Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՇԵՂԵՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 12,2004 00:00

Երեկ խորհրդարանում շարունակվեց ԱԺ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկումը։ Ելույթներն աչքի ընկան բորբոքվածությամբ, փոխադարձ մեղադրանքով եւ կոշտ գնահատականներով։

Ըստ էության, Վերահսկիչ պալատը այնպիսի բացահայտումներ է կատարել, որոնք հիմք են տալիս ԱԺ նախագահին՝ դիմել դատախազություն։ Արթուր Բաղդասարյանը երեկ հայտարարեց, որ ինքը օգտվելու է ԱԺ նախագահին վերապահված այդ իրավունքից։ Պարզապես մեկ հարց մնում է առկախ՝ արդյո՞ք դատաիրավական բարեփոխումների ծրագրի կատարման հետ կապված խախտումներն ու անճշտություններն ավելի շատ են, քան, ասենք, մաքսային եւ հարկային համակարգերում։ Նախորդ օրը մենք ակնարկել էինք, որ հաշվետվությունից հետո հնչող ելույթներում ՕԵԿ անդամ պատգամավորները քննադատություն էին հնչեցրել արդարադատության նախարարի հասցեին։ Երեկ ելույթները շարունակվեցին նույն ոգով, սակայն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ իր հերթին դիմեց սուր արտահայտչաձեւերի, մասնավորապես հիշեցնելով ՕԵԿ-ի պոպուլիստական հակվածության մասին։ Օգտվելով արտահերթ ելույթի իր իրավունքից, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ հայտարարեց. «Պետք է կարողանանք բացահայտված թերություններին նայել շիտակ աչքերով եւ ոչ թե ամպագոռգոռ ելույթներ ունենալ, կոկորդներ կրծել ու պատռել, դրանով սեփական տեսակետների ճշմարտացիությունը հիմնավորելու համար»։ Արթուր Բաղդասարյանը հարկ համարեց բարձրաձայնել Վերահսկիչ պալատի կողմից բացահայտված մի շարք փաստեր. «Կարապի լճի մոտ 4000 քմ տարածքը $ 21 հազարով կարելի՞ է ծախել, ո՞վ է գնել, ո՞վ է տերը։ Պարզենք։ Դա ռեալ չարաշահում է եւ դա տասը տարի առաջ տեղի չի ունեցել։ Կարելի՞ է Բաղրամյան պողոտայում քառակուսի մետրը $3-ով տարածք մասնավորեցնել։ Կարելի՞ է Մոսկովյան փողոցում, «Պապլավոկի» հարեւանությամբ մի քանի հարյուր դոլարով տարածք գնել։ Այս փաստերը հաշվետվության մեջ հստակ նշված են»։ ԱԺ նախագահը հավաստիացրեց, որ կոալիցիան մտադիր չէ աչքակապությամբ զբաղվել. «Կոալիցիա ենք կազմել եւ իշխանություն է ձեւավորվել։ Եկել ենք կատարվածի դեմ ա՞չք փակելու, թե՞ եկել ենք երկրում մի բան փոխելու։ Ուզում եմ հայտարարել, որ եկել ենք մի բան փոխելու եւ ոչ թե աչքակապությամբ զբաղվելու»։ ԱԺ նախագահը բոլորովին հավաստի չհամարեց արդարադատության նախարարի որոշ բացատրություններ դատաիրավական բարեփոխումների ծրագրի հետ կապված։ Դավիթ Հարությունյանը ասել էր, թե 99-ից մինչ այժմ շինանյութերի գները թանկացել են. «Եթե 20 դատարան վերանորոգելու համար հատկացված է եղել $4.451.000 եւ 9 դատարան սարքելուց հետո փողը վերջացել է, ի՞նչ շինանյութի մասին է խոսքը։ Մյուս 11 դատարանների համար մնացել է ընդամենը $64.000։ Ո՞վ է պատասխան տալու։ Եվ ցավալին այն է, որ հնչում են քաղաքական գնահատականներ եւ մեղադրանքներ, ինչ է թե մեկը համարձակվել է ոտքը տրորել կամ մի երկու բառ ասել»։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ նախագահի այս ելույթից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես ասաց. «Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ եւ ԱԺ նախագահի խոսքում հնչեց մի կարեւոր մեղադրանք։ Կառավարությունը մեղադրվում է, որ նախատեսված 20 դատարանների փոխարեն վերակառուցել է տասը եւ գումարները սպառվել են։ Փաստը ինքնին շատ ճիշտ է նշված։ Սակայն կա՞ որեւէ մեկի մեղքը, թե՞ դա բնական գործընթաց է։ Կարծում եմ, շատ բնական գործընթաց է։ Նախնական գնահատումը իրականացվել է 99-ին գործող գներով, երբ դատավորների թիվը շատ ավելի քիչ էր, քան այսօր։ Միայն մեկ օրինակ, տնտեսական վերաքննիչ դատարանը այն ժամանակ ուներ 7 դատավոր, այսօր՝ 22։ Կան բազմաթիվ այլ հիմնավորումներ եւս։ Որոշ դեպքերում հարկ եղավ կառուցել 4 նոր դատարանի շենք։ Կարծում եմ, վերակառուցելը եւ նոր շենքի կառուցելը էականորեն տարբեր են»։ «Առավոտը» նկատեց, որ բացառիկ է, երբ Վերահսկիչ պալատը այսպիսի մեղադրանքներ է ներկայացնում կառավարությանը, այն էլ մեկ նախարարության գծով (միայն մեկ անգամ նման դեպք եղել է բնապահպանության նախարարության հետ կապված)։ Ինչո՞վ է սա բացատրվում, արդյո՞ք քաղաքական նպատակներով։ Արդարադատության նախարարը չուզեց այս հարցի հետ կապված հետեւություններ անել, ասելով, թե ճիշտ կլինի, որ պատգամավորներն այդ մասին մտածեն։ «Անթերի որեւէ ծրագիր չի լինում եւ մեր ծրագիրն էլ ունի թերություններ։ Սակայն չեմ կարող ընդունել, որ այդ թերությունները եղել են դիտավորյալ։ Դրանք ունեն իրենց օբյեկտիվ պատճառները»,- նկատեց Դ. Հարությունյանը։

«Առավոտի» հաջորդ հարցը այն մասին էր, թե արդյո՞ք կատարվածը կարելի է գնահատել որպես օրենսդիր եւ գործադիր մարմնի միջեւ հակասությունների նոր փուլի սկիզբ։ Ըստ Դավիթ Հարությունյանի, ինքը ցավում է այլ պատճառով. «Հաշվետվության մեջ առկա բազմաթիվ անճշտությունները կարելի էր վերացնել ի սկզբանե, ավելի ուշադիր նայելով մեր կողմից ներկայացված առարկությունները»։

Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի փոխանցմամբ, վերահսկողության արդյունքները քննարկվում են տվյալ պահին. «Առարկությունները պետք է ներկայացվեն առանձին փաթեթով, բայց իրենք ոչինչ չեն ներկայացրել եւ գրել են, որ այդ պահին նպատակահարմար չեն գտնում առարկություններ ներկայացնել»։ Ըստ Գագիկ Ոսկանյանի, իրենք Դավիթ Հարությունյանից ավելի ուշ ստացել են մի «թուղթ», որի մեջ գրված է, թե ունեն դիտողություններ ու առաջարկություններ. «Եվ դրանում շատ հետաքրքիր ձեւակերպումներ կան, օրինակ, «սեւացնելու միտումով» եւ այլն։ Ես չգիտեմ, թե ինչու պետք է սեւացնենք եւ հատկապես միտում ունենանք դատաիրավական բարեփոխումների ծրագրի կատարման նկատմամբ»։

Սակայն որոշ պատգամավորներ այս հարցի պատասխանը կարծես գիտեին։ Նրանք վստահ էին, որ այս ամբողջ աղմուկն առաջացել է մեկ պատճառով՝ խորհրդարանի եւ հասարակության ուշադրությունը երկրի ներքաղաքական խնդիրներից առժամանակ շեղելու միտումով։

Այսօր ԱԺ-ն, ըստ ամենայնի, կհաստատի ՎՊ-ի հաշվետվությունը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել