Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԵՊԻ ԲԱՆԱԿ՝ ՄԱՆՐ ՕՂԱԿՆԵՐՈՎ

Մայիս 11,2004 00:00

ԴԵՊԻ ԲԱՆԱԿ՝ ՄԱՆՐ ՕՂԱԿՆԵՐՈՎ Փետրվարին շրջանառության մեջ մտած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որ մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի դիմորդին զրկում էր տարկետման իրավունքից, Կառավարությունը ԱԺ-ից հետ կանչեց՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի կազմակերպած ակցիաներից հետո: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այն ժամանակ հայտնեց, որ իսկապես որոշումը հապճեպ էր կայացվել, շահագրգիռ կողմերի հետ համապատասխան քննարկումներ չէին եղել, անգամ «դեղին քարտ» ցույց տվեց ԿԳ նախարարին՝ այդքան կարեւոր հարցին ցուցաբերած անտարբերության ու պասիվության համար: Դրանից հետո Սերգո Երիցյանն ակտիվացրեց շփումները ուսխորհուրդների, այսինքն՝ ուսանողության նոմենկլատուրային հատվածի հետ: Նրանց, ում հետ շինջոկատների ստեղծման ու ծառատունկի թեմայից այն կողմ սովորաբար չեն անցնում: Երեկ, այս անգամ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը կլոր սեղան էր հրավիրել՝ տարբեր կարծիքներ ունեցողների հետ քննարկելու եւ հասկանալու, թե ինչու է Կառավարությունն իր վերջերս ընդունած որոշումով վերացրել մագիստրատուրայի վճարովի համակարգը: Խմբի հրավերը չէին ընդունել ո՛չ ԿԳՆ-ն, ո՛չ ՊՆ-ն, ո՛չ էլ կուսակցությունների երիտասարդական թեւի ներկայացուցիչները, որոնք նախորդ հաղթանակը թյուրիմացաբար իրենց էին վերագրում: Եվ այսպես, վերոնշյալ որոշման համաձայն, այս տարի 100 տեղ ավելացվել է մագիստրատուրայի անվճար համակարգում, բայց ընդհանուր առմամբ այդ թիվն այս տարի 180-ով պակաս է: Եթե դրան էլ ավելացնենք, որ այս տարի բուհերն այլեւս հնարավորություն չեն ունենալու մագիստրոսի իրենց թեկնածուներին առաջադրել վճարովի համակարգում սովորելու, ապա թիվը պակասում է նշվածից գրեթե կրկնակի: «Իսկ Սերգո Երիցյանը եթերով հայտարարում է, որ արդյունքում տեղեր չեն կրճատվելու»,- զարմացած էին խմբի անդամները: Վերջիններս հանդիպել են վարչապետին: Եվ նրա հետ քննարկումներից պարզ է դարձել, որ այն, ինչ չհաջողվեց անել փետրվարին՝ «Զինապարտության մասին» օրենքի նախագծով, արվում է քայլ առ քայլ, օղակ առ օղակ՝ այս անգամ հասնելով «18 տարեկանից բանակ տանելուն»: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը հասկանում է, որ 1988-ից հանրապետությունում ծնելիության նվազեցում է գրանցվել, ինչի արդյունքում մենք առաջիկա տարիներին բանակ գնացողների պակաս ենք ունենալու: «Սակայն մագիստրատուրայի վճարովի համակարգն այնքան մեծ թվով զինակոչիկ չի տալիս, որ բանակին օգնի»,- կրկնում են խմբի անդամները: Արարատ Միրզոյանի կարծիքով, «բանակի համալրմանն այս մի քանի հարյուր հոգին չեն օգնի, որովհետեւ 1000-ավորներն էլ խուսափում են բանակից կոռուպցիայի միջոցով եւ միայն թղթով են «ծառայում»: Կառավարության հիշյալ որոշմամբ խախտվում են նաեւ ուսանողների իրավունքները: Այսպես. «Ես ընդունվել եմ ԵՊՀ՝ ծանոթանալով մի կանոնադրության, ըստ որի՝ 4 տարի «4»-ից բարձր գնահատական ունենալու դեպքում մտնում եմ կուրսի լավագույն 30 տոկոսի մեջ եւ կարող եմ սովորել մագիստրատուրայում: 4 տարի սովորել եմ այդ պայմանները պահպանելով եւ հիմա կանգնել եմ փաստի առաջ. իմ ավարտելուց մի ամիս առաջ կառավարությունը որոշում է ընդունում, ըստ որի՝ այն պայմանները, որ իմ առջեւ դրվել են ընդունվելուց առաջ, այլեւս ոչ մի արժեք չունեն»,- ասում է Ա. Մանուկյանը: Ըստ նախաձեռնող խմբի, որոշումը փոխշահավետ գործարք է ՊՆ-ի եւ ԿԳՆ-ի համար: Տեղերի նվազեցման շնորհիվ կմեծանա կոռուպցիայի միջոցով բանակից խուսափողների թիվը, իսկ բուհերում կբարձրանա մագիստրատուրայի քննությունների «ստավկաները»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել