Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թափառող շները՝ սանիտար

Մայիս 11,2004 00:00

Թափառող շները՝ սանիտար Նման գործառույթ են իրականացնում անտուն կենդանիները՝ վարակ տարածելու իրենց հայտնի «գործառույթից» դուրս։ Երեկ Երեւանի փոխքաղաքապետ Արման Սահակյանը, տեղեկացնելով այս մասին, խորհուրդ տվեց չզարմանալ, քանի որ գետնին թափված անպետք սնունդը «սրբելու» նպատակով նույնիսկ քաղաքակիրթ աշխարհում է ընդունված թափառող կենդանիների որոշ քանակ թողնել ազատության մեջ։ Գուցե փոխքաղաքապետը պետք է շների եւ կատուների սանիտարական դերը կապեր քաղաքը առնետներից զերծ պահելու հետ, ոչ թե փողոցների մաքրության պահպանման խնդիրը թաղապետարաններից տեղափոխեր սոված կենդանիների վրա։ Ա. Սահակյանի հաշվարկով, այժմ Երեւանում շուրջ 10 հազար թափառող կենդանի կա։ Դրանցից 500-1000-ը մայրաքաղաքին պետք կգան սանիտարի կարգավիճակով՝ ստերիլիզացնելուց (սերունդ տալու հնարավորությունից զրկելուց) հետո։ Իսկ մնացածին անհրաժեշտ է հավաքել կացարաններում, հիվանդներին էլ ներարկել մահաբեր եւ թաղել։ Այս ծրագիրն այժմ ուսումնասիրման փուլում է։ Այն գրավել է նույնիսկ վարչապետի ուշադրությունը. վերջինս հանձնարարական է տվել՝ լուծելու թափառող կենդանիների խնդիրը քաղաքակիրթ եղանակով։ Եվրախորհրդի՞ պահանջն էր դա, թե՞ վերջապես պետական այրերի գութն է շարժվել՝ դժվար է ասել։ Համենայնդեպս, պատմության մեջ առաջին անգամ պետբյուջեից փողոցային շների սպանության համար տրամադրվող տարեկան 20 մլն դրամը ստանալու համար Պետական գնումների գործակալության մայիսի 31-ին հայտարարած մրցույթին կներկայացվեն միայն շներին կացարաններում հավաքելու եւ պահելու ծրագրեր։ Մինչ այս ոչնչացման գործընթացն իրականացնում էր «Դամիակ» ՍՊԸ-ն, որն, ինչպես պարզվեց, դժգոհ է բյուջեից հատկացվող գումարի չափից։ Ըստ փոխքաղաքապետի, «կացարանային» ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է կառավարության միջամտությունը։ Բնականաբար՝ լրացուցիչ ֆինանսավորման գծով։ Իսկ քաղաքապետարանը պատրաստ է տեղ հատկացնել Շահումյանի գերեզմանոցի մոտակայքում։ Ա. Սահակյանի ասելով, այդ նույն տարածքում կգործի նաեւ շների գերեզմանոց, որի նախադեպը Հայաստանում չկա։ Մեր տվյալներով, ԱՄՆ-ում այժմ նման 640 գերեզմանոց կա, Գերմանիայում՝ 210, Ֆրանսիայում՝ 140։ Մեր քաղաքում լրջացել է նաեւ մարդկանց գերեզմանատեղերի խնդիրը։ Գոյություն ունեցող 18 քաղաքային գերեզմանոցներից 14-ը վաղուց փակ է՝ տեղ չկա, մնացածն էլ շուտով կհասնի ու կանցնի նախատեսված սահմանագիծը։ Այս օրերին Քանաքեռ-Զեյթուն համայնքում (ջրանցքի ափին) նախագծվում է նոր «հանգստարանի» տարածքը։ Մնացած թաղապետարանները դեռեւս տեղի փնտրտուքի մեջ են։ Ի դեպ, թաղապետարանները հասցրել են ձախողել քաղաքապետի մի ծրագիրը՝ «մինի» շուկաների հետ կապված։ Երեկ պարզվեց, որ մինչ օրս փոքրածավալ շուկաների համար նրանց առանձնացրած եւ քաղաքապետին ներկայացրած տեղերը բանի պետք չեն։ Ինչպես Ա. Սահակյանն ասաց, թաղապետերն ընտրել են հիմնականում բակային փակ տարածքներ, որոնք կտրված են փողոցի երթեւեկից եւ առաջացրել են հարակից շենքերի բնակիչների դժգոհությունը։ Քաղաքապետը կարգադրել է վերանայել տարածքները։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել