Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գազալցակայաններ՝ առանց փաստաթղթերի

Մայիս 12,2004 00:00

Գազալցակայաններ՝ առանց փաստաթղթերի Արաբկիր թաղամասի Գրիբոյեդովի փողոցում, դեմդիմաց կառուցվող երկու գազալցակայաններից միայն մեկն ունի շինության նախագիծ, բայց երկուսն էլ սկսել են կառուցվել առանց անվտանգությունը երաշխավորող փաստաթղթերի։ Օրեր առաջ, երբ «Առավոտին» այցելած «ՕԿՏԱՆ-ԴՊ» ՍՊԸ տնօրենը պահանջում էր հերքում տպագրել փաստաթղթերի անկատարության մասին մեր հայտնած տեղեկության վերաբերյալ, խնդրեցինք ցույց տալ կառույցի անվտանգությունը երաշխավորող տեղեկանքներ։ Տնօրենը խոստացավ գնալ-բերել, բայց չվերադարձավ։ Իսկ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերը վկայում են, որ թե «Ինտեգրալ Գազ», թե «ՕԿՏԱՆ-ԴՊ» ՍՊԸ-ն մայիսի 7-ի դրությամբ չեն ունեցել Արտակարգ իրավիճակների վարչության (ԱԻՎ), Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, Հակահրդեհային ծառայության, Հայլեռտեխհսկողության տեսչության թույլտվությունները։ Ընկերությունները դրանք ստանալու համար չեն էլ դիմել վերոհիշյալ կազմակերպություններին։ Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ կառուցապատողները չունեն նաեւ էկոփորձաքննության եզրակացություն։ Ավելին, աշխատանքները սկսվել են՝ խախտելով կառավարության թիվ 660 որոշումը, որը նախատեսում է կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին նախագծերը հաստատելուց առաջ դրանք քննարկել հասարակայնության ներկայացուցիչների հետ։ «ՕԿՏԱՆ-ԴՊ»-ի կիսատ-պռատ փաստաթղթերի հիման վրա Արաբկիրի թաղապետարանից ստացված շինթույլտվությունը մարտի 29-ի ամսաթվով է, «Ինտեգրալ Գազը» այդ էլ չունի։ Իսկ երկուսն էլ աշխատանքները սկսել են հունվարից՝ առանց շրջակա շենքերի բնակիչների հետ քննարկման։ Այնինչ, ԱԻՎ-ի եւ հակահրդեհային ծառայության գրություններից տեղեկանում ենք, որ երկու ընկերություններն էլ ավտոգազալցման կայանների շինարարությունն իրականացնում են հակահրդեհային միջտարածությունների խախտումներով, չապահովելով շրջակա շենք-շինություններից պահանջվածի կեսի չափ հեռավորություն։ Նկատենք, որ շրջակա շենքերում բնակվում է շուրջ 1500 ընտանիք։ Վերջին մեկ ամսում նրանք ակտիվ պայքարել են իրենց անվտանգ ապրելու իրավունքի համար։ Արդյունքներն այնքան էլ շոշափելի չեն. հաջողվել է ժամանակավորապես կասեցնել միայն «Ինտեգրալ Գազ» լցակայանի կառուցումը։ Ի դեպ, սեղմված բնական գազի լցակայան մինչ օրս Երեւանի ներսում չի եղել. նմանատիպ կայանները տեղակայված են քաղաք մտնող ճանապարհներին։ Թերեւս դա է պատճառը, որ գործող նորմատիվային չափանիշները, որոնք ժառանգություն են մնացել խորհրդային ժամանակներից, չեն ներառում բնակելի տարածքում սեղմված բնական գազի լցակայանների մասին տեղեկություններ։ Չափանիշները սահմանված են հեղուկ գազի կայանների համար։ Վերոհիշյալ երկու ընկերություններն իրենց տարածքների համար ունեն սեփականության իրավունք։ Ըստ մեր տեղեկությունների, երկու տարի առաջ լուծարվել եւ ԴԱՀԿ ծառայության հայտարարած աճուրդով վաճառվել են Երարդշին տրեստի եւ տրոլեյբուսի հավաքակայանի զբաղեցրած տարածքները։ Գնորդները գազալցակայան կառուցող երկու ՍՊԸ-ներն են։ Անցյալ տարվա դեկտեմբերին նրանք Երեւանի քաղաքապետարանից կառույցների համար ստացել են ճարտարապետահատակագծային առաջադրանք։ Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշում, ըստ մեր տեղեկության, նույնպես չկա։ Սակայն այսքան «չկա»-ները գազալցակայանների տերերին չեն ստիպում հրաժարվել իրենց մտադրությունից։ Ավելին, «ՕԿՏԱՆ-ԴՊ»-ն այս օրերին էլ նույն թափով շարունակում է իր աշխատանքը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել