ղարաբաղն իր ստորագրությունը դրեց որպես սուբյեկտ»: Ստորագրողների պաշտոններն արձանագրության մեջ չնշվեցին, սակայն «բոլորն էլ գիտեին, թե ո՞վ է Կարեն Բաբուրյանը»: Արձանագրությունը ստորագրել էին Բաբկեն Արարքցյանը, Կարեն Բաբուրյանը: Բիշքեքում Ադրբեջանի պառլամենտի փոխնախագահ Ջալիլովն այդպես էլ չստորագրեց փաստաթուղթը, եւ միայն մի քանի օր հետո Բաքվում այն ստորագրեց Միլի Մեջլիսի նախագահ Ռասուլ Գուլիեւը:

Սակայն եթե այն ժամանակ ԼՂ-ն որպես կողմ մասնակցում էր Ադրբեջանի հետ բոլոր բանակցություններին, ապա այսօր իրավիճակը լրիվ այլ է. «Հետագա զարգացումները բերեցին նրան, որ հակամարտությունը երկկողմ կարգավիճակ ստացավ, ու ՀՀ-ն դարձավ հակամարտության կողմ, դրանով իսկ Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը վերաճել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային խնդրի: Դրանից հետո արդեն հրադադարի տերը Հայաստանը չէ: Շատ լավ է, որ դադարը մինչեւ հիմա ձգվում է, բայց եթե խախտվի, ոչ մի իրավական հիմք չկա, որ ասենք՝ խախտել եք»:

Ըստ պարոն Արարքցյանի, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես լուծվի, հարկավոր է լուծելու ցանկություն, որը նա չի տեսնում այսօր, թեեւ այդ հարցի լուծումը կենսական է ՀՀ ապագայի համար՝ «եթե անգամ այս երկրի զարգացման համար արվեր առավելագույնը, էական փոփոխություն չէր լինի: Հայաստանի էական առաջընթացի համար հարկավոր է, որպեսզի քաղաքական խնդիր լուծվի: Իսկ այս՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում դժվար է խոսել ժողովրդավարական արժեքների մասին՝ դա է օբյեկտիվ իրականությունը: Եթե գիտակցում ենք այդ հարցի կարեւորությունը մեր երկրի ապագայի համար, ապա պետք է մտահոգված լինենք հարցը լուծելով, եւ ոչ թե հարց դնենք՝ հաղթական տարբերակ, պարտվողական տարբերակ: 1997 թ. առաջարկված փուլայինը շատ ընդունելի տարբերակ էր, բայց մերժվեց Ղարաբաղի իշխանությունների կողմից եւ նրանք ներկայացրին իրենց հաղթական տարբերակը»: Ըստ Արարքցյանի, Ղարաբաղի հարցը լուծելու համար հարկավոր է ոչ թե «հաղթական նախագիծ», այլ՝ նախեւառաջ, քաղաքական կամք, ապա «ուժեղ լեգիտիմ իշխանություն, որովհետեւ լեգիտիմության ցանկացած թուլացում բերում է մի փոքր պարտություն: Գուցե հենց դա է պատճառը, որ այսօրվա քաղաքական իշխանությունները չեն ցուցաբերում այդ կամքը՝ լուծելու խնդիրը»:

Պարոն Արարքցյանն ուներ եւս մի նկատառում. «Եթե ռազմական հաջողություններն արագ չեն ամրապնդվում քաղաքական փաստաթղթերով, ապա ժամանակի ընթացքում այդ ֆակտորը նվազում է: Մինչեւ մեկ, մեկուկես տարի առաջ խոսքը գնում էր ազատագրված, կամ գրավված վեց շրջանի մասին, իսկ հիմա խոսակցությունների մեջ հայտնվել է յոթերորդ շրջանը»: Ո՞րն է դա: Պարզվում է, խոսքը Շուշիի մասին է՝ «փաստորեն, մի օր ասում են՝ գրավյալ տարածքներ, հաջորդ օրը շրջանների թիվն են ավելացնում…»:

Պարոն Արարքցյանն ասաց, որ օրերս «Նյու Յորք թայմս» թերթում մեծ հոդված էր տպագրված ղարաբաղյան հակամարտության մասին, որում թափանցիկ ակնարկ կար՝ այդ տարածաշրջանում մեզ խաղաղություն է պետք, եւ եթե ինքներդ չեք անի՝ մենք կպարտադրենք: ԱԺ նախկին խոսնակը նկատեց՝ «այլ հարց է՝ ի՞նչ ձեւով կպարտադրեն՝ ռազմական, դիվանագիտական, բայց պարզ է մի բան՝ հարց լուծողը մենք չենք լինելու, կարող է նույնիսկ մասնակից էլ չլինենք լուծմանը»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել