Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երկրապահը» ժողովրդի զավակն է

Մայիս 12,2004 00:00

«Երկրապահը» ժողովրդի զավակն է Ասում է ԵԿՄ վարչության անդամ Մյասնիկ Մալխասյանը Այսօր լրանում է Արցախյան պատերազմում զինադադար կնքելու 10 տարին: «Զինադադարը ոչ միայն ինձ համար, այլեւ՝ հայ ժողովրդի, ինչու չէ, նաեւ մեր հակառակորդի համար, խաղաղ գոյակցության ամենակարեւոր պայմանն է, որը մարդկանց հնարավորություն է տալիս աշխատել եւ ստեղծագործել: Այդ զինադադարը՝ առավել եւս հայ ժողովրդի համար, բավականին ծանր օրերի եւ մեծ դժվարությունների գնով է ձեռքբերվել եւ եղել է, ինչու չէ, նաեւ այն ժամանակվա իշխանությունների խոհեմ, նպատակաուղղված քաղաքականության, Հայաստանի եւ Արցախի ինքնապաշտպանական ուժերի մարտունակության արդյունքում, որոնք հարկադրեցին մեր հակառակորդներին նստել բանակցությունների եւ զինադադար կնքել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության անդամ Մյասնիկ Մալխասյանը: Իսկ ո՞րն է զինադադարից 10 տարի անց ԵԿՄ-ի տեղն ու դերը մեր հասարակական կյանքում: «Խաղաղ պայմաններում ԵԿՄ-ն նախեւառաջ առաջնորդվում է իր հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի նշած ուղենիշով՝ ստանձնելով Հայաստանում խաղաղ ապրելու, շանթարգելի դեր»,- հայտարարեց Մ. Մալխասյանը՝ հավելելով, թե այդ իմաստով «երկրապահները» բավականին կարեւոր դեր են ունեցել՝ երկրում կայունություն ապահովելու գործում: «Ցավոք, իշխանությունները ԵԿՄ-ի այդ պահվածքում փորձել են ընդդիմություն տեսնել, նրա ասած ճշմարտությունը ցավով են ընդունել եւ վանել են ԵԿՄ-ին: Ավելին, մի պահ եկավ, երբ իշխանությունները ԵԿՄ անդամ ազատամարտիկներից զանգվածաբար սկսեցին ազատվել կառավարման ամենատարբեր ոլորտներում»,- ասաց ԵԿՄ վարչության անդամը: Ըստ նրա, այդ քաղաքականության պատճառը միակն էր՝ «նրանք ուզում էին հայրենիքը պահած եւ հայրենիքը շենացած տեսնելու երազանք ունեցող մարդկանցից ազատվել, որպեսզի իրենց ձեռքերն ազատ լինեին եւ այդ ոլորտներում իրենք ազատ գործեին: Մի պահ նաեւ իշխանությունները փորձեցին ԵԿՄ բոլոր անդամներին ներկայացնել նույն չափորոշիչներով՝ հասարակությանը համոզելով, թե բոլոր «երկրապահները» ջիփերով են ման գալիս, եւ ժողովրդի թշվառության պատճառը երկրապահն է: Մի պահ, կարծես, ժողովուրդն այ դպիսի համոզմունք ուներ: Բայց ես առիթ եմ ունեցել ասելու, որ երկրապահն այս ժողովրդի մի մասն է, նրա զավակը, որի մեջ, ինչպես հասարակության ներսում, կան տարբեր շերտեր, հարուստներ՝ իրենց ջիփերով, եւ կան մարդիկ, ովքեր ապրում են իրենց աշխատավարձով: Իսկ երկրապահի մեծ մասը, ինչպես ժողովրդի մեծ մասը, իր օրվա հացը շատ մեծ դժվարությամբ է վաստակում»: Արդյո՞ք ԵԿՄ-ի կրավորական կեցվածքը պայմանավորված է հենց նրանով, որ իշխանությունները հարմար առիթներ չունենան բարձրաձայնելու այդ ջիփերի մասին: Դրանք արդյո՞ք ինքնատիպ զսպաշապիկ չեն, ինչպես այլ կոմպրոմատները, որոնք կան իշխանությունների ձեռքին՝ ԵԿՄ-ին սանձելու համար: «Եթե անկեղծ լինենք, ապա՝ ինչպես հասարակության ցանկացած անդամին են նրա դեմ «կոմպրոմատ» հավաքելով կարողանում զսպել կամ՝ թուլացնել, նույնը կարող է տարածվել նաեւ ԵԿՄ-ի անդամների վրա: Ես ասացի, որ՝ լինելով մեր հասարակության մի մասը, ԵԿՄ-ում էլ արտացոլված են այն բոլոր երեւույթները, որոնք կան հասարակության ներսում: Բնականաբար, ԵԿՄ-ի ձեր մատնանշած այն հատվածը, որը ջիփեր ունի, իշխանության մաս է կազմում եւ իշխանությունների հետ է, թեեւ չի բացառվում, որ այդ հատվածը՝ այդ թվում ԵԿՄ անդամ գեներալները, միանգամայն այլ կերպ են մտածում, քան իշխանությունները: Դրա մասին բարձրաձայնելը դեռ չի նշանակում, որ նրանք համակերպվում են իրավիճակի հետ: Նրանցից յուրաքանչյուրը հասկանում է, որ եթե այսօր պետությունը չի գնահատում իր զավակներին եւ կարող է ՊՆ նախկին նախարար, գեներալ-լեյտենանտին կալանավորել եւ ծեծի ենթարկել, ապա իրենք՝ մյուս գեներալները եւս կարող են մտածել, որ հաջորդ օրը իրենք կարող են հայտնվել նույն վիճակում»,- ասաց ԵԿՄ վարչության անդամ Մյասնիկ Մալխասյանը: Նրա հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա համարում: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել