Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՆՐԱՆՔ ԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ ԵՆ»

Մայիս 11,2004 00:00

«ՆՐԱՆՔ ԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ ԵՆ» Ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ «Հանրապետություն» կուսակցության կալանավորված անդամների մասին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մի առիթով արդեն դժգոհել էր, որ «լրագրողների ծեծվելու փաստն ավելի բարձր դրվեց», քան պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ պատահածը. «Ոչ մեկն այսօր այդ մասին չի խոսում, բոլորը խոսում են միայն լրագրողների մասին: Մինչդեռ սա ավելի քննարկելի խնդիր է, քան լրագրողների ծեծը: Եկեք խոսենք, ինչո՞ւ ենք լռել… Ստացվում է՝ մարդն իր կենսագրությունը պետք է կերտի, բայց հետո՝ ինչ-որ պահի, հաշվի չպետք է նստեն նրա կենսագրության հետ»: Հավելել էր, թե ինքը Վաղարշակ Հարությունյանի հետ կռվել է նույն դաշտում եւ ընկերական լավ հարաբերություններ ունի, ավելին՝ «Այդ տղերքի մեծ մասն ինձ ոչ միայն ընկեր են, այլ նաեւ ախպեր են: Ես ավելի մտահոգ եմ այդ հարցում»: Խոստացել էր, թե պիտի փորձի գտնել այս խնդրի լուծումը: Հետաքրքրվեցինք՝ քանի որ իշխանության ներկայացուցիչ է, առավել մեծ հնարավորություններ պիտի ունենար պարզելու, թե իր ընկեր Վաղարշակ Հարությունյանի որոշակի ի՞նչ գործողություններ են դրվել մեղադրանքի հիմքում, մանավանդ երբ բոլորն են շեշտում, որ պաշտպանության նախկին նախարարը ո՛չ հրապարակային ելույթներ էր ունենում, ո՛չ առանձնակի ակտիվ գործունեություն ծավալում: Ի պատասխան, Գալուստ Սահակյանը կրկնեց հրապարակված միակ տեղեկությունը, թե Վաղարշակ Հարությունյանը մեղադրվում է իշխանության յուրացման փորձի եւ բռնությամբ իշխանությունը զավթելու կոչերի մեջ. «Մեզ ներկայացնում են, թե իրենք ունեն հիմքեր ու փաստեր: Այնպես որ՝ վեճ չենք կարող սկսել լիազորված մարմնի հետ: Սակայն ուշադիր ենք, եւ եթե նույնիսկ որեւէ փոփոխություն չլինի այս ընթացքում՝ վերջին հաշվով՝ դատական գործընթացում ի հայտ կգա ամեն ինչ: Իսկ իմ վերաբերմունքը Վաղարշակ Հարությունյանի նկատմամբ չի կարող փոխվել»: Փորձեցինք նաեւ պարզել՝ իր համար հստա՞կ է, թե ինչու են դատարանները հետեւողականորեն մերժում Վաղարշակ Հարությունյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները: Մի՞թե նա առիթ է տվել կասկածելու, թե կարող է թաքնվել քննությունից, կամ որեւէ կերպ խոչընդոտել այն: «Հատվածաբար պետք չէ նայել այս հարցերին,- այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավարն այն առաջարկին, թե գուցե երաշխավորությո՞ւն ներկայացնի դատարան:- Իմ գործը համարում եմ ոչ թե մեկ առ մեկ անդրադառնալը կալանավորվածներին, այլ ավելի ընդհանուր եմ դիտարկում խնդիրը»: Գալուստ Սահակյանը լուծումը տեսնում էր ընդդիմության հետ երկխոսության շրջանակում. «Սակայն բանակցություններում նրանցից այս պատասխանն եմ ստանում, թե մեր տղաներն են, կնստեն, մենք պիտի շարունակենք: Մինչդեռ բազմիցս ասել ենք, որ երկխոսության, իրադրության փոփոխման պայմաններում խոսքը կարող է վերաբերել ոչ միայն Վաղարշակ Հարությունյանին, Սուրեն Սուրենյանցին կամ Արամազդ Զաքարյանին, այլ կալանավորված բոլոր անձանց: Հնարավոր եմ համարում, որ քաղաքական մթնոլորտի շիկացման թուլացման պայմաններում լուծենք այդ բոլոր խնդիրները»: Արդյոք իր այս շեշտադրումներն էլ հաստատո՞ւմը չեն, թե կալանավորված այդ գործիչներն իրոք պատանդների դեր են կատարում ընդդիմություն-իշխանություն երկխոսության բանակցություններում, եւ նրանց ազատման դիմաց պարտադրվում են ինչ-ինչ զիջումներ: Հարցադրմանն ի պատասխան՝ պրն Սահակյանն ասաց. «Ինչպես այդ ամբողջ շարժը կատարվեց՝ ժողովրդին տարան, դարձրին օրենքի թիրախ՝ նույն գործընթացն էլ վերաբերում է նաեւ կալանավորվածներին: Նրանք ընդամենը օրենքին թիրախ դարձածներ են: Եվ երկխոսության պայմաններում լուծվելու են այդ բոլոր խնդիրները»: Այսինքն՝ նա է՞լ է կողմնակից, որ օրենքները գործեն ըստ քաղաքական նպատակահարմարության: Այլապես պիտի պնդեր, որ եթե Վաղարշակ Հարությունյանը եւ այլք հանցանք են կատարել՝ անկախ բանակցությունների ելքից՝ պատժվեն, իսկ եթե ոչ՝ պատասխանատվության ենթարկվեն նրանց անհիմն ազատազրկողները: «Եթե խնդիրը վերաբերում է քրեական հանցագործությանը՝ այլ բան է,- ի պատասխան ասաց Գալուստ Սահակյանը:- Բայց ընդդիմությունն անընդհատ պնդում է, թե նրանք քաղբանտարկյալներ են ու ենթարկվում են քաղաքական հետապնդման: Իսկ եթե խնդիրն այդպիսին է՝ այն պիտի լուծվի քաղաքական դաշտում»: Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը մի ուշագրավ դիտարկում էլ հայտնեց. «Ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչպե՞ս եղավ, որ հիմնականում կալանավորվեցին այն տղաները, որոնք ընդգրկված են «Հանրապետություն» կուսակցությունում: Համարում եմ, որ հետամուտ լինելու կամ ոգեղեն գործին մոտենալու խնդիր են ունեցել տղաները»: Թե ինչ էր ուզում ասել պրն Սահակյանն իր մանվածապատ եւ ուրույն հայերենով՝ չենք փորձի մեկնաբանել: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել