Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաղաղ կարգավորման հույսերով

Մայիս 11,2004 00:00

Խաղաղ կարգավորման հույսերով Ըստ ԵՄԱ դիտարկումների, ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը կողմ են բոլորը, բայց՝ յուրաքանչյուրը յուրովի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները գնահատելու նպատակով՝ Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբները Բաց հասարակության հիմնադրամի աջակցությամբ 2001-2003թթ. անցկացրել են սոցիոլոգիական հետազոտություններ եւ ԶԼՄ-ների մոնիտորինգ: Արդյունքում, հերթական անգամ ձեւակերպվել է հայտնի ճշմարտությունը. հայկական եւ ադրբեջանական կողմերի հայացքներն ու մոտեցումները հիմնականում հակադիր են, սակայն կա ցանկություն՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթաց տեսնելու առումով: Երեկ ԵՄԱ-ն ներկայացրեց սոցհարցումներն ու մոնիտորինգն ամփոփող ժողովածուն՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները»: Հայաստանյան ԶԼՄ-ների մոնիտորինգն իրականացնող Էլինա Պողոսբեկյանը նկատեց, որ հայկական ԶԼՄ-ները, ի տարբերություն ադրբեջանականի, հիմնականում զուսպ են եղել եւ հակաադրբեջանական հիստերիա չեն ծավալել: Իրավիճակը որոշ չափով փոփոխություն է կրել մարտ ամսին՝ Բուդապեշտում հայ սպայի դաժան սպանությունից հետո: Այդ ողբերգական միջադեպից հետո Հայաստանյան ԶԼՄ-ներում եւս հայտնվել են անզուսպ դիրքորոշումներ: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը տեղեկացրեց, որ հայաստանյան կողմից սոցհարցմանը մասնակցել են ղարաբաղյան հարցի կարգավորմանը հաճախակի անդրադարձող լրագրողներ, քաղաքական գործիչներ եւ ղարաբաղյան հարցով մինչեւ օրս ակտիվ կերպով զբաղված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդ որում, քաղաքական գործիչները հավասարապես ներկայացրել են եւ իշխանամետ ճամբարը, եւ՝ ընդդիմադիր: Հարցմանը մասնակցել են Հայաստանից՝ 15, Ադրբեջանից՝ 15, եւ Ղարաբաղից՝ 5 փորձագետ: Էլինա Պողոսբեկյանը նշեց նաեւ, որ ներկայումս իրականացվում է եւս մի մոնիտորինգ: Այս անգամ, դիտարկվում են ադրբեջանական, հայկական եւ թուրքական ԶԼՄ-ները, քանի որ թեման տարածաշրջանային կապերն են: 2001 թվականից իրականացվող այս մոնիտորինգի վերջնական արդյունքները հայտնի կդառնան եւ կհրապարակվեն 2004-ի վերջին, սակայն առայժմ նկատելի է մի բան. հայերն ու ադրբեջանցիներն ավելի հաճախ են անդրադառնում իրենց եւ Թուրքիայի կապերին, քան թուրքերը: Թուրքական ԶԼՄ-ները խոր անտարբերություն են ցուցաբերում հայ-թուրքական կամ թուրք-ադրբեջանական կապերի հանդեպ, անդրադառնալով դրանց միայն օպերատիվ տեղեկատվության շրջանակներում: Բորիս Նավասարդյանը նկատեց, որ առանց տարածաշրջանային համագործակցության եւ նորմալ հարաբերությունների դժվար կլինի այս երկրներից յուրաքանչյուրի ինտեգրումը եվրոպական կառույցներին: Իսկ այդ ինտեգրմանը ձգտում է Կովկասի երեք երկրներից յուրաքանչյուրը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել