Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՎՈԿԱԼԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Մայիս 11,2004 00:00

Ոսկե գավաթներ «տոտալիտար» Կորեայից

Օրերս Հյուսիսային Կորեայում անցկացված «Ապրիլյան գարուն» միջազգային մրցույթ-փառատոնից հաղթանակած վերադարձան հայկական վոկալ դպրոցը ներկայացնող հինգ ներկայացուցիչները։ Կորեական փառատոնի մասին տեղեկացրեց մրցույթի մասնակիցներից Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Սուրեն Մկրտչյանը։

– Հայկական վոկալ դպրոցը ովքե՞ր եւ ինչպե՞ս ներկայացրին մրցույթում։

– Հյուսիսային Կորեայում 23-րդ անգամն էր անցկացվում այս մրցույթը, որին մասնակցում էին 46 երկրների 700 երաժիշտներ։ Նախնական լսումների արդյունքում Հայաստանից մրցույթին մասնակցելու իրավունք էին ստացել Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Արմենուհի Սեյրանյանը, Տիգրան Դավթյանը եւ Երեւանի պետկոնսերվատորիայի դասախոսներ Լուսինե Ազարյանն ու Հրանտ Խաչիկյանը։ Ինչ վերաբերում է «ինչպես ներկայացվեց» հարցին, կարծում եմ, արդյունքներն ավելի քան խոսուն են։ Այսպես. Արմենուհի Սեյրանյանն ու Լուսինե Ազարյանը դարձան ոսկե գավաթակիրներ, իսկ Տիգրան Դավթյանը, Հրանտ Խաչիկյանն ու ես՝ արծաթե։

– Ասում են՝ նույնիսկ երգիչներիդ ուղեկցող պաշտոնյային էլ է հասել մրցանակ։

– Այո։ Սա աննախադեպ երեւույթ էր։ Հիացած հայ երգիչների ելույթներով, որն, անկասկած, խոսում է հայկական վոկալ դպրոցի մասին, ՀՀ արտգործնախարարության խորհրդական Գուրգեն Հովհաննիսյանին, որպես Հայաստանը ներկայացնող պաշտոնյա, պարգեւատրեցին ոսկե գավաթով։

– Ասում են նաեւ, որ տոտալիտար ռեժիմով ապրող Հյուսիսային Կորեան «եռում» է մշակութային կյանքով։

– Տեղեկացնեմ, որ այնտեղ գործում են 1000- 3000 հանդիսականի համար նախատեսված դահլիճներ՝ զինված տեխնիկայի վերջին ճիչով, 1400 տեղով ֆանտաստիկ կրկես։ Յուրաքանչյուր թատրոն ունի իր նվագախումբը։ Նշեմ, որ այդ երկիրը հարուստ է սիմֆոնիկ (այդ թվում՝ մանկական) ու փողային նվագախմբերով։ Իսկ վերջիններիս արտիստներին երկիրն ապահովում է ճանաչված ֆիրմաների երաժշտական գործիքներով։ Բավական է ասել, որ երաժշտական դպրոցներում մեր հանդիպած ամենաէժան դաշնամուրը «Յամահա» ֆիրմայի էր։

– Ձեր ասածներից կարելի՞ է ենթադրել, որ երաժիշտները ապահով են ապրում՝ տնտեսական, սոցիալական, ստեղծագործական առումներով։

– Դժվար է միանշանակ պատասխանել։ Նկատեցինք, որ մարդկանց աչքերը թախծոտ էին։ Իմ այս դիտարկման առնչությամբ թարգմանիչն ասաց, որ նրանք թախծում են իրենց նախկին առաջնորդի՝ հանգուցյալ Կիմ Իր Սենի համար։ Պատասխանը, գոնե ինձ համար, համոզիչ չհնչեց։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել