Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԶԻՆՈՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ

Մայիս 12,2004 00:00

ԱԺ-ն փորձում է խաղատնային գործունեությունը դարձյալ թույլատրել Դիլիջան, Ծաղկաձոր, Ջերմուկ եւ Սեւան քաղաքներում:

Մի քանի տարի առաջ ԱԺ-ում նախաձեռնություն եղավ կազինոները Երեւանից եւ այլ քաղաքներից հեռացնելու վերաբերյալ: Հետո այն վերախմբագրվեց՝ հեռավորության իմաստով, եւ այժմ խաղատները գործում են Երեւանի մատույցներում: Այժմ խորհրդարանում հերթական նահանջն է դրսեւորվում սոցիալական այս չարիքը մերժելու քաղաքականությունից՝ առողջարանային 4 քաղաքներում խաղատները թույլ տալու օրինագծի տեսքով, որը քննարկվեց երեկ:

Նախաձեռնությունը «Ջերմուկ-գրուպ» ընկերության նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանինն է, որին ավելի ուշ միացել է նույն խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը: Նշենք նաեւ, որ օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել մարտի 18-ին, ու թանաքը դեռ չչորացած՝ ԱԺ մեծ օրակարգ մտնելուց հետո անմիջապես քննարկվեց եռօրյա նիստերում: Թերեւս պատճառն այն է, որ Վիկտոր Դալլաքյանի եւ այլ ընդդիմադիրների երկու տասնյակից ավելի օրինագծերը անընդհատ հետաձգվում են՝ նրանց նախաձեռնությամբ, եւ ԱԺ-ում ուղղակի նախագծերի երաշտ է: Իսկ գուցե եւ նման հապշտապ քննարկումն իրականացվում է ոչ առանց խաղատների տերերի շահագրգիռ լոբբինգի: Այնուամենայնիվ՝ Հերմինե Նաղդալյանը, որ երեկ ներկայացնում էր օրինագիծը՝ պնդում է, թե ո՛չ ինքն ունի խաղատներ, ո՛չ էլ իր ընկերները:

Ուղղակի շշմեցուցիչ փաստարկներ են ներկայացվել այս օրենքի անհրաժեշտության հիմնավորման մեջ. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղատները կարեւոր հանգամանք են հանդիսանում հանգստի կազմակերպման համար, ուստի նշված քաղաքային համայնքներում դրանց առկայությունը կարող է նպաստել առողջարանային քաղաքների եւ դրանց զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը: Մյուս կողմից՝ այս օրենսդրական փոփոխությունը կնպաստի ՀՀ մարզերում որոշ ներդրումների իրականացմանը»: Ի հավելումն այս հիմնավորման, ըստ որի մոլախաղերն առողջարաններում բուժվելու եւ հանգստանալու ամենաէական տարրերից են՝ Հերմինե Նաղդալյանն ԱԺ ամբիոնից չխնայեց գույները, թե առողջարանային քաղաքները «ծանր օրեր» են ապրում, «անկումային վիճակում» են, «խամրել են», չկա զբոսաշրջիկների նախկին հսկա հոսքը: Եվ վկայակոչելով Փարաքարում եւ Աբովյանի մերձակայքում գործող խաղատների նախադեպը՝ հույս հայտնեց, թե Դիլիջանում, Ծաղկաձորում, Ջերմուկում եւ Սեւանում էլ կազինոներն արտոնելը կունենա նույն ազդեցությունը՝ զգալի աշխատատեղեր կբացվեն, բյուջեն կհամալրվի եւ այլն: Համահունչ տեսակետ հայտնեց նաեւ կառավարության ներկայացուցիչը՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը, որի հատուկենտ վերապահումներից մեկն այն էր, թե խաղատները չպիտի թույլատրվեն մանկական նշանակության առողջարաններում: Կարծես մնացածներում չեն հանգստանում երեխաներ:

Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք առողջարանային «խամրած» քաղաքների նախկին փայլը վերականգնելու եւ զբոսաշրջիկներ գրավելու միակ ձեւը կազինոնե՞րն են. «Ո՛չ, միակ ձեւը չեն, իհարկե: Բայց Արգավանդի ճանապարհի փայլը տեսնում եք, չէ՞: Իսկ Ջերմուկը, Դիլիջանը եւ Ծաղկաձորը, որոնք զբոսաշրջային հսկայական ներուժ էին պարունակում իրենց մեջ՝ այսօր մեռնում են»: Հարց ուղղեցինք նաեւ, թե որքան աշխատատեղեր հույս ունեն բացել այս միջոցով՝ չէ՞ որ ամեն խաղատնում աշխատում են՝ լավագույն դեպքում հազիվ 10 հոգի: «Մենք նկատի չունեինք զուտ խաղատունը,- պատասխանեց տիկին Հերմինեն:- Նկատի ունեինք զբոսաշրջային այն ինֆրակառուցվածքը, որն իր հետ ունենալու է խաղատունը՝ հասարակական սննդի օբյեկտ, հանգստի վայր: Զուտ կազինո զարգացնելը մեր խնդիրը չէ»: Այնուամենայնիվ, ընդունելով խաղատների բացասական ազդեցությունը՝ ընդգծեց դրանցից օգտակարը քաղելու անհրաժեշտության մասին. «Դա նաեւ ներդրումների հսկայական միջոց է, որոնցից մենք զրկում ենք մեր քաղաքները»: Նկատենք, որ նույն հիմնավորումներով կարելի է արտոնել նաեւ հասարակաց տները, որոնք նույնպես ապահովում են աշխատատեղեր ու ներդրումներ:

Հիշարժան է նաեւ, թե պատգամավորներն ինչպես արձագանքեցին այս նախաձեռնությանը: Բացի ՄԱԿ-ից, որի ներկայացուցիչ Գրիգոր Ղոնջեյանը հայտարարեց, թե սկզբունքորեն դեմ են խաղատնային գործունեության զարգացմանը, ուստի կա՛մ չեն քվեարկի, կա՛մ կքվեարկեն դեմ՝ քննարկման մնացած մասնակիցները սկսեցին փորձել համալրել այդ ցանկը եւ այնտեղ ներառել, ասենք, Վանաձորն ու Գյումրին: ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հիմնավորելու համար անգամ վիճակագրական տվյալներ մեջբերեց, թե «գործազրկությունը Գյումրիում հասել է 70 տոկոսի»: Կա՛մ մեր պատգամավորներն իրոք քաղաքների եւ բիզնեսի զարգացման միակ գործոնը համարում են կազինոները, կա՛մ էլ ուղղակի ալարում են մի քանի լիտր բենզին ծախսել՝ քաղաքից դուրս հասնելու եւ խաղամոլական իրենց կրքերին հագուրդ տալու համար:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել