«Առավոտն» արդեն անդրադարձել է Գյումրիի Ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող մի քանի կառույցների անտեսված վիճակին:
Դրանցից շատերի, այդ թվում՝ մանկավարժական ինստիտուտի հին շենքի վերանորոգման հարցը դարձյալ մնում է օդից կախված:
Գյումրիի մանկավարժական ինստիտուտի համար այս տարի պետական բյուջեից գրոշ անգամ չի հատկացվել: Իսկ առհասարակ քաղաքաշինության նախարարության առաջարկով կրճատվել է Գյումրիի վթարային շենքերի վերանորոգման համար նախատեսված գումարի չափը՝ տրամադրելով ընդամենը 145 մլն դրամ: Ակնհայտ է, որ նախարարության «առատաձեռնությունից» առաջնահերթ տուժել է մանկավարժականը: Ի տարբերություն արժեքավոր մյուս կառույցների՝ հիշյալ շենքի վրա արդեն 165 մլն դրամի շինմոնտաժային աշխատանքներ են կատարվել: Մասնագետ-շինարարների կանխատեսմամբ, շինարարությունը չշարունակելու դեպքում կառավարությունը տուժելու է եռակի ու քառակի. «կատարած ծախսը ամբողջապես ջուրն է լցվելու»: Այս պահին ոչ միայն անբարենպաստ եղանակներն են շենքին լուրջ վնասներ հասցնում (այն կտուր չունի), այլ նաեւ շրջակայքի բնակիչները: Ականատեսների վկայությամբ, նրանք «աչքը տեսածը քանդում ու տներն են կրում»: Շրջակայքի բնակիչներն էլ իրենց հերթին ինստիտուտի մարզադահլիճային կորպուսի վթարային վիճակից են դժգոհում: Հին Գյումրիի որոշ սեփական տներ գտնվում են մարզադահլիճային կորպուսից մեկ քայլ հեռավորության վրա: Վերջերս փլուզում էր տեղի ունեցել. երկաթի մի խոշոր կտոր քամու ազդեցության տակ կառույցից պոկվել ու ընկել էր ներքեւ: Բնակիչների վկայությամբ, հարեւաններից մեկը մեռնելուց է պրծել: Երկաթը, բարեբախտաբար, ընկել էր ոչ թե գլխին, այլ կողքը: Իսկ բակի երեխաները վախից մոռացել են մանկական բոլոր խաղերը:
Բնակիչներից բացի, ոչ պակաս բողոքավոր են ինստիտուտի աշխատակիցները: Բանն այն է, որ մանկավարժականի ներկա կառույցում լսարանները չեն բավարարում: Ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի բնութագրմամբ, «իրենք լավ օրից չէ, որ էդ շենքում են ծվարել». նախկին պայմանները կրկնակի ու եռակի վատն էին: Երկրաշարժից հետո իրենց երկու հիմնական մասնաշենքերը դարձել են վթարային: Իրենք ժամանակին թափառականի պես ստիպված թե՛ վրաններ են խփել, թե՛ տնակներ տեղադրել: Իսկ քաղաքի ծայրամասում գտնվող ներկա շենքը ինստիտուտի համար չի կառուցվել, այն նախատեսված է եղել 600 աշակերտ ունեցող դպրոցի համար: Բնականաբար, բուհի 3000 ուսանողին կառույցը բավարար չէ: Ըստ Վարդեւան Գրիգորյանի, եթե նույնիսկ հին շենքը վերանորոգվի եւ բուհի երեք ֆակուլտետներ այնտեղ տեղափոխվեն, իրենք դարձյալ ստիպված են երկու հերթով աշխատել, էլ ուր մնաց՝ հիմա:
Իսկ առհասարակ, պարոն Գրիգորյանը կարծում է, որ Շիրակի մարզի ամենամեծ կրթամշակութային օջախը պետք է լինի քաղաքի կենտրոնում: Նրան անգամ անհայտ է մնում, թե ո՞վ իրենց ձեռքից խլեց նախկին շրջխորհրդի շենքը՝ այժմյան Գյուլբենկյանի հիվանդանոցը, որը քաղաքի կենտրոնական մասում է եւ երկրաշարժից հետո տրամադրվել էր ինստիտուտին: «Դա հիվանդանոցի համար որքանո՞վ հարմար շենք է, մեքենաների աղմուկից մարդ է գժվում»,- զարմանում է Վարդեւան Գրիգորյանը:
Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ