Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաղաղ կարգավորման հույսերով

Մայիս 11,2004 00:00

Ըստ ԵՄԱ դիտարկումների, ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը կողմ են բոլորը, բայց՝ յուրաքանչյուրը յուրովի

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները գնահատելու նպատակով՝ Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբները Բաց հասարակության հիմնադրամի աջակցությամբ 2001-2003թթ. անցկացրել են սոցիոլոգիական հետազոտություններ եւ ԶԼՄ-ների մոնիտորինգ:

Արդյունքում, հերթական անգամ ձեւակերպվել է հայտնի ճշմարտությունը. հայկական եւ ադրբեջանական կողմերի հայացքներն ու մոտեցումները հիմնականում հակադիր են, սակայն կա ցանկություն՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթաց տեսնելու առումով:

Երեկ ԵՄԱ-ն ներկայացրեց սոցհարցումներն ու մոնիտորինգն ամփոփող ժողովածուն՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները»:

Հայաստանյան ԶԼՄ-ների մոնիտորինգն իրականացնող Էլինա Պողոսբեկյանը նկատեց, որ հայկական ԶԼՄ-ները, ի տարբերություն ադրբեջանականի, հիմնականում զուսպ են եղել եւ հակաադրբեջանական հիստերիա չեն ծավալել: Իրավիճակը որոշ չափով փոփոխություն է կրել մարտ ամսին՝ Բուդապեշտում հայ սպայի դաժան սպանությունից հետո: Այդ ողբերգական միջադեպից հետո Հայաստանյան ԶԼՄ-ներում եւս հայտնվել են անզուսպ դիրքորոշումներ:

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը տեղեկացրեց, որ հայաստանյան կողմից սոցհարցմանը մասնակցել են ղարաբաղյան հարցի կարգավորմանը հաճախակի անդրադարձող լրագրողներ, քաղաքական գործիչներ եւ ղարաբաղյան հարցով մինչեւ օրս ակտիվ կերպով զբաղված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդ որում, քաղաքական գործիչները հավասարապես ներկայացրել են եւ իշխանամետ ճամբարը, եւ՝ ընդդիմադիր: Հարցմանը մասնակցել են Հայաստանից՝ 15, Ադրբեջանից՝ 15, եւ Ղարաբաղից՝ 5 փորձագետ:

Էլինա Պողոսբեկյանը նշեց նաեւ, որ ներկայումս իրականացվում է եւս մի մոնիտորինգ: Այս անգամ, դիտարկվում են ադրբեջանական, հայկական եւ թուրքական ԶԼՄ-ները, քանի որ թեման տարածաշրջանային կապերն են: 2001 թվականից իրականացվող այս մոնիտորինգի վերջնական արդյունքները հայտնի կդառնան եւ կհրապարակվեն 2004-ի վերջին, սակայն առայժմ նկատելի է մի բան. հայերն ու ադրբեջանցիներն ավելի հաճախ են անդրադառնում իրենց եւ Թուրքիայի կապերին, քան թուրքերը: Թուրքական ԶԼՄ-ները խոր անտարբերություն են ցուցաբերում հայ-թուրքական կամ թուրք-ադրբեջանական կապերի հանդեպ, անդրադառնալով դրանց միայն օպերատիվ տեղեկատվության շրջանակներում:

Բորիս Նավասարդյանը նկատեց, որ առանց տարածաշրջանային համագործակցության եւ նորմալ հարաբերությունների դժվար կլինի այս երկրներից յուրաքանչյուրի ինտեգրումը եվրոպական կառույցներին: Իսկ այդ ինտեգրմանը ձգտում է Կովկասի երեք երկրներից յուրաքանչյուրը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել